Իշխան Սաղաթելյանն ազատվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Խորհրդարանի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին զրկեց փոխնախագահի պաշտոնից:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի մասնակցել է 66 պատգամավոր, այդքանն էլ կողմ է քվեարկել Սաղաթելյանին պաշտոնից հետ կանչելու նախաձեռնությանը: Ըստ ՔՊ-ի` նման որոշման են հանգել հաշվի առնելով Իշխան Սաղաթելյանի անհարգելի բացակայությունները:
Երկու քվեարկությամբ մերժված և միայն երրորդ քվեարկությամբ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրված Իշխան Սաղաթելյանը և իր մյուս գործընկերները բոյկոտում էին խորհրդարանական աշխատանքը` փողոցային պայքար մղելով «Դիմադրության» շարժման շրջանակներում: Նա և ևս 13 ընդդիմադիր պատգամավոր հատել են հարգելի բացակայությունների շեմը:
ԱԺ նախագահը կարող է անհարգելի բացակայած պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, և խորհրդի հավանությանն արժանանալու դեպքում դիմել Սահմանադրական դատարան:
Այս պահին, ինչպես հայտնել է ԱԺ նախագահը, քաղաքական թիմը նման որոշում չունի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել