
Սերգեյ Չիչոյանն ու Կարեն Բիշարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորներ
Խորհրդարանը Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ ընտրեց: 67 կողմ ձայն ստացավ Սերգեյ Չիչոյանը, 68 կողմ ձայն՝ Կարեն Բիշարյանը:
Չիչոյանը մինչ այժմ զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, իսկ Բիշարյանը՝ Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը:
Նույն դատարանի թափուր տեղի համար մյուս թեկնածուներին ընտրելիս իշխանությունը ձայները բաժանել էր երկու մասի՝ Ռուբիկ Մխիթարյանին ընտրել էր 29, Արթուր Սարգսյանին՝ 33 պատգամավոր: Այսպիսով՝ երկրորդ փուլն ընթանալու է երկու թեկնածուների միջև:
Երկրորդ փուլում ևս որևէ թեկնածու չընտրվեց, Ռուբիկ Մխիթարյանին կողմ էր քվեարկել 40, Արթուր Սարգսյանին՝ 15 պատգամավոր: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ԲԴԽ-ն տասնօրյա ժամկետում պետք է նոր թեկնածուներ առաջադրի:
Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի դատավորների մի մասը քննելու է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ մյուսը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը։
Մեկնաբանել