HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուզբեկստանի խորհրդարանն աջակցել է Կարակալպակստանի ինքնավար կարգավիճակի պահպանման գաղափարին

Ուզբեկստանի խորհրդարանը որոշել է փոփոխություններ անել երկրի սահմանադրության փոփոխությունների նախագծում և պահպանել Կարակալպակստանի ինքնավարության մասին նորմը։ Այդ մասին հայտնում է այդ երկրի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Միրզիյոևը պատգամավորների և Կարակալպակստանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է բոլոր առաջարկները հաշվի առնելու անհրաժեշտությունը։ Այսինքն, ընդգծվել է, որ Ուզբեկստանի Հանրապետության սահմանադրության 70, 71, 72, 74 և 75 հոդվածները առանց փոփոխության կթողնվեն, իսկ գործող նորմերը կպահպանվեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Ուզբեկստանում բողոքի ցույցեր էին սկսվել ընդդեմ սահմանադրության փոփոխությունների, որով Ուզբեկստանի կազմում գտնվող Կարակալպակստանի հանրապետությունը կորցնելու էր իր ինքնավար կարգավիճակը կամ հանրաքվեի ճանապարհով երկրի կազմից դուրս գալու իրավունքը։

Հաջորդ օրն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միզիյոևը հայտարարել էր սահմանադրության մեջ տարածաշրջանի ինքնավարության նորմի պահպանման անհրաժեշտության մասին։ Միրզիյոևի խոսքով՝ Նուկուս քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է մի քանի ուժային և խաղաղ բնակիչ։ Զոհերի հստակ թիվը չէր նշվում։ Ավելի ուշ, Ուզբեկստանի դատախազությունը հայտնել է 18 զոհի մասին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նուկուսում ցուցարարները փորձել են գրավել ոստիկանության ու ազգային գվարդիայի վարչության շենքը։ Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաև Չիմբայում և Մույնակում։ «Սահմանադրության փոփոխությունները դեռևս չեն ընդունվել, այլ միայն ներկայացվել հանրային քննարկման։ Ընդգծում եմ՝ ելնելով մեր քաղաքացիների ցանկություններից, առաջարկություններից և կարծիքներից, այդ նախագիծը կփոփոխվի և կբարելավվի»,- ասել է Միրզիյոևը։

Կարակալպակստանը, նախկինում Կարա-Կալպակական մարզը, Ուզբեկստանի խոշորագույն շրջանն է, որտեղ բնակվում է գրեթե երկու միլիոն մարդ։ Հանրապետությունն իր տարածքով ամենամեծն է Ուզբեկստանի մարզերի շարքում։ Դրան բաժին է հասնում երկրի ընդհանուր տարածքի մոտ 40 %-ը։

1930-1936 թվականներին տարածաշրջանը եղել է ՌԽՍՖՀ կազմում, իսկ ավելի ուշ միացել Ուզբեկական ԽՍՀ-ին։ 1993 թվականին Կարակալպակստանը Ուզբեկստանի հետ կնքել է այդ երկրի կազմ մտնելու 20-ամյա պայմանագիր՝ հանրաքվեի արդյունքներով դրա կազմից դուրս գալու իրավունքով։

Լուսանկարը՝ MaitanovAzamat/Twitter

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter