HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Լարսը փակ է անորոշ ժամանակով. արտահանողները կառավարության աջակցությունն են ակնկալում

«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-hունիսի 26-ից հայտարարում են հայկական, վրացական ու ռուսական կողմի պաշտոնական կառույցները։

Պտուղ-բանջարեղենի, հատկապես՝ ծիրանի արտահանման այս թեժ սեզոնին սա ամենավատ լուրերից մեկն է, որ ստացել են հայ արտահանողները։ Ընդ որում ՝ Լարսը փակ է դեռևս անորոշ ժամանակով։ 

Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի հետեւանքով ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ 

«Ոչ ոք դեռ չգիտի, թե բեռնատարները որքան ժամանակ ստիպված կլինեն սպասել։ Տուժում են և՛ գյուղացիները, և՛ արտահանողները, և՛ բեռնափոխադրողները»,- ասում է «Սպիննակեր գրուպ» բեռնափոխադրող ընկերության  համահիմնադիր, «Մանթաշյանց գործարարների միության» անդամ Նորայր Գևորգյանը։ 

Ընկերության երկու բեռնատարները՝ ծիրանով բեռնված, այս պահին Վրաստանում են, սակայն Լարսի փակ լինելու պատճառով դեռևս անորոշ ժամանակ պետք է կանգնած մնան։ Պտուղ-բանջարեղենի պարագայում յուրաքանչյուր ժամը կարևոր է՝ հարկավոր է ժամանակին տեղ հասցնել և իրացնել, քանի դեռ չի փչացել։ Սակայն, նման իրավիճակներում  արտահանողներին մնում է միայն սպասել։  

«Արտահանվող ծիրանը, սովորաբար, մի քիչ չհասած են քաղում՝ կանաչադեղնավուն վիճակում։ Սառնարանային պայմաններում դա մինչև 15 օր կարող է մնալ։ Բայց հետո իրացնելն է ավելի կարևոր։ Երբ այն շուկա է տարվում, ջերմաստիճանի տատանում է լինում, ապրանքի կյանքը կրճատվում է։ Արդեն պետք է առավելագույնը 5 օրում հասցնել իրացնել։ Մեր փոխադրած ծիրանը մեր ապրանքը չէ։ Երբ ապրանքի տերը տանում է շուկա, շատ դժվար է մեկ օրում այն իրացնել, սովորաբար, օրական 1-2 տոննան են իրացնում»,- ասում է Նորայր Գևորգյանը։

Ռուսական և վրաստանյան մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե քանի օր Լարսը փակ մնա։ Խոսվում է 5-20 օրվա մասին։ «Սպիննակեր գրուպ»-ի վարորդներին ևս տեղում հստակ պատասխան չեն տվել, քանի որ վրացական կողմից մինչև այս պահը որևէ պաշտոնական հայտարարություն չկա ժամկետների վերաբերյալ։ 

Արմավիրի մարզի Շենավան գյուղում ֆերմեր Ստյոպա Դավթյանը ծիրանի այգիներ ունի, որից այս տարի շուրջ 80 տոննա բերք է ակնկալում։ Դրա մոտ 20%-ն արդեն հավաքել և ուղարկել են արտահանման՝ բեռնափոխադրող ընկերության միջոցով, մյուս մասը դեռ չեն հավաքել։ Լարսի փակ լինելու մասին լուրը ֆերմերին խիստ մտահոգել է։ 

«Եթե ճանապարհները գոնե 10-15 օրում չբացվեն, մենք ստիպված ենք լինելու տեղում ծիրանն այնքան ցածր գնով վաճառել, որ անգամ աշխատողների՝ հավաքողների գումարը չի փակի դա»,- ասում է ֆերմերը։

Ըստ նրա՝ այս տարի ծիրանի բերքից գոհ են, և եթե Լարսի այս խնդիրը չծագեր, տարին բարենպաստ կհամարեին։

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Ստեղծված իրավիճակում, երբ ճանապարհը փակվել է բնության «քմահաճույքով», մեղավորներ փնտրելը կամ որևէ մեկից վնասի փոխհատուցում պահանջելն անիմաստ է։ «Ոչ բեռնափոխադրողների, ոչ էլ ապրանքի տերերի մեղավորությունը չկա»,- ասում է Նորայր Գևորգյանը։

Ըստ նրա՝ կառավարությունն էլ չի կարող կարճ ժակետներում Լարսին այլընտրանք գտնել։ Անհնար է արագ կազմակերպել և ամբողջ պտուղ-բանջարեղենը արտահանել այլ եղանակով՝ ինքնաթիռով կամ նավով։ 

«Որպեսզի ամբողջ ծիրանն արտահանեն, մոտ 200 ինքնաթիռի, 10 նավի բերք կա, չեն կարող դա կարճ ժամանակում կազմակերպել։ Ով որքան կարողացավ իրացնել Հայաստանում, դա է լինելու ելքը։ Տեսանելի ապագայում Լարսին այլընտրանք չկա, նավն էլ չի լինում»,- ասում է բեռանփոխադրող ընկերության ղեկավարը։ 

Միակ բանը, որ կարող է անել կառավարությունը, ըստ նրա, գյուղացիներին սուբսիդավորելն է։ 

Ֆերմեր Ստյոպա Դավթյանի կարծիքով, եթե Լարսի ճանապարհը չբացվի, գյուղացիներն, այսպես թե այնպես, տուժելու են։ Կառավարության սուբսիդավորումը միայն որոշակի աջակցություն կլինի։

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Լարսի ճանապարհների պարբերաբար փակումը արտահանողների միակ խնդիրը չէ։ Մինչ այդ էլ բոլոր այն արտահանողները, որոնք դոլարային պայմանագրեր ունեին և ունեն դրսի շուկաների հետ, վնասներ են կրել դոլարի էժանացման հետևանքով։

Այսօրվա դրությամբ (հունիսի 27), տարեսկզբի համեմատ դոլարը դրամի նկատմամբ շուրջ 15%-ով էժանացել է, իսկ մարտի կեսերի համեմատ, երբ դոլարը հատեց 500 դրամի «հոգեբանական շեմը», այսօրվա արժեզրկումը 20%-ի սահմաններում է։ Սրան զուգահեռ, նվազել են արտահանողների եկամուտները, որոնք արտահանված ապրանքի դիմաց ստացված դոլարը փոխանակելիս արդեն ավելի քիչ դրամ են ստանում։ Որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել արտահանումը, ոմանք էլ ստիպված են շարունակել կատարել դեռևս ամիսներ առաջ կնքված պայմանագրերով պարտավորությունները։

 

«Մանթաշյանց» գործարարների միությունը (180 խոշոր և միջին գործարար), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (մոտ 100 ՏՏ ընկերություն), «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն ու «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ-ն (հարթակ, որը միավորում է մոտ 8000 անդամ) օրեր առաջ բաց նամակ են հղել Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանն ու Ֆինանսների նախարարությանը։

Գործարարները կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժևորումը դադարեցնելու և դրամը տարեսկզբյան փոխարժեքին մոտ վերականգնելու համար կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել՝ արտահանողներին դոլարի արժևորման փոխարժեքին համապատասխան փոխհատուցում հատկացնելու համար։ Նամակում նրանք նկարագրել են այն վնասները, որոնք այս օրերին ստանում են արտահանողները։ Մասնավորապես, գյուղմթերքի մասով նշվում է. «Գյուղմթերք արտահանող բազմաթիվ ընկերություններ այժմ երկու ճանապարհ ունեն. կամ պետք է բարձրացնեն իրենց ապրանքների գները և երկարաժամկետ հատվածում դուրս մնան մրցակցությունից, կամ էլ պետք է փորձեն գյուղացիներից կամ փոքր ֆերմերային տնտեսություններից ավելի մատչելի մթերել գյուղմթերքը, ինչը կարող է հանգեցնել դժգոհության կամ անիրատեսական լինել»։

Կենտրոնական բանկից այս հարցի շուրջ արդեն դիրքորոշում հնչել է։ Գլխավոր դրամատունը դեմ է դրամն արհեստականորեն արժեզրկելուն՝ համարելով, որ այն կհանգեցնի գնաճի նոր ալիքի։  Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Մարտին Գալստյանը։  

Իսկ թե դրամի արժեզրկման ու Լարսի փակ լինելու հետևանքով արտահանողների վնասների մասին ինչ են մտածում Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններում՝ առաջիկայում կտեղեկանանք մեր գրավոր հարցումների պատասխաններից։

«Եթե ՀՀ կառավարությունը ձախողի գյուղմթերքի արտահանումը, ապա չի կարողանալու ապահովել 2022 թվականի համար տնտեսական աճի ցուցանիշը»,- կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ըստ նրա՝ կառավարությունը հրատապ պետք է բանակցություններ սկսի տարածաշրջանի բոլոր երկրների հետ Լարսին այլընտրանքային ժամանակավոր ճանապարհ բացելու ուղղությամբ։

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է  վրաց-ռուսական սահմանով՝ Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետով, հայ բեռնափոխադրողները պարբերաբար հանդիպող խոչընդոտներով են հաղթահարում։ Երբեմն բեռնատարները ստիպված են լինում օրերով հերթ կանգնել անցակետում։

Հայաստանից Ռուսաստան ցամաքային ճանապարհի այլ ուղիներ գտնելու, Վերին Լարսին այլընտրանք ստեղծելու կարևորության մասին խոսել ու խոսում են Հայաստանի բոլոր կառավարությունները։ Սակայն, տեսանելի արդյունավետ ծրագրեր առայժմ կյանքի չեն կոչվել։

Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է. առաջին տեղում է ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման գծով։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 24.5%-ով։  

Իսկ Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 մլրդ 782 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 19.2%-ով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter