HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ն քննարկում է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու նախագծերը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած նախագծերը, որոնցով առաջարկում են ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին հետ կանչել զբաղեցրած պաշտոններից: Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հետ կանչելու նախաձեռնությունը ներկայացրեց ՔՊ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ երրորդ փոխխոսնակը ընտրվում է ընդդիմությունից, քաղաքական մեծամասնությունը կողմ է քվեարկել Սաղաթելյանի թեկնածությանը` հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրությունը:

«Այս որոշումը կայացնելիս ՔՊ-ն առաջնորդվել է խորհրդարանում կառուցողական  մթնոլորտ, ԱԺ բոլոր մարմինների բնականոն ձևավորումը և ըստ այդմ ԱԺ բնականոն գործունեությունը րոպե առաջ ապահովելու նպատակով»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` չնայած Դոնթի բանաձևի համաձայն որոշ պաշտոններ պատկանում են ընդդիմությանը, ինչպես` ԱԺ երրորդ փոխնախագահինը և մի քանի հանձնաժողովների նախագահներինը, սակայն, ըստ նրա, պաշտոնից հետկանչի իրավունք ունեն բոլոր խմբակցությունները հավասարապես, ուստի ՔՊ-ն հանդես է գալիս Իշխան Սաղաթելյանին այդ պաշտոնից հետ կանչելու նախաձեռնությամբ:

Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին, իսկ հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ Սաղաթելյանը 342 քվեարկությունից բացակայել է 198 անգամ, ԱԺ խորհրդի 25 նիստից ներկա է եղել միայն ութին: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` ԱԺ նախագահը, նրա տեղակալները և խմբակցությունների ղեկավարները կարող են չանդամակցել որևէ հանձնաժողովի աշխատանքներին:

Իշխան Սաղաթելյանը և մյուս ընդդիմադիրները նիստին չեն մասնակցում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախաձեռնությունն էլ ներկայացրեց պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

Նրա խոսքով` նստաշրջանի 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, 25 խորհրդի նիստից բացակայել է 20 անգամ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական ու արտահերթ նիստ, հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը 11 նիստում չի նախագահել: Պատգամավորի խոսքով` հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան:

Վարդանյանի ներկայացմամբ` Վահե Հակոբյանին այդ պաշտոնից հետ կանչելով՝ նպատակ են հետապնդում այդ պաշտոնում առաջադրել պատգամավորի, որը կմասնակցի խորհրդի նիստերին և կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի: Վահե Հակոբյանը ևս նիստին չի մասնակցում:

Նշենք, որ նիստին զուգահեռ մի շարք քաղաքացիներ խորհրդարանի դարպասների մոտ ակցիա են իրականացնում` այդ կերպ աջակցելով ընդդիմությանը:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հետ կանչելու և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի լիազորությունների դադարեցման քվեարկությունները լինելու են փակ, գաղտնի:

Երրորդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել 339 քվեարկություն և գրանցում:

Հարգելի բացակայությունների շեմն անցել է 14 պատգամավոր, բոլորն էլ՝ ընդդիմությունից:

Նրանք են՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նշենք, որ Վանեցյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին:

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմության փողոցային պայքարը տապալելը պետք է քաղաքական հետևանք ունենա, և նա ողջունեց Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter