
Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Ինտերի» ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի Իտալիայի ուժեղագույն թիմերից մեկի՝ «Ինտերի» կազմում։ Այս մասին հաղորդել է իտալական ակումբի պաշտոնական կայքը, չնայած դեռևս երեկ՝ հուլիսի 1-ին, իտալական Ա սերիայի կայքի տրանսֆերների բաժնում գրանցվել էր հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը Ռոմայից Ինտեր։ Մխիթարյանը Իտալիայի փոխչեմպիոնի կազմը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով և կնքել է երկու տարվա պայմանագիր։
Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխվելու մասին իտալական մամուլը սկսել էր գրել դեռևս մեկ ամիս առաջ, և վերջին օերրի ընթացքում պարբերաբար հաղորդվում էր, որ «Ինտերը» շատ շուտով պաշտոնապես կհայտարարի Մխիթարյանի տրանսֆերի մասին, ինչև և միլանյան ակումբն արեց այսօր՝ հուլիսի 2-ին։
33-ամյա հայ կիսապաշտպանը «Ինտեր» տեղափոխվեց իտալական մեկ այլ ակումբից «Ռոմայից», որտեղ նա անցկացրեց երեք մրցաշարջան՝ սկսած 2019 թվականի սեպտեմբերից։ Հռոմեական թիմի կազմում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 117 հանդիպման՝ դառնալով 29 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
2021/22 մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» հետ դարձավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հաղթող։
Սոցիալական ցանցերի իր էջերում Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով և հրաժեշտ տալով հռոմեական ակումբի անձնակազմին և երկրպագուներին։
«Ես խաղադաշտում և խաղադաշտից դուրս իմ ամբողջը տվեցի «Ռոմային։ Մեծ պատիվ էր խաղալ այս թիմում, և ես երբեք չեմ մոռանա այն հրաշալի պահերը, որը մենք միասին ունեցանք։ Այս ակումբն ու հավերժական քաղաքը ընդմիշտ կմնան իմ սրտում։ Ես սիրում եմ ձեզ, շնորհակալություն Ռոմա՛»,- գրել է հայ ֆուտբոլիստը։
Մեկնաբանել