HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում ՌԴ-ն համարվում է գլխավոր սպառնալիք, իսկ Չինաստանը՝ մրցակից

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգին, որտեղ Ռուսաստանն անվանվում է կազմակերպության անվտանգության համար գլխավոր սպառնալիքը։

«Ռուսաստանի Դաշնությունը դաշնակիցների անվտանգության և եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար ամենակարևոր և անմիջական սպառնալիքն է»,- նշվում է հայեցակարգում։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ու Չինաստանի գործընկերությունն անվանել է դաշինքի շահերին և արժեքներին սպառնալիք։

Հյուսիսատլանտյան դաշինքի նոր հայեցակարգի հիմնական թեզերն են.

  • ՆԱՏՕ-ի ընդլայնումն ամրապնդեց Եվրոպայի անվտանգությունը և դարձավ պատմական հաջողություն: «Այն ամրապնդել է դաշինքը, ապահովել Եվրոպայի միլիոնավոր բնակիչների անվտանգությունը և ներդրում ունեցել եվրաատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»,- նշվում է փաստաթղթում։
  • ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում ՌԴ-ի հետ և սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար։
  • Դաշինքը ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները ռիսկերի նվազեցման և էսկալացիայի կանխարգելման համար:
  • ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանության հնարավորությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։
  • Ռազմավարական միջուկային ուժերը, հատկապես ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անվտանգության բարձրագույն երաշխիքն են։
  • ՆԱՏՕ-ն չի կարող Ռուսաստանը դիտարկել որպես գործընկեր, բայց պատրաստ է բաց պահել հաղորդակցության ուղիները։
  • Ռուսաստանի և Չինաստանի գործընկերության խորացումը հակասում է ՆԱՏՕ-ի արժեքներին:
  • ՆԱՏՕ-ն հույս ունի ամրապնդել համագործակցությունը նոր և առկա գործընկերների հետ՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
  • Չինաստանը ձգտում է ձախողել կայացած աշխարհակարգը՝ փոխադրումների և տնտեսության վերահսկողության միջոցով:
  • ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդել երկխոսությունը դաշինքին անդամակցել ձգտող երկրների հետ, զարգացնել գործընկերային կապերը Ուկրաինայի և Վրաստանի հետ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Մադրիդում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կմեծացնի իր ներկայությունն Արևելյան Եվրոպայում։ Գերմանական dpa գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ դաշինքը նախատեսում է իր արագ արձագանքման ուժերի թիվը հասցնել մինչև 300 հազարի։ Արևելյան Եվրոպայի երկրներում ամերիկյան անձնակազմի մեծացման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները Ֆինլանդիային և Շվեդիային պաշտոնապես առաջարկել են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Կողմերը ստորագրել են համապատասխան հուշագիրը։

Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter