HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Տեղեկատվության անվտանգության պետական վերահսկողությունը կարող է հետապնդման գործիք դառնալ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կառավարությանը գրություն է ուղարկել՝ առաջարկելով քննարկել ինտերնետով տարածվող տեղեկատվության անվտանգությունն իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը: Այս մասին գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել։ 

Այս նախաձեռնության առնչությամբ հիմնական մտահոգությունն այն է, որ դատախազությունն առաջարկում է վերահսկել ԶԼՄ հրապարակումները, ֆեյսբուքյան օգտատերերի անցանկալի գրառումները՝ կրկնելով Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսկոմնադզոր) գործառույթները, քանի որ դատախազության հաղորդագրությունում նույնպես համեմատություն էր անցկացվում Ռոսկոմնադզորի հետ, որը ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ է ներկայացնում հրապարակման հեղինակին։ 

«Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով սահմանվել է ՌԴ ողջ տարածքում համացանցով արգելված տեղեկատվության ցանկ, որոնցից են  ինքնասպանություն գործելու եղանակների և ինքնասպանության դրդելու մասին տեղեկատվությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի պատրաստման և օգտագործման, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագծի ներգրավելու, վաճառքը սահմանափակված կամ արգելված դեղամիջոցների, ալկոհալային արտադրանքի մանրածախ վաճառքի առաջարկ պարունակող տեղեկատվությունը և այլն: 

Դատախազությունը որպես օրինակ նշել է նաև Գերմանիայում գործող «Սոցիալական ցանցերում իրավակիրառման վիճակը բարելավելու մասին» օրենքը, ըստ որի՝ արգելվում է հակասահմանադրական ճանաչված կազմակերպության քարոզչություն, պետությանը սպառնացող ծանր արարքի նախապատրաստման, նման արարքի կատարումը մոտիվացնող գրականության տարածման, հանցավոր վարքագծի խրախուսման, ազգային, կրոնական, սեռական կամ այլ թշնամանք սերմանող և այլ տեղեկատվությունը, իսկ սոցիալական ցանցերի վրա դրվել է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնելու կամ էլ արգելափակելու պարտականություն։

Սա մարդկանց հետապնդելու և պատժելու հերթական գործիքն է

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը վատատեսորեն է վերաբերվում այս նախաձեռնությանը։ Նրա համար շատ կասկածելի է, որ հենց դատախազությունն է դրա հեղինակը։ Ասում է՝ սա վկայում է այն մասին, որ դատախազությունը ցանկանում է մարդկանց հետապնդելու և պատժելու հերթական գործիքը ստեղծել։ «Հետքի» հետ զրույցում Արթուր Պապյանը նշեց, որ այսպիսի վերահսկողություն սահմանելու հասարակական պահանջ չկա։

«Եթե սա հանրության համար կարևոր ու առանցքային թեմա էր, ինչո՞ւ դա չի բարձրացնում օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը։ Ինձ համար շատ տարօրինակ էր, որ հաղորդագրության մեջ բերվում էր Ռոսկոմնադզորի օրինակը, քանի որ իմ առաջին տպավորությունն էլ այն էր, որ ցանկանում են այդպիսի մարմին ստեղծել։ Վերջին տարիներին ինչքան ինտերնետի և խոսքի ազատության սահմանափակումներ են լինում, համարյա բոլոր դեպքերում նախաձեռնությունները սկսվում են անչափահասներին պաշտպանելու մասին հայտարարություններով, հետո տեսնում ես, որ այդ նախագծերն այլ ուղղություն են ստանում։ Այսինքն՝ ես չեմ վստահում մոտիվացիաներին, թե ինչու է հենց դատախազությունը նախաձեռնել, բացատրություններն այդքան էլ համոզիչ չեն, ոչ էլ օրինակները»,- նշում է Արթուր Պապյանը։

Տեղեկատվության անվտանգության մասնագետի կարծիքով՝ դատախազության այս նախաձեռնությունը կարող է շատ վտանգավոր լինել, և լավ կլիներ, որ շահագրգիռ կողմերը՝ քաղհասարակությունը, լրագրողական հանրությունը խոշորացույցի տակ պահեն, որպեսզի այն դատախազության ձեռքում մահակ չդառնա։ Եվ եթե նույնիսկ նախաձեռնությունը հավանության արժանանա, ապա դա արվի՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի նկատառումներն ու երաշխավորելով խոսքի ազատության պաշտպանությունը։ 

Դատախազության հաղորդագրությունում նշվում է, որ վերջին տարիներին ավելացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը, և ըստ դատախազության՝ Հայաստանում բացակայում են օրենսդրական կարգավորումները, որոնք կկանխարգելեն նմանատիպ նյութերի տարածումն ու վերահկսողությունը։ 

Արթուր Պապյանն ընգծում է, որ ընդհանուր առմամբ դեմ է ինտերնետի սահմանափակման գաղափարին, միևնույն ժամանակ իշխանությունները պետք է կատարեն հանցագործությունները կանխելու իրենց պարտականությունը։ Սակայն դատախազությունը, ըստ Արթուր Պապյանի, չպետք է զբաղվի այսպիսի նախաձեռնություններով։

«Սա իրենից ենթադրում է որոշակի գործիքակազմի ստեղծում, այսինքն՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պետք է ստեղծվեն մոնիթորինգային գործիքներ, հարթակներ, որոշել, թե ով է հետևելու՝ ինչպիսի բովանդակություն է տարածվում։ Այս ամենը ստեղծելուց հետո պատժելն ու հետապնդելն ընդամենը տեխնիկական հարց է լինելու»,- նշում Է Արթուր Պապյանը։

Դատախազությունն արձանագրել է խնդիրը, բայց լուծում չի առաջարկում

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դատախազության մասնագետներն ուսումնասիրություն են կատարել, և, հիմնվելով քրեական գործերի տվյալների, ԶԼՄ հրապարակումների և սոցիալական ցանցերի գրառումների մշտադիտարկման վրա, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես է եկել այսպիսի առաջարկով։ Գոռ Աբրահամյանը շեշտում է՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ներկայիս իրավական կարգավորումները թույլ չեն տալիս ապահովել տեղեկատվության անվտանգությունը։

Գլխավոր դատախազի խորհրդականն ասում է, որ դատախազության պատկերացմամբ՝ վերահսկողություն լինելու է միայն այն հրապարակումների վրա, որոնք թշնամանք են հրահրում, հանցագործություններ են արդարացնում, թմրամիջոցներ են գովազդում և այլն։ Գոռ Աբրահամյանի վստահեցմամբ՝ ամեն ինչ պետք է անել, որ այս նախաձեռնությունը չդառնա խոսքի ազատության սահմանափակման գործիք։

Անդրադառնալով այն քննադատություններին, թե դատախազությունն իր հաղորդագրությունում որպես օրինակ նշում է Ռոսկոմնադզորը, ուստի ցանկանում է այդպիսի մի մարմին ստեղծել Հայաստանում, Գոռ Աբրահամյանը նշեց, որ իրենք տարբերակում չեն դնում, և այդ օրինակով ցանկացել են ցույց տալ, թե ինչպես է ՌԴ գլխավոր դատախազությունը համագործակցում վերահսկողություն իրականացնող մարմնի հետ։

Հարցին, թե դատախազությունն առաջարկում է նոր մարմի՞ն ստեղծել, թե՞ վերահսկողական գործառույթներ տալ արդեն իսկ գոյություն ունեցող որևէ մարմնի, Գոռ Աբրահամյանը նշեց, որ դատախազությունն այս պահին որևէ մեխանիզմ չի առաջարկում, այլ բերում է օրինակներ, թե ինչպես է տարբեր երկրներում դաշտը կարգավորվում։ Ըստ Աբրահամյանի՝ դատախազությունը պարզապես արձանագրել է Հայաստանում առկա տեղեկատվության անվտանգության խնդիրները և դրանց լուծման անհրաժեշտությունը, թե ինչ մեխանիզմներով, դա հետագա քննարկումների թեմա է։ 

ՀՀ կառավարության 2022թ․ ապրիլի 7-ի նիստում հավանության արժանացավ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկութունը։ Արդեն ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այդ համաձայնագիրը ստորագրվեց։ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ՀՀ դատախազության այս նախաձեռնությունն արդյոք կապ ունի՞ վերը նշված համաձայնագրի հետ, ինչին նա բացասական պատասխան տվեց՝ շեշտելով, որ սա դատախազության սեփական նախաձեռնությունն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter