HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Ինչպե՞ս բարեփոխել կրթական ոլորտը Հայաստանում․ առաջարկների փաթեթը կուղարկվի ԿԳՄՍՆ

Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ 2020թ.-ին Հայաստանում աղքատ է եղել բարձրագույն կրթություն ունեցողների 16․6%-ը, մինչդեռ միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցողների շրջանում աղքատության ցուցանիշը եղել է 29․5%:

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակը համատեղ «Կրթության ոլորտում սոցիալական արդարության վերականգնումը, կրթության հասանելիության և որակի ապահովումը» թեմայով քննարկում էին կազմակերպել։ Այն իրականացվում էր ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման շրջանակում:

Քննարկման ընթացքում բանախոսներն ընդգծեցին հանրապետությունում բոլոր մարդկանց հավասար կրթություն ստանալու հնարավորության կարևորությունը։ Քննարկվեց պետության կողմից ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցը՝ որպես որակյալ կրթություն ապահովելու հավելյալ խթան։ Այս առումով ներկաների տեսակետները տարբեր էին։

«Կարծում եմ, որ ավագ և հիմնական դպրոցների ուսուցիչների համար թեստի անցողիկ շեմը պետք է տարբեր լինի։ Օրինակ, եթե ավագ դպրոցի ուսուցիչների համար նշված արդյունքին հասնելը հեշտ է, ապա հիմնական դպրոցում աշխատող ուսուցչի համար՝ ոչ այնքան։ Թեև բուհն ավարտելիս որևէ տարբերակում չի եղել, թե ով որտեղ կարող է աշխատել, բայց տևական ժամանակ հիմնական դպրոցում աշխատելու պարագայում, հնարավոր է, որ ուսուցիչը չկարողանա հաղթահարել թեստը։ Այս դեպքում կարելի է նրանց համար սահմանել, օրինակ, 60-69 անցողիկ շեմ, իսկ ավելի բարձր դասարաններում դասավանդողների համար՝ 70 և ավելի»,-ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Քննարկմանը ներկա Լարիսա Մինասյանի կարծիքով՝ այն, որ ուսուցիչը հիմնական դպրոցում է դասավանդում, նրան չի ազատում 10-րդ կամ բարձր դասարանների ծրագիրը իմանալուց, ուստի սա հավելյալ ազդակ է ուսուցչի համար՝ զարգացնելու իր կարողությունները։

Քննարկման ընթացքում առաջ քաշվեց նաև այն մտահոգությունը, որ համակարգում արդեն իսկ ուսուցիչների զգալի պակաս կա, որը խորանալու միտում ունի։ 

Տարեցտարի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում դիմորդների թիվը նվազում է։ 2022-ին ֆիզիկայի ֆակուլտետ դիմել է 2 հոգի, իսկ քիմիայի՝ ընդամենը մեկ։ Զուգահեռաբար բարձրացել է նաև ուսուցիչների տարիքային շեմը, նրանց թոշակի գնալուց հետո չկան բավարար քանակով երիտասարդ ուսուցիչներ։ Գյուղական համայնքներում մեկ ուսուցիչը կարող է դասավանդել 7-8 կամ ավելի առարկաներ։

Ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու նպատակով եղան առաջարկներ․ օրինակ՝ վարկային և հարկային արտոնություններ ուսուցիչներին, աշխատավարձի բարձրացում յուրաքանչյուր տարվա համար։

«Այսօր այն բոլոր երեխանները, որոնք ունեն աչքի ընկնող ընդունակություններ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա կամ հումանիտար առարկաներից, ուղղորդվում են դեպի ՏՏ ոլորտ, ընտրում բժշկի մասնագիտությունը կամ դառնում իրավաբան։ Ոչ ոք չի ցանկանում ուսուցիչ դառնալ, որովհետև պայմանները, որոնք առաջարկվում են ուսուցչին, գրավիչ չեն։ Այս առումով, կարծում եմ, պետությունը պետք է սերտորեն համագործակցի մասնավոր սեկտորի հետ»,-նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։

Միջոցառման նպատակն էր հավաքել քննարկմանը ներկա մասնակիցների՝ կրթական ոլորտի բարեփոխմանն ուղղված առաջարկները, պատրաստել փաթեթ և ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ այդ կերպ փորձելով աջակցել ոլորտի բարելավմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter