HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահն ընդունել է Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Այս մասին հայտնում է ԱԺ-ն։

«ԱԺ նախագահը շնորհավորել է վերջինիս Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ: «Ուրախ եմ, որ Հայաստանում Սիրիան ներկայացնում է հայազգի դիվանագետ: Կարծում եմ, որ Ձեր նշանակումը մեր բարեկամ երկրների համար նաեւ խորհրդանշական է, եւ մոտ ապագայում շատ առիթներ կլինեն արդեն գործնական հանդիպումների համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը ցավով է նշել այս տարիների ընթացքում սիրիացի բարեկամ ժողովրդի, այդ թվում՝ սիրիահայ համայնքի զրկանքների մասին: Միեւնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ սիրիացիները, ինչպես եւ հայ ժողովուրդը, կհաղթահարեն երկարատեւ ճգնաժամի ծանր հետեւանքները եւ առաջընթացի փուլ կմտնեն: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Սիրիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու դեսպանի նախաձեռնության համար:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում միջխորհրդարանական համագործակցությանը՝ շեշտելով բարեկամության խմբերի դերակատարումը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը բարի երթ է մաղթել Սիրիայի դեսպանին դիվանագիտական առաքելության գործում՝ հավելելով, որ պատրաստ է աջակցել նրա ցանկացած նախաձեռնությանը՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության զարգացման եւ խորացման»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter