HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարի էժանացումը հարվածել է արտահանողներին

Տարեսկզբի համեմատ դոլարը դրամի նկատմամբ շուրջ 10%-ով էժանացել է, իսկ մարտի կեսերի համեմատ, երբ դոլարը հատեց 500 դրամի «հոգեբանական շեմը», այսօրվա արժեզրկումը 18%-ի սահմաններում է։ Սրան զուգահեռ պակասել են արտահանողների եկամուտները, որոնք արտահանված ապրանքի դիմաց ստացված դոլարը փոխանակելիս արդեն ավելի քիչ դրամ են ստանում։ Որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել արտահանումները, ոմանք էլ ստիպված են շարունակել կատարել դեռևս ամիսներ առաջ կնքված պայմանագրերով պարտավորությունները։ 

Գինու արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող «Մարան» ընկերությունը փաստի առաջ է կանգնել. արտահանումները իրականացնում է մեծ մասամբ դոլարով և եթե այս տարվա սկզբին իրենց բիզնեսը պլանավորել էին՝ դոլարի համար հիմք ընդունելով 480-485 դրամ փոխարժեքը, ապա այսօր այն 410-415 դրամի սահմաններում է։ 

«Մենք ունենք պատվերներ, որոնք ընդունել ենք դեռևս ամիսներ առաջ։ Այդ պատվերների համար կանխավճարներ ենք վերցրել նախկին փոխարժեքով, իսկ հիմա ստացվում է, որ պետք է պատվերները իրականացնենք այսօրվա փոխարժեքով, ինչի հետևանքով բավականին տուժում ենք։ Աննորմալ դրություն է։ Մենք արտահանում ենք ԱՄՆ դոլարով, նույնիսկ՝ դեպի Ռուսաստան մեր արտահանումներն են դոլարային, որովհետև անցած տարի ռուբլին շատ անկայուն էր։ Արտահանում ենք ԱՄՆ, եվրոպական որոշ երկրներ, Ավստրալիա։ Ֆրանսիա եվրոյով ենք արտահանում, որը ևս նույն խնդիրն ունի, որովհետև եվրոն նույնպես բավականին իջել է»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է «Մարան» ընկերության ներկայացուցիչ Ֆրունզ Հարությունյանը։ 

Ընկերությունում դեռևս որոշում չունեն՝ ինչպես վարվել այս իրավիճակում, քննակում են մի քանի տարբերակներ։ Դրանցից մեկը պարզապես արտահանումների ու նոր պատվերներ ընդունելու ընթացքը դանդաղեցնելն է։ Սակայն այդ տարբերակը չի կարող աշխատել արդեն իսկ ընդունված պատվերների դեպքում։ Բոլոր դեպքերում եթե արդեն պայմանագրեր կան, ընկերությունը պարտավոր է կատարել առաքումները։ 

«Իսկ այն պատվերները, որոնք ընդունվել են, բայց դեռևս կանխավճար չենք վերցրել, միգուցե հնարավոր լինի բանակցել այլ արժույթով պայմանավորվել»,- ասում է Ֆրունզ Հարությունյանը։ 

Կենտրոնական բանկի վերջին տվյալներով՝ հունիսի 9-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է մոտ 427 դրամ։ Համեմատության համար՝ տարվա սկզբին այն 480-482 դրամի սահմաններում է եղել։ Մարտին այն շարունակել է բարձրանալ՝ հասնելով 520 դրամի շեմին։

Այս տարվա մայիսի վերջերից դոլարը նկատելիորեն էժանանում է դրամի նկատմամբ։ Դոլարի փոխարժեքի կտրուկ անկում է գրանցվում հունիսի սկզբից։

Ըստ rate.am կայքի՝ հունիսի 10-ին՝ 13:46-ի դրությամբ, բանկերը դոլարը գնում են միջինում 413.53, վաճառում՝ 423.50 դրամով։

«Սպիննակեր գրուպ» բեռնափոխադրող ընկերության եկամուտները գոյանում են ԱՄՆ դոլարով, մինչդեռ ծախսերը՝ ինչպիսիք են աշխատողների աշխատավարձերը և տրանսպորտային վճարները, կատարվում են դրամով։ Դոլարի էժանացման հետևանքով ընկերությունը զգալի տուժում է։ 

«Բեռնափոխադրումների պայմանավորվածությունը դոլարի հիման վրա է։ Եթե նախկինում Երևան-Մոսկվա բեռնափոխադրման դիմաց ստացված 3000 դոլարը 470 դրամ փոխարժեքով էինք հաշվում (կկազմեր 1.410 մլն դրամ), ապա այսօր նույն դոլարը 415-ով է (1.245 մլն դրամ)։ Ես ունեմ ծախսեր, որոնք պետք է դրամով հաշվարկեմ։ Օրինակ՝ եթե բեռնափոխադրման գումարից 700 դոլարը վարորդին եմ վճարում, նախկինում դա կկազմեր 330-350 հազար դրամ, այսօր՝ ընդամենը 280-290 հազար դրամ։ Հիմա ես պետք է դոլարով հաշվարկած իր աշխատավարձը բարձրացնեմ»,- ասում է «Սպիննակեր գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը։ 

Ինչպես այս ընկերությունը, այնպես էլ արտահանման ոլորտում աշխատող բազմաթիվ ընկերություններ այսօր ոչ միայն դոլարի էժանացման հետևանքով են տուժում այլև՝ Լարսի անցակետում առաջացած կուտակումների։ Լարսի խնդիրը տարիներ շարունակ հայ արտահանողների հիմնական ու գլխավոր խոչընդոտներից է։  

«Լարսի պարագայում գոնե գիտենք ինչն է խնդիրը, գիտենք, որ գոնե մի տարի այս իրավիճակն է, կանխատեսելի է։ Բայց  դոլարի մասով որևէ կանխատեսում չկա, ամեն ինչ շատ անորոշ է»,- նկատում է Նորայր Գևորգյանը։ 

Նրանց ընկերությունը դեռևս հին բեռնափոխադրումների համար ստացվելիք գումարներ ունի, որոնք ևս դոլարային են. «Եթե հիմա լինեն այդ վճարումները, էլի տուժում ենք։ Իսկ այն, ինչ ստացել ենք վերջին տասը օրում, ցածր փոխարժեքով ենք մանրել։ Մեր եկամուտների մոտ 50%-ը դոլարով են, 15-20%-ը՝ ռուբլով, մնացածը՝ դրամով»։

Թե ինչու է դոլարը զիջում դիրքերը և տեղ տալիս դրամի ամրապնդմանը, բազմաթիվ վարկածներ ու պատճառներ են շրջանառվում։ Տնտեսագետների շրջանում քննարկվող հիմնական հիմնավորումն այն է, որ Ռուսաստանից ժամանած քաղաքացիներն ու տրանսֆերտների աճը նպաստել են դոլարի քանակի ավելացմանն ու էժանացմանը։ Բնակիչներն իրենց հերթին, մտավախություն ունենալով, որ դոլարը ավելի կէժանանա, շտապում են «մանրել» իրենց ունեցած դոլարն առաջիկա գործարքների համար՝ կրկին ազդելով դրա էժանացման վրա։

Կան նաև վարկածներ, որ փոխարժեքի շուկայում մանիպուլյացիաներ են տեղի ունենում, ու՞մ կողմից և ինչպե՞ս, հայտնի չէ։ 

Կենտրոնական բանկը երբեմն արտարժութային կտրուկ տատանումների ժամանակ միջամտում է՝ դոլարային ինտերվենցիաներ իրականացնելով կամ շուկայից դոլար գնելով։ Սակայն վերջին օրերին գլխավոր դրամատունը գործառնություններ չի իրականացրել և չի հայտարարել դրա մասին։

Նաև հայտնի չէ, թե այս պահին կառավարությունը պատրաստվու՞մ է որևէ կերպ աջակցել արտահանողներին և ի՞նչ լծակներ կարող է օգտագործել դրա համար։

Դոլարի արժեզրկման հետևանքով հայկական ապրանքների մրցունակությունը դրսում նվազում է. ստիպված են թանկացնել ապրանքները

Դոլարի էժանացման հետևանքով վնասներից շատ չտուժելու համար հայ արտահանողները այս տեմպերով շարունակվելու դեպքում ստիպված են լինելու թանկացնել ապրանքների գները, ոմանք արդեն իսկ թանկացրել են։ Սա էլ իր հերթին կարող է բերել արտասահմանում հայկական ապրանքների մրցունակության նվազմանը։ 

Պահածոների արտադրությամբ զբաղվող «Միմաքս Ֆուդ» ընկերությունը նաև արտահանում է, հիմնականում՝ դեպի Ռուսաստան։ Դոլարի էժանացմանը զուգահեռ՝ ընկերությունը ստիպված է եղել բարձրացնել ապրանքի գինը։

«Իհարկե, դրսում մրցունակության խնդիր է առաջանում։ Պարզապես մեր ապրանքի որակական հատկանիշները լավն են, տանում ենք։ Մոտ 10% թանկացման մասին է խոսքը»,- ասում է ընկերության ղեկավար Սերգեյ Մարտիրոսյանը։

Բացի արտահանողներից, դոլարի փոխարժեքի նվազման հետևանքով այսօր տուժում են տնտեսության բազմաթիվ այլ ոլորտներ՝ բոլոր նրանք, ովքեր իրենց եկամուտները հաշվարկում են դոլարով, բայց ծախսերը կատարում են դրամով։ Օրինակ՝ զբոսաշրջային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները։ Դժվարին օրեր են սպասում թարմ պտուղ-բանջարեղեն արտահանողներին, որոնք տուժում են ոչ միայն դոլարի էժանացումից, այլև՝ վտանգ կա, որ Լարսի անցակետում առաջացող կուտակումների արդյունքում ապրանքը կարող է փչանալ։

Ի տարբերություն նրանց՝ դոլարի էժանացումը բնակչության և բիզնեսի որոշ խմբերի համար բարենպաստ է։ Դա վերաբերում է առաջին հերթին ներմուծողներին։ Դոլարով ապրանքներ ձեռք բերելիս նրանք այժմ ավելի քիչ դրամ են ծախսում։ Իսկ թե ինչու այդ դեպքում Հայաստանում ապրանքների գների անկում չի նկատվում, առանձին հոդվածի թեմա է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter