HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայանտառը» դատի է տվել Գագիկ Հարությունյանի որդուն առնչվող ընկերությանը

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան՝ ընդդեմ Ջերմուկում անտառների վարձակալ «Ջինջ-Արփա Հիդրո» ՍՊ ընկերության։ ՊՈԱԿ-ը պահանջում է բռնագանձել պայմանագրով նախատեսված վարձավճարի պարտքը տուժանքի հետ միասին և վաղաժամկետ լուծել անտառային հողերի սերվիտուտի պայմանագիրը։

«Ջինջ-Արփա Հիդրո» ՍՊԸ-ն 2017 թ. Ջերմուկի անտառային հողերից վարձակալել էր 1.4 հա տարածք սերվիտուտի համար, որը պետք է գործեր մինչև 2042 թվականը։ Դրա դիմաց սահմանվել էր տարեկան 480 հազար դրամ վարձավճար: 

«Ջինջ-Արփա Հիդրո» ՍՊԸ-ն փոխկապակցված էր «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի հետ, որն արդեն այդ տարածքում հէկեր է շահագործում։ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Տոնոյանը «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի միակ սեփականատերն է: Իսկ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի 80 տոկոսի սեփականատերը Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է՝ Էդուարդ Հարությունյանինը: 20 տոկոսը՝ Նաղաշ Հակոբյանինն է, որը, ինչպես արդեն գրել ենք,  աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում: Իրական սեփականատերերի հայտարարագրում նշված է վերջինիս աշխատավայրը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական, տարածքը՝ Թուրքիա։

«Ջինջ-Արփա Հիդրո» ՍՊԸ-ի հէկը, սակայն, չէր ստացել  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եզրակացությունը, քանի որ հանրային քննարկումներին բնակիչներն իրենց համաձայնությունը չէին տվել: «Հետք»-ը նախորդ տարի գրել է այս հէկի կառուցման ծրագրի մասին: Այս հէկի համար ջուրը պետք է վերցվեր Արփա գետին միացող անանուն վտակից, իսկ հէկի շենքը կառուցվելու էր Ջերմուկի նախկին ձկնաբուծարանների հարակից տարածքում:

Այդուհանդերձ, «Ջինջ-Արփա Հիդրո» ՍՊԸ-ն 2018թ․ մայիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացել է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա, սակայն այն կառուցման փուլում գտնվող ընկերությունների ցանկում է։  

Համաձայն ՀԾԿՀ-ի տվյալների՝ մինչև 2022թ․ մարտի 23-ը ընկերությունը Արփա գետի աջակողմյան անանուն վտակի վրա պետք է կառուցեր «Ջերմուկհիդրո» հէկը։ Այն պետք է ունենար  2710 ԿՎտ հզորություն։

ՀԾԿՀ նշումների համաձայն՝ ընկերությունը դեռևս ներկայացրել է գործարար ծրագրի տեխնիկատնտեսական ցուցանիշները։ Հարուցվել է վարչական վարույթ լիցենզիայի դադարեցման նպատակով։

Որպես հայցի ապահովում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը միջնորդել է «Ջինջ-Արփա Հիդրո» ՍՊԸ-ին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնել, սակայն դատարանն այդ միջնորդությունը մերժել է։ Այս գործով կայացել է միայն նախնական դատական նիստ, իսկ դատաքննություն նշանակվել է սեպտեմբերին։

«Ջինջ-Արփա Հիդրո» ՍՊԸ-ն, սակայն, 2021թ․ մարտից վերանվանվել է «Էներջի հիդրո» ՍՊԸ-ի։ Իսկ նույն տարվա ապրիլից նոր բաժնետեր է հայտնվել՝ Նիկոլայ Վիգենի Օհանյանը։

Թե ինչպես է լուծվելու «Հայանտառի» և ընկերության դատական վեճը, պարզ կդառնա սեպտեմբերի 6-ից, երբ կմեկնարկի դատաքննության փուլը։

Կարդացե՛ք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter