HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ-ն դեմ է դրամն արհեստականորեն արժեզրկելուն, այն կհանգեցնի գնաճի նոր ալիքի 

Միջազգային այցելուների զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսումների աճը նպաստում են Հայաստանում ծառայությունների ճյուղի և ամբողջական պահանջարկի ավելացմանը: Սա հանգեցնում է ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և գնաճային սպասումների աճին: Ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է նաև արժութային շուկայում դրամի արժևորմանը: Այս մասին հունիսի 14-ի ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Գլխավոր դրամատունը կանխատեսում է, որ գնաճի տեմպերը Հայաստանում առաջիկա ամիսներին էապես չեն նվազի  և տարին կփակվի շուրջ 8% գնաճով: Եվ չնայած արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է, սակայն  ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ ( 9.25%)` այն գործիքը, որով գլխավոր դրամատունը կարող է ազդել գնաճի վրա։ 

Հաշվի առնելով տնտեսական ներկա զարգացումները Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4.9%: «Փետրվար-մարտին կանխատեսվում էր, որ տնտեսական աճը կկազմի 1.6%: Կանխատեսվող ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է Հայաստանում միջազգային այցելուների գտնվելու հանգամանքով, ինչպես նաև կարճաժամկետ հատվածում Ռուսաստանի տնտեսության ոչ այնքան վատ դրսևորումներ, որքան որ մենք կանկալում էինք այդ փետրվար-մարտ ամիսներին»,- նշեց Մարտին Գալստյանը։

Կենտրոնական բանկը ակնկալում է, որ տնտեսական աճը հիմնված կլինի արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտներում գրանցվող աճի վրա, որոնց ուղղությամբ կանխատեսումները ևս ավելի դրական են դարձել։ 

Տնտեսական աճին կնպաստեն նաև մասնավոր ծախսերն ու արտահանումը։

ԿԲ-ն դեմ է դրամը արհեստականորեն արժեզրկելուն

Դոլարի էժանացմանը՝ դրամի արժևորմանը զուգահեռ պակասել են հայ արտահանողների եկամուտները, որոնք արտահանված ապրանքի դիմաց ստացված դոլարը փոխանակելիս արդեն ավելի քիչ դրամ են ստանում։ Որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել արտահանումները, ոմանք էլ ստիպված են շարունակել կատարել դեռևս ամիսներ առաջ կնքված պայմանագրերով պարտավորությունները։ 

Խնդրի լուծման առաջարկվող տարբերակներից մեկը դրամի փոխարժեքը արհեստականորեն արժեզրկելն է։ Սակայն, Կենտրոնական բանկը դեմ է այդ տարբերակին։

«Այդ կերպ կստեղծվեր գնաճային նոր՝ ավելի վատ իրավիճակ։ Դա հարվածելու էր Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ներառյալ՝ արտահանողներին։ Եթե հանկարծ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ և դարձավ անկառավարելի է, նույն արտահանող ընկերություններում առաջանալու էին խնդիրներ, որովհետև իրենց աշխատողները «երկրորդ ռաունդով» գալու են և բանակցելու են աշխատավարձերի բարձրացման համար, որին հաջորդելու է պահանաջարկի ևս մեկ «ռաունդ», որի հաջորդելու է ևս մեկ բարձրացում, և այդպես մենք հայտնվելու են մի իրավիճակում, որը մեր  կողմից քաղաքականությունը դարձնելու է դժվար կառավարելի ու արձագանքը տոկոսադրույքի միջոցով լինելու է չափազանց ծանր»,- նշում է Մարտին Գալստյանը։ 

ԿԲ նախագահը ընդգծում է, որ  այս պահին չափազանց կարևոր է կառավարության հետ համատեղ համակարգված քաղաքականություն վարելը, որի շրջանակներում ԿԲ-ն կարողանա զբաղվել գնաճի խնդիրներով, կառավարությունն էլ հասցեական՝ ոլորտային մոտեցում ցուցաբերել այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ դրամի արժևորման արդյունքում։

«Մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարի նկատմամբ որոշակի նվազել է»

Գործընկեր կենտրոնական բանկերն ու մնացած բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են դոլարներ տալիս, որովհետև մտավախություն ունեն, որ այդ դոլարները կարող են փոխանցվել ռուսաստանյան կողմին, Ռուսաստանի քաղաքացիներին, ուստի՝ մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարի նկատմամբ որոշակի նվազել է։  Հայտարարեց Մարտին Գալստյանը՝ պատախանելով հարցին, թե ինչու են բանկերն այսօր սահմանափակում կանխիկ դոլարի տրամադրումը։

Նա նշում է, որ աշխարհի շատ երկրներում միջազգային փոխանցումների պարագայում ընդունված է հաճախորդին գումարը տրամադրել միայն ազգային արժույթով։ Հայաստանում այդպես չի եղել, սակայն ծագած խնդիրների հետևանքով  բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ։

«Ռուսաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ առաջացել է նման դրություն։ Անկանխիկ արտարժույթի շուկայում որևէ խնդիր չկա այս պահի դրությամբ, խնդիրները առաջանում են այն պահին, երբ դրսից փոխանցված անկանխկինը դրսում մնում է անկանխիկ, իսկ այստեղ հաճախորդը ուզում է վերցնել կանխիկ դոլար»,- ընդգծում է ԿԲ նախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter