HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Աղիքային հիվանդություններ նյարդերից, այրոց, գաստրիտ, սովաբուժություն. հարցեր գաստրոէնտերոլոգին

Աղիքային հիվանդությունների կեսից ավելին նյարդերից է, նախաճաշն ու 4 ժամը մեկ սնվելը պարտադիր չէ, դետոքսը սուտ է, իսկ Հայաստանում արվող շնչառական թեստերի մեծ մասը խաբեություն է։

Ե՞րբ պետք է բուժել այրոցը, արդյունավե՞տ է արդյոք սովաբուժությունը, ինչո՞վ է պայմանավորված բերանի տհաճ հոտը։ Ինչպե՞ս անցկացնել փորլուծությունն ու փորկապությունը, ի՞նչ ախտորոշումներ կան, որոնք իրականում բուժման կարիք չունեն։ Պե՞տք է արդյոք բուժել հելիկոբակտերն, ու ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդել դրա բուժման վրա։

Այս և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև՝ ոլորտի միֆերի ու կարծրատիպերի մասին #Բժշկիմոտ շարքում այս անգամ զրուցել ենք «Էլիտ Մեդ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի հետ։

 

Պարզ հարցեր՝ գաստրոէնտերոլոգիայի մասին

  • Պետք է դիմել գաստրոէնտերոլոգին, եթե…
  • Պրոֆիլակտիկ ի՞նչ ստուգումներ ու ի՞նչ հաճախականությամբ պետք է իրականացնել
  • Ի՞նչ տարածված միֆեր ու կարծրատիպեր կան ոլորտում
  • Գաստրոէնտերոլոգիական խնդիրներն ավելի շատ բուժվու՞մ են, թե՞ ոչ

Պատասխանները՝ տեսանյութում

Աղիքային հիվանդությունների մեծ մասը սննդով է պայմանավորված. ինչքանո՞վ է ճիշտ այդ պնդումը՝ ձեր պրակտիկայից։

Սարքին մեքենան քշվում է՝ ցանկացած տիպի ճանապարհով։ Մարսողական համակարգը ինչ լցնես, քայքայում և ախտահանում է։ Ասեղը էստեղից գցում ես, էնտեղից դուրս է գալիս, դա հզոր համակարգ է։

Աշխարհի մասշտաբով՝ մեր երկիրը երևի ամենալավ սնունդ ունեցող երկրներից է։ Կան նևրոտիկ մամաներ, որոնք իրենց վախերն երեխաների վրա են տարածում, սկսում են սնունդը զանազանել՝ սա չուտես, բալե’ս, սա չուտես։

Կա ճամփորդական դիարեա, դա նորմալ է, կամ՝ սննդային թունավորումներ, երբ մարսողական համակարգի վրա ազդում է վատ սնունդը, դա սուր վնասում է՝ մի քանի օր տևող։ Մարսողական համակարգի ոչ մի քրոնիկ հիվանդություն սննդային թունավորումից չէ, գոնե Հայաստանում։

Սննդային անտանելիությունն էլ՝ գլյուտենային, կաթնային և այլն, կարող է լինել միայն մի տեսակ սննդի նկատմամբ, երկուսի նկատմամբ չի կարող լինել։ Որ ասում են՝ ես կարմիր գույնի սնունդը լավ չեմ մարսում, ուրեմն գլխի հետ պրոբլեմ ունեն. սնունդները կարմիր գույնով իրար հետ ընդհանուր խմբերի մեջ չկան։ Այսինքն՝ ձմերուկը ոչ մի կապ չունի ելակի հետ, դա էլ իր հերթին կապ չունի գիլասի հետ, դա էլ իր հերթին՝ բազուկի հետ։

Եթե սնունդը կապ չունի, ձեր պրակտիկայում առավել հաճախ ո՞ր խնդիրներն են հանդիպում։

Դեպքերի կեսից ավելին ֆունկցիոնալ խանգարումներն են, հայերեն ասած՝ աղիքային նևրոզները։ Խոսքը քրոնիկ դեպքերի մասին է։ Սուր դեպքերը, հիմնականում, սննդային խանգարումներ են ինչ-որ մի սննդից, ու այդ ժամանակ նույնիսկ հետաքրքիր էլ չէ՝ որ սննդից, որովհետև վնասումն արդեն կա, ու դու չես կարող վերադառնալ անցյալ։ Լուծի և փսխման ձևով էլ օրգանիզմն իրեն մաքրում է, դու էդտեղ օգնում ես, որ օրգանիզմը մի քիչ ուժեղանա, չթուլանա, չջրազրկվի, կամ եթե կա ինֆեկցիոն հարուցիչ, ոչնչացնում ես անտիբիոտիկներով ու վերջ։

Ի դեպ, աղիքային ֆունկցիոնալ խանգարումների առաջին բուժական ուղեցույցը ձևակերպվել է 2018թ.-ին, որից առաջ մենք չունեինք ուղեցույց, խարխափում էինք։ Հիմա, 2018-ի ուղեցույցին քա՞նի բժիշկ է տիրապետում։ Շատ քիչ, ու կարդալու հարց չէ, վարպետություն էլ է պետք։ Ինձ համար այդ ուղեցույցում մեծ հայտնագործություն ունեցավ հետևյալը՝  6-12 ամիս պետք է բուժես, որ հիվանդությունը խեղդվի, այլևս ի հայտ չգա։

Նևրոզի դեպքում ուրիշ մասնագետների հետ էլ եք աշխատո՞ւմ։

Ո’չ, ուրիշ մասնագետներն ընդհանրապես այդ նևրոզների հետ աշխատելու հավես ու փորձառություն չունեն. դրանք դժվար հիվանդներ են։

Քրոնիկ սթրեսնե՞րն են աղիքային նևրոզի պատճառը:

Սթրեսն էստեղ պարտադիր չի. մարդ կա՝ սթրեսով է այդ վիճակի մեջ հայտնվում, մարդ կա՝ առանց առանձնահատուկ սթրեսի, կամ մարդ կա՝ այդ նույն սթրեսով չի հայտնվում էդ վիճակի մեջ, մարդ կա՝ հայտնվում է։ 

Գաստրոէնտերոլոգիական հաճախ հանդիպող խնդիրներից խոսենք՝ լյարդի վնասում:

Առաջին հերթին ճարպային լյարդն է՝ գիրության, շաքարային դիաբետի հետևանքով, կամ ալկոհոլի, որոնք բոլորը բերում են լյարդի վնասման։

Երկրորդ տեղում քրոնիկական հեպատիտիներն են՝ B, C, երրորդ տեղում լյարդի մնացած վնասումները, օրինակ՝ աուտոիմուն ախտահարումը, որը շատ հազվադեպ է պատահում, բայց առանձնակի ուշադրության է արժանի։ 

Ենթաստամոքսային գեղձը…

Գրեթե հիվանդություն չի ունենում։ Սուր պանկրեատիտներն են հիմնականում։ Հայաստանում քրոնիկ պանկրեատիտ հազար տարին մեկ է հանդիպում, թեև դիագնոզը հաճախ է հանդիպում, քանի որ աջ ու ձախ կարող են դնել։ Ռուսաստանից ինչքան մարդ է գալիս՝ մեր հայրենակիցները, քրոնիկ պանկրեատիտ դիագնոզը դրած է, թեև ինքը չունի։

Իսկ պանկրեատիտը բուժվու՞մ է, թե՞ ոչ:

Ամենաչարչրկված դիագնոզն է։ Մի պացիենտ ունեմ՝ կրկնվող պանկրեատիտով, մնացած բոլոր դեպքերում բուժվում է։ Քրոնիկական պանկրեատիտով կյանքումս տեսել եմ մի քանի հոգի։ Իրականում այդ մի քանի հոգուն իրական, ռեալ բուժում գոյություն չունի, փոխարինող թերապիան է, բայց այն խելքից դուրս թանկ է։ Այդ պանկրեասի (ենթաստամոքսային գեղձ, հեղ.) արտադրած ինսուլինը դու տալիս ես ինսուլինով, պանկրեասի արտադրած ֆերմենտները, մարսողական նյութերը տալիս ես «Կրեոն»-ի տեսքով, բայց տալիս ես օրը, ենթադրենք, 10-15 հատ. 1-2 «Կրեոն»-ով հարց չի լուծվում։ Այդ դեղը լուրջ դեղ է, հազվադեպ է պետք գալիս ու շատ բարձր դոզաներով։

Քրոնիկ պանկրեատիտի գանգատը ցավն է, հիմնականում՝ նեյրոպատիկ։ Այսինքն, անգամ գեղձը հեռացնելուց հետո ցավը կարող է պահպանվել։ Սա սարսափելի պրոբլեմ է՝ գոնե իմ հանդիպած դեպքերով։ Եթե դեռ այս վիճակին չի հասել՝ այդտեղ լուրջ կամ մեծ անելիքներ չկան։

Ցավում է պորտից վերև և նույն պրոեկցիայով թիակների տակ՝ ողնաշարի վրա, ու ցավում է մահացու ցավով, ոչ մի ցավազրկող չի օգնում։ Դա պանկրեատիկ ցավ է։

Պանկրեատիտի առաջացման հիմնական պատճառը ո՞րն է:

Հիմնականում ալկոհոլն է կամ լեղաքարը։ Բայց քրոնիկ լուրջ, բարդ, ծանր խնդիր է։

Աղիքային համակարգի խնդիրներից խոսենք…

Կերակրափողի բորբոքումն է՝ գիշերը հաց ուտելու հետևանքով, հիմնականում՝ ցմփոր անձանց մոտ։ Ստամոքսի խնդիրներից՝ էրոզիվ գաստրիտն է, որի ժամանակ քիչ դեպքերում է, երբ գաստրիտը բուժելով՝ վերանում է ցավը։ Մեծ մասի մոտ ցավերը վերանում են, միայն եթե դու բուժում ես դրանք՝ որպես ֆունկցիոնալ խանգարում՝ հակադեպրեսանտով։

Խոցային հիվանդությունն այդքան տարածված չէ, առաջ շատ ավելի տարածված էր։

Բարակ աղիներում՝ ցելիակիան է, լուծերն են հիմնականում, հյուծվածության համախտանիշ և այլն։ Նաև Կրոնի հիվանդությունը, որ լուրջ խնդիր է, բուժումը դժվար է ու թանկ: Լավագույն բուժումը, որը հիմա գիտությունը հայտնաբերել է, Հայաստանի համար մատչելի չէ, հազարավոր դոլարներ արժի մի տարվա կուրսը, իսկ մարդը պետք է դա ստանա տարիներ շարունակ, միգուցե՝ ամբողջ կյանքում։ Եվ պացիենտները չեն ստանում անհրաժեշտ բուժումն ու կիսաաառողջ, կիսաքայքայված շարունակում են ապրել, գոյատևել, ու մեկը չկա պատկան մարմիններից՝ Առողջապահության նախարարությունում, Գաստրոէնտերոլոգիայի ասոցիացիայում, որ ձայն հանի, որ այս մարդկանց ռեալ խնդիրը կա, և ռեալ օգնություն է պետք։

Այդ հիվանդությունն ունեցող մարդկանց թիվը մե՞ծ է, որ դեղերն անվճար տրամադրելու ծրագիր մշակվի, պետության բեռը շա՞տ է լինելու։

Պետության համար դա մեկին գումարած մեկ է։ Բայց եթե պետությունը դա արեց, հետևից գնալու են մյուս հիվանդները, ասեն՝ բա մե՞նք։ Հաստ աղիքի բորբոքային քրոնիկ հիվանդությունների հարցը կա (Կրոնի հիվանդություն և ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ), և ԱՆ-ում ով ում փոխարինել է, մինչև հիմա ոչ մեկն էլ չի լուծում։ Այս հարցը բաց է։

Ստամոքսաղիքային խնդիրների դեպքում երբեմն խորհուրդ են տալիս սովաբուժությամբ զբաղվել։ Որքանո՞վ է դա արդյունավետ։

Սովաբուժությունը պետք է միայն սուր պանկրեատիտի ժամանակ, երբ որ սնունդը ծանրաբեռնում է մարսողական համակարգը։ 2-3 օր կարելի է քաղցի դիետա նշանակել, բայց ոչ ավելի, դրանից հետո արդեն օրգանիզմը հյուծվում է։

Այսինքն, երբ ասում են՝ օրգանիզմը սթրեսի ենթարկենք, որ շոկից ինքնակարգավորվի, դա այդքան էլ ճիշտ չէ։

Տեսականում կարելի է նման մի բան քննարկել, բայց իրականում պրակտիկ չի։ Ավելին ասեմ, եթե օրգանիզմն այնքան ռեսուրս ունի, որ շոկից կարա ակտիվանա, կարելի է իրեն առանց շոկի էլ ակտիվացնել։ Մի քիչ ուղղակի ավելի գրագետ մոտեցում է պետք։

Դետոքսն էլ իմաստ չունի՞:

Դետոքսը սուտ է, խաբեություն է, անգրագետների կողմից ստեղծված՝ անգրագետների համար։ Ես ուզում եմ մարդկանց ինտելեկտին հղում անեմ, որ մարդիկ վիրավորվեն, չանեն նման բան։

Էլի նման խաբեություններ կա՞ն հիմա ոլորտում:

Ինչքան խաբեբա մեթոդներ կա, այդ բոլոր մեթոդներով մեզ մոտ անում են։ Օրինակ՝ մեր մոտ հելիկոբակտերի շնչական թեստ գոյություն ունի՝ ոչ վավեր, սուտ թեստ է. շնչական թեստ Հայաստանում հիմա մի քանի կլինիկայում են նորմալ անում՝ նշմարված ածխածնի մոլեկուլով, բայց դա կազմում է Հայաստանում արվող թեստերի 15-20%-ը, մնացածը խաբեբայություն է։

Երբ որ մի շատ հարգված կլինիկայում, ես այդ կլինիկայի տնօրենին ասացի՝ այս մեթոդով, որ դուք ստուգում եք, դա գիտական չի, (խոսքը հելիկոբակտերի շնչառական թեստի մասին է), սա ձեզ պատիվ չի բերում, լուրջ կլինիկա է՝ անունը՝ նորարարական, ու սենց հետամնաց բաներ է անում։ Տնօրենն ասեց՝ Հա’յկ ջան, դու ո՞վ ես, ասի՝ ես ես եմ, շարքային բժիշկ։ Ասեց, եթե էդ նույն բանն ինձ ասի մի հատ լուրջ մեկը, օրինակ՝ գլխավոր մասնագետը, կամ ասոցիացիայի նախագահը, կամ փոխնախարարը, բայց քանի որ իրենք սուս նստած են, ինձ դու ես ասում, ոչինչ էլ չի փոխվելու. դրա պահանջարկը կա, դա աշխատում է որպես բիզնես, դա լինելու է։ Հաջողություն։

Փորլուծություն. մեզ մոտ ոնց որ շատ է տարածված՝ քրոնիկ և սուր:

Այո’, շատ տարածված է։

Նման դեպքերում ասում են՝ ստամոքսը լավ չի մարսում, դրանից է, բայց փորլուծությունն աղիների հետ է, չէ՞, կապված:

Զուգարան գնալու ֆունկցիան իրականացնում է հաստ աղին, ավելին՝ հաստ աղու վերջնահատվածը։ Լուծի տեսակից՝ պետք է մոտավոր պատկերացում կազմես, թե որ հատվածն է ընդգրկված պրոցեսի մեջ։

Գաստրոէնտերոլոգիայի հետ երկար ու մանրակրկիտ առնչություն ունեցած սոնոգրաֆիստը դատչիկի տակ կարա տենա՝ տվյալ պահին անհանգիստ է հա՞ստ աղին, թե՞ բարակ աղիները և այլն։

Լուծն ամենադժվար դիագնոզվողն է, որովհետև կան հիվանդություններ, որոնք լուծի են բերում, և կա վիճակ, երբ որ հիվանդությունը բերել է լուծի, լուծը բերել է թերսնվածության, թերսնվածությունն այլևս ռեսուրս չունի աղիքը վերականգնելու, ինչն իր հերթին էլի արտահայտվում է լուծով։

Օրինակ՝ անորեքսիայով պացիենտը ախորժակ չունի, հաց չի ուտում, փսխումային համախտանիշ է մոտը։ Հաց չի ուտում, թերսնվածություն է, աղիներիի լորձաթաղանթին էլ, սակայն, միշտ «շինանյութ է» պետք, հիմա, էդ մարդը «շինանյութ» չի տալիս, չի ուտում, կերածն էլ հետ է տալիս։ Ժամանակի ընթացքում, դա կարող է լինել՝ ամիսներ, մեկ էլ սկսվում է լուծը։ Լուծն էստեղ արդեն ընդհանուր թերսնվածության վրա զարգացած խնդիր է։ Գնում, սկսում ես ցելիակիա ման գալ, գլյուտենի անտանելիություն։ Ասում ես՝ դե որ թերսնված է, լուծ է, երևի գլյուտենային անտանելիություն է։

Փորլուծության ժամանակ, եթե սխալ ուղղությամբ բուժումն արվի ու անտեսվեն աղիների խնդիրները, հնարավո՞ր է զարգանան ավելի լուրջ՝ օնկոլոգիական խնդիրներ։

Քիչ հավանական է. օնկոլոգիան շուտ է նշան տալիս, կարաս էդ նշանն անտեսես, շուտ տեր չկանգնես։ Եթե բանը հասել է լուծի, օնկոլոգիան հեշտ է գտնել, որովհետև եթե լուծն, օրինակ, մեկ-երկու քայլով չես գտնում, մի հատ վերևից զոնդ, մի հատ ներքևից զոնդ, ԿՏ, պետք է գտնես պատճառը, էդքանի մեջ, ոնց էլ չլինի, ուռուցքը կնկատվի։

Փորլուծություն նաև լինում է սթրեսից, օրինակ՝ քննություններից առաջ:

Դա ֆունկցիոնալ խանգարում է։ Քննությունից առաջ այդ հուզական ռեակցիաները հիվանդություն չեն համարում։

Ասում են՝ սթրեսից թույլ օրգանն է ախտահարվում, ուրեմն՝ ստամոքսդ, աղիներդ խնդիր ունեն։

Ամեն անգամ մի ձևակերպում տալիս ենք։ Այդ պացիենտին այդ ժամանակ պետք է մի բան ասենք, ճանապարհենք։ Ընդհանրապես, բժիշկները շատ հաճախ, սիրալիրությունից ելնելով, մարդկանց հետ ինչ-որ բաներ են խոսում, դա միշտ չի, որ իրականություն է, ու իսկական մեխանիզմ է, ուղղակի այդ պահին էդպես ավելի հեշտ է բացատրել։

Կա փորլուծության ինչ-որ տևողություն, որ նորմալ է, կարող է թունավորմամբ պայմանավորված լինել և մի քանի օրում անցնել։ Իսկ որ՞ դեպքում պետք է դիմել բժշկի։

Ընդհանրապես, սուր լուծը համարվում է մինչև մի ամիս տևող լուծը։ Մեկ ամիս էլ չէ, տևում է 7 օր, 10 օր, 15 օր, ոչ ավելի, բայց համարվում է, որ ինֆեկցիոն լուծը մինչև մեկ ամսում պետք է սահմանափակվի։ Այսինքն՝ մարդու մոտ կա դիզենտերիա, 30 օրում՝ կա’մ էս կողմ, կա’մ էն կողմ, 3 ամիս դիզինտերիայով չեն հիվանդանում։ Եթե 31-րդ օրը չի անցել, ու ինքն եկել է բժշկի, դու արդեն էլ չես նայում սուր լուծի պատճառները, դու միանգամից սկսում ես քրոնիկական ցուցակը քննարկել։

Այսինքն՝ ինքն իրեն այդ ընթացքում կարող է լավանա՞լ, օրինակ՝ մեկ շաբաթում, էլ չգա բժշկի։

Այո’, մածուն ուտելով կարող է լավանալ, բայց կենդանի մածունը։ Այդ լակտոբակտերիաներով զանգվածի մեջ ոչ մի պաթոգեն հարուցիչ չի կարող գլուխ բարձրացնել։ Սա, օրինակ, եթե դեղ չկա, ճար չկա։

Օրինակ, պրոբիոտիկներ, որ նշանակում են, արդյունավե՞տ չեն:

Ըստ էության՝ մածունը դա է, բայց պրոբիոտիկների հետ կապված փորձեմ մի քիչ մանրամասնել։ Պրոբիոտիկը չի կարող լինել դեղատան տիրոջ հոր գինը, դա կարևոր է։ Եթե էդ գնին է, ուրեմն պետք չի առնել։ Պրոբիոտիկը, կոպիտ ասած, մածուն է, բայց դրա չոր նյութն է։ Մածունը վերցրել, խտացրել, չորացրել են, բայց իրենք կարող են աղիներում ակտիվանալ, նորից կենսունակ դառնալ։ Սովորաբար, եթե մարդ պետք է լավանա, առանց պրոբիոտիկների էլ լավանում է։

Պրոբիոտիկներից նշանակում եմ հատկապես էնպիսինները, որոնք անտիբիոտիկներից այդքան էլ չեն ազդվում, դա իմ փորձառությունն է։ Բայց մեծ քանակ եմ տալիս միշտ, 2-3 օրվա մասին է խոսքը։

Պրոբոտիկների հետ կապված ապացուցողական բազան հետևյալն է՝ օգնում են, բայց շատ քիչ։ Էնքան քիչ, որ կարաս չօգտագործես։ Իրենց էֆեկտիվությունը պլացեբոյի համեմատ մի չնչին է տարբեր, աննշան։

Իսկ որ «Նարինե» են նշանակում մեկ շաբա՞թ:

Դա առողջարար է, իհարկե, կերե’ք, մածուն էլ ենք ուտում, կաթնաշոռ և այլն, բայց տնականը.  էնտեղ բակտերիալ կազմն ակտիվ է, խանութից առածում էնպես են արել, որ չթթվի, սատկացրել են բակտերիաներին, կանգնացրել են դրանց աճը։ Տնականը շուտ է թթվում՝ նույնիսկ սառանարանում դրած, որովհետև այնտեղ բակտերիաներ են։

Պրոբիոտիկներում բակտերիաների քանակն է, չէ՞, քիչ, համեմատած աղիներում եղած բակտերիաների հետ։

Աղիներում շատ բակտերիաներ կան։ Աղիները գիտե՞ք ինչ ինքնուրույն, ինքնակարգավորման և ինքնալավացման համակարգեր ունեն։ Դրա համար կեղտից վերցված անալիզով դու ոչինչ չես կարող իմանալ։ Աղիքը 50 սմ-ի վրա՝ հաշվեք՝ Հասարակածից գնացիք Հյուսիսային բևեռ, դա միկլոֆլորայի ահռելի տարբերություն է։ Իհարկե, վերլուծություններում դրա հետ հաշվի ես նստում, բայց չունես գործուն մեխանիզմներ դրա վրա ազդելու։

Միկրոֆլորայի վրա ազդելը շատ լուրջ գործ է, այո’, հնարավոր է, բայց՝ ոնց, 2 հատ պրոբիոտիկ տալո՞վ։

Հակառակ խնդրին անդրադառնանք՝ փորկապությանը:

Փորկապությունն ամենահեշտ լուծվող խնդիրներից է։ Եթե դա իրական փորկապություն է, խնդիրն աղիքի մոտորիկան է, վատ է կծկվում, բջջանյութի քանակը սննդի մեջ քիչ է. մեր աղիները հազարամյակներ շարունակ ընդունել են սննդատեսակ, որտեղ բջջանյութի քանակը մեծ է եղել՝ բանջարը, մրգերը և այլն։ Միրգը, որը մենք հիմա սպառում ենք, իր մեջ բջջանյութի պրոպորցիան, համեմատած այն բնական, վայրի վիճակների հետ, շատ-շատ ավելի քիչ է։ Բջջանյութը հիմնական «ատխոդն է», այն պետք է դառնար կղանքային մասսա և դուրս գար, բայց դու ի՞նչ ես արել. դու բջջանյութ չես տալիս, քո ամբողջ կերածը ռաֆինացված է, քո ցորենը թեփից զրկած է, քո բրինձը թեփից զրկած է։

90% դեպքերում ավելացնում ես բջջանյութ, փորկապության հարցը լուծվում է։  8 ճաշի գդալ ցորենի թեփ, կտավատի աղացած սերմեր՝ խառնած ցանկացած բանի հետ. այս երկու նյութն է իր մեջ այդ բջջանյութը պարունակում։ Սրանք են նպաստում աղիքում նոր ռիթմ ստանալ։

Իսկ «Սենադե» կարելի՞ է օգտագործել փորկապության ժամանակ, ասում են՝ վնաս է:

Ո’չ։ Ո’չ սենա, ո’չ չիա, ո’չ չգիտեմ՝ ինչ-որ սերմեր, տերևներ և այլն։ Վտանգավոր չեն, իրենք խորացնում են փորկապությունը։ Իրենք ֆոկուս են առաջացնում, ճիպոտում են աղիքը՝ այն աղբի քանակով, որով կա։ Բայց դու պետք է այդ աղբի քանակը շատացնես, որ ինքն ինքնըստինքյան աղբահանությունն անի, աշխատի։

Եթե պրոբլեմը 6-12 ամիս տևում է, ամենայն հավանականությամբ, չարորակ գոյացություն չկա, որովհետև ուռուցքային խնդիրները 6-12 ամսվա մեջ նորանոր նշաններ են տալիս։

Կղանքի ո՞ր հաճախականությունն է համարվում նորմալ:

Օրը 3 անգամ, շաբաթը 3 անգամ, երկուսն էլ նորմալ են։ Այդ դիապազոնը նորմալ է։ Օրը 4 անգամ՝ արդեն հարցեր է առաջանում, շաբաթը երկու անգամ՝ արդեն փորկապ է, թեև փորկապություն է համարվում նաև եթե ամեն օր տուալետ է գնում, բայց դժվարությամբ, ցավերով։

Ախտորոշումներ, որոնք իրականում չեն դրվում, օրինակ՝ դիսբակտերիոզը:

Դիսբակտերիոզը ստուգելու բան չի։ Կա բակտերիաների հավելյալ աճ դիագնոզ, երբ դրանք նորմայից շատանում են, իսկ որ բակտերիաները շատանում են, ձեզ հետ միասին ձեր սնունդը մարսում են նաև բակտերիաները, իսկ եթե բակտերիաները մարսում են սնունդը, արգասիք է առաջանում՝ գազեր։ Փքվածությունը, հիմնականում, տարբեր հիվանդությունների ժամանակ է լինում։ Էս դեպքում ոնց են բուժում դիսբակտերիոզ ասվածը՝ անտիբիոտիկով. սատկացնում ես բակտերիաներին, քչացնում ես գազերի քանակը, պրծնում է։ Բայց ում հարցնես՝ կասի՝ անտիբիոտիկով դիսբակտերիո՞զ։

Գաստրոէնտերոլոգիայում կա՞ն ախտորոշումներ, որոնք իրականում չպետք է դնել կամ բուժել:

Հա՛։ Օրինակ՝ Ժիլբերտի համախտանիշ, դա բուժելու բան չի։ Դա, երբ որ մարդը դեղնում է, աչքերից մեջ թույլ դեղնածություն է լինում, դեռ լեղի չդարձած բիլիռուբինը (արյան քայքայման արգասիքը) բարձր է լինում, սա գենետիկորեն է դիագնոզվում։ Սա բուժելու բան չի, բայց մեր զինվորական օրենքով այդ մարդկանց «կամիսավատ» էին անում։

Օրինակ՝ պետք չի բուժել նաև ճարպային լյարդը, երբ որ լյարդի վնասման նշաններ չկան։ Սոնոգրաֆիան նայել է՝ ճարպային լյարդ, հա, ի՞նչ անենք։ Սոնոգրաֆիա պետք չի. ցանկացած մեկը, ով փոր ունի, նա ունի ճարպային լյարդ։ Գոյություն չունի աշխարհում փոր ունեցող մարդ, հղիները չհաշված, որ չունի ճարպային լյարդ։ Այդպիսի բոլոր մարդիկ ունեն ճարպային լյարդ։

Իմ ամենաչսիրած բառը թունավորվածն է։ Որ գալիս են, ասում են՝ թունավորում, հասկանում եմ՝ մի հատ անկիրթ դիագնոզ է դրել, որովհետև 90% դեպքերում, որ ասել են թունավորում, տակից ուրիշ բան է դուրս եկել։ Իրենք չեն հասկանում, անունը դնում են թունավորում։ Օրինակ, Երևանյան հիվանդություն է պատմում (նաև՝ պարբերական հիվանդություն), ասում է՝ ես ժամանակ առ ժամանակ թունավորում եմ ունենում, կամ Կրոնի հիվանդություն է պատմում, խոցային կոլիտ, խոց է պատմում՝ թունավորումով։ Բոլոր հիվանդությունները պատմում է որպես թունավորում։

Իսկական թունավորումներ հազվադեպ են պատահում։

Հիմնականում սննդայի՞ն:

Այո’, բայց նրանք բժշկի չեն գալիս։

Ալկոհոլից չի՞ լինում:

Ալկոհոլից էլ է լինում։

Երբեմն սրտխառնոցի, ստամոքսի ցավերի դեպքում, միանգամից գաստրիտ են ախտորոշում և սկսում են գաստրիտ բուժել։ 

Սուր գաստրիտը կարող է սրտխառնոցով ի հայտ գալ։ Քրոնիկական գաստրիտը սրտխառնոցի հետ համարյա կապ չունի։

Առհասարակ, լուծը, սրտխառնոցը, փսխումը դրանք աղիները մաքրելու բնական մեխանիզմներ են։ Օրգանիզմը, երբ իր մեջ թույն է հայտնվում կամ ավելորդ բակտերիա, մի բան, որ ինքը հասկանում է՝ սա ավելորդ էր, երկու ռեակցիա է տալիս. եթե դեռևս ստամոքսում է այդ ավելորդ «զիբիլը», փսխում է, սրտխառնոց է առաջանում։ Եթե արդեն էդ «զիբիլն» անցել է բարակ աղիներ, մի քիչ էլ այն կողմ՝ լուծ է գցում, լուծով է մաքրում։

Դեպքեր կան, երբ երկու մեխանիզմն էլ աշխատում են։ Այս բնական մեխանիզմները կարող են բերել ախտաբանական հետևանքների. ջրազրկում, պետք է աշխատես դրա դեմ։ Այս բնական մեխանիզմները մարդուն տհաճություն են պատճառում։

Գաստրիտը դեղերով բուժվո՞ւմ է։

Սուր գաստրիտը բուժվում է, իհարկե, շատ արագ է բուժվում, նույնիսկ՝ ինքնաբուժվում է։ Իսկ քրոնիկ գաստրիտը, դեղերով բուժվում է, բայց, կրկնեմ, քրոնիկ գաստրիտը, երբ որ ցավ է առաջացնում, դեպքերի մեծ մասում, գաստրիտը բուժելուց հետո, ցավը պահպանվում է։ Ինչու՞, որովհետև արդեն մասնակցում է ներվային մեխանիզմը. նյարդային համակարգն այդ ցավը շարունակում է ուղարկել։ Այդպիսի վիճակներ կան. հիվանդությունն անցնելուց հետո սիպտոմը մնում է։

Հելիկոբակտեր պիլորի. բուժե՞լ, թե՞ ոչ:

Հելիկոբակտերը կարևոր է, իհարկե, բայց ոչ այնքան, որքան ներկայացնում են ու որքան դրա շուրջ կառուցում են։ Ինչու՞։ Գոյություն ունի հելիկոբակտերի ախտորոշման և բուժման վերաբերյալ աշխատող մասնագիտական միջազգային խումբ՝ Մաստրիխտյան կոմիտե (ՄԿ)։ Հելիկոբակտերի մասին բոլոր դրույթները, օրենքները, քայլերը մշակվում են այդ խմբի կողմից։ ՄԿ-ն եկել է, հասել է սրան, որ հելիկոբակտերը, բոլոր դեպքերում, պաթոլոգիական բակտերիա է, իրեն նորմալ միկլոֆլորա համարել չի կարելի։

Հետևաբար, բոլոր դեպքերում պետք է ստուգել, հայտնաբերել և բուժել։ Հիմա ամեն մեկը վերցնում է այդ որոշումը, գնում է իր երկիր։

Բժիշկների հրահանգը հետևյալն է՝ ուղեցույցներում այսպես են գրում՝ եթե մտքիդ կա հելիկոբակտերը հայնաբերելու դեպքում, վերացնել, ստուգի’ր, բայց եթե մտքիդ չկա հայտնաբերելու դեպքում վերացնել, մի’ ստուգիր, որովհետև, եթե ստուգեցիր ու գտար, դու պարտավոր ես վերացնել։

Այսինքն՝ պետք է հիվանդի վիճակից ելնելով կամ ինչ-որ այլ դրսևորումներից կողմնորոշվել՝ բուժել, թե ոչ։

Կան հրահանգներ, որոնցից օգտվելուց պետք է միացնես ուղեղդ, կյանքից չկտրվես, իրավիճակը հասկանաս՝ ինչպիսին է, որովհետև, մանավանդ Հայաստանում, դա լուրջ պրոբլեմ է։ Ինձ մոտ եկած պացիենտներից ամեն երկրորդը ինձնից առաջ դիմել է 1, 2, 3 բժշկի։ Ամեն երկրորդը, դուք պատկերացնու՞մ եք՝ ինչքան հիասթափված պացիենտ կա։ Իհարկե, ինձ մոտից էլ են հիասթափվում, գնում, հատկապես երբ իմ խոսելաոճը, իմ տակտիկան ու մոտեցումները, անտիդեպրեսանտների նկատմամբ իմ վերաբերմունքը տեսնում են։

Ամեն երկրորդի մոտ հելիկոբակտերը վերացրած է, էֆեկտ չկա։ Իր ցավն ուրիշ տեղից է գալիս, դա նյարդային է։

Բացատրեմ, ստամոքսն ու աղիները ունեն 3 հիմնական շերտ, որոնցից և կարող են ցավեր առաջանալ. ներքինը լորձաթաղանթն է՝ գաստրիտներ, էրոզիաներ, խոցեր, կոլիտներ և այլն, լորձաթաղանթին է վերաբերում։ Երկրորդ՝ միջին շերտը նյարդամկանային շերտն է, որը պատասխանատու է աղիքի կծկողականության համար։ Նյարդամկանային շերտը ֆունկցիոնալ բոլոր խանգարումներն են, և լրիվ ուրիշ ձև են բուժվում։ Եվ երրորդ շերտը շճաթաղանթն է՝ դրսից պատող։ Պարբերական հիվանդության (նաև՝ Հայկական, երևանյան հիվանդություն) ժամանակ էս շճաթաղանթն է գրգռվում, բորբոքվում, և «Կոլխիցինն» էստեղ է օգնում։ Հակադեպրեսանտները նյարդամկանայինին են օգնում և այլն։

Պացիենտը, որ քո դեմ նստած է, այդ 3 շերտի մեջ կարող է պրոբլեմ ունենալ։ Դու պետք է հասկանաս։ Ասենք, գաստրոսկոպիան տվել է՝ էրոզիաներ, իսկ գաստրոսկոպիան նյարդամկանային շետը տեսե՞լ է, ո’չ, ի՞նչ մեթոդով տեսնենք, ոչ մի մեթոդով. սեփական ըմբռնումով, դատողությամբ և վերլուծությամբ։

Այրոցը՝ (առավել տարածված՝ իզժոգա, ժոգ) բուժման կարիք ունի՞:

Այրոցը կերակրափողի քիմիական այրվածքի հետևանք է։ Այրոց, որ եղավ, մի հատ՝ «Անտացին»։ Կյանքում մի անգամ սոդա կարելի է, ոչ ռեգուլյար։ Մեկ-երկու անգամ կարելի է նաև «Օմեպրազոլ», որով դու թթվայինությունը գցում ես։ Բայց՝ ինչքան պետք է այրոցն անհանգստացնի, որ անունը դնենք՝ պետք է բուժել։ Գցել-բռնել են, որ եթե պացիենտը շաբաթը մեկ անգամ այրոց ունի, պետք է բուժել։ Եթե երկու շաբաթը մեկ է այրոց լինում, էդքան էլ հաճախ չեն դիմում։

Բուժումը՝ «Օմեպրազոլ» կամ դրա շարքից ինչ-որ դեղ և գիշերները հաց չուտել, ուտելուց հետո չպառկել, ուտելուց հետո տրինաժոր, կամ ուրիշ ֆիզիկական ծանրաբեռնվածություն չանել։ Դրանք՝ սոված ժամանակ, որից հետո հաց եք ուտում։

Ակտիվացված ածուխ կարելի՞ է օգտագործել:

Ակտիվացված ածուխը համարվում է աբսորբենտ։ Այսինքն՝ նյութ է, որն իր մեջ է ներծծում լիքը «զիբիլ», ու դուրս է գալիս աղիքից՝ այս «զիբիլներն» իր հետ տանելով, թույլ չի տալիս, որ ներծծվի աղիներում։ Բացառապես թունավորումների ժամանակ է ցուցված՝ լվացումներից հետո, 10 հատ տալիս ես պացիենտին, տանջահար ես անում, հազար հատ ավելի հեշտ մեթոդներ կան։

Սրտաբանը մեզ հետ զրույցի ժամանակ նշում էր, որ հաճախ սրտի հետ կապված խնդիրները շփոթում են ստամոքսի ցավերի հետ, լվացումներ անում, ինչը չի կարելի, և ավելի է վատացնում վիճակը։

Ճիշտ է ասում՝ կրծքավանդակի այրոցը, ցավերը, լիքը բան կարելի է շփոթել սրտային խնդիրների հետ։ Դրա համար էլ բժիշկ պատրաստվելիս, օրինակ՝ Ամերիկայում, գաստրոէնտերոլոգին մոտ մեկ տարով ուղարկում են Ռեանիմացիայում՝ ինտենսիվ թերապիայի բաժնում աշխատելու, կրթվելու։ Նա պետք է էդ ինֆարկտներն իր աչքով տեսնի, տեսնի դրա գույնը մարդու վրա, որ չշփոթի իզժոգաների հետ։

Հենց լվացում են անում, արդեն «չէպէ» է. ուրեմն, դու մի բան լավ չես հասկանում և լավ չես պատկերացնում, եթե սկսել ես լվացումից։ Լվացումը փսխումներով կարելի է անել. մարդը ջուր է խմում, մատ է տալիս, հետ է գալիս, դրանից ավելի լավ լվացում չկա, եթե, իհարկե, մարդն ի զորու է։

Անեմիաների դեպքում ինչքան հաճախ է լինում, որ խնդիրը կապված է լինում աղեստամոքսային տրակտի հետ։

Ինձ մոտ եկած անեմիաների մեծ մասը եղել է մարսողական համակարգի խնդիր, բայց ինձ մոտ անեմիան գալիս է հիմնականում ուղարկումով, այսինքն՝ էնպես չի, որ մարդու արյան տոկոսը ցածր է, ասում է՝ գնանք մի հատ գաստրոէնտերոլոգի մոտ. նա գնում է արյունաբանի մոտ, թերապևտի մոտ և այլն, որն ասում է՝ գնա’, տե’ս գաստրոէնտերոլոգն ինչ է ասում։ Ինձ մոտ գալիս են զտած պացիենտները։ Այսինքն՝ այն դեպքերը, երբ մեծ հավանականությամբ գաստրոէնտերոլոգիայի հետ կապ ունի։

Օրինակ, աուտոիմուն գաստրիտի ժամանակ է լինում անեմիա, ցելիակիայի ժամանակ է լինում, կամ անորեքսիայի, քրոնիկ լուծերի ժամանակ և այլն։

Մաշկային հիվանդություններն ավելի շատ աղիների հե՞տ են կապված:

Կան մաշկային հիվանդություններ, որ մաշկային դրսևորում են ունենում։ Դրանք շատ չեն։ Մաշկաբանության մեջ կան հարյուրավոր հիվանդություններ, որոնք փորձում են կապել աղիների հետ, բայց դա այդքան էլ էդպես չի։ Մի պայմանով եմ աշխատում մաշկաբանների հետ։ Առաջին, եթե այդ մարդը չունի աղիքային խնդիր, ես իր հետ չեմ աշխատելու, պետք է սիմպտոմ պատմի։ Եթե պատմեց, այդ սիմպտոմի մասով, ես կփնտրեմ, կգտնեմ գաստրոէնտերոլոգիական խնդիր, կբուժեմ, ու ինքը կունենա դրական արդյունք, իսկ թե մաշկը դրանից կլավանա, թե չէ, ես այդտեղ կապ չունեմ. չեմ հավատում, որ դրանով կլավանա։

Դեղերից խոսենք. տոների կամ ինչ-որ միջոցառումների ժամանակ, երբ մարդիկ ուտելիքը չարաշահում են, շատ են ուտում, «Իմոդիում», «Մեզիմ» կամ այլ դեղեր են խմում, դրանք օգտակա՞ր են, թե՞ ավելի շատ մարքեթինգային նշանակություն ունեցող դեղեր են։

Ես ժողովրդի դեղերի ազատ օգտագործումից գոհ եմ։ Ինչու՞։ Կան հետազտություններ, որոնք ցույց են տալիս, որ դեղորայքային թունավորումներն այնքան քիչ են այն երկրներում, որքան ազատական է դեղերի շուկան՝ այսինքն՝ երբ ով ինչ դեղ ուզում է, կարողանում է գնել։ Բացատրությունը հետևյալն է. եթե մարդն ինչ դեղ ուզում, գնում է, ինքը սիրում է ինստրուկցիաները կարդալ և իրեն միշտ պատասխանատու է զգում իր խմած դեղի համար։ Այն պացիենտը, որը միշտ բժշկի ցուցումով է դեղերից օգտվում, նա զրոյական պատասխանատվություն է զգում իր ընդունած դեղերի նկատմամբ, և միշտ մտածում է, որ կոմպետենտ մեկը դրա համար պատասխանատու է՝ եթե ասել է, պետք է խմեմ։ Սա բերում է նրան, որ դեղերի օգտագործման կուլտուրան ավելի ցածր է լինում, փորձը՝ ավելի քիչ, և թունավորման ռեակցիաները՝ ավելի շատ։

Օրինակ՝ Հայաստանում ազատական վաճառքի անտիբիոտիկներ կան, բայց շատ քիչ մարդ կգնա, ինքնագլուխ անտիբիոտիկ կվերցնի, կօգտագործի։ Իմ կոլեգաները կասեն՝ Հա’յկ ջան, բայց գիտե՞ս՝ ինչքան են էդպես անում։ Ես կպատասխանեմ՝ բա գիտե՞ս, կովիդը, որ եկավ, անտիբիոտիկների անոտուգլուխ նշանակումները ուր են բերել, հասցրել. այսօր հելիկոբակտերը վերացնելու խնդիր ունենք մենք. ռեզիստենտության խնդիր ունենք։ Կորոնավիրուսի երկու տարուց հետո հելիկոբակտերի բուժման մեր պահեստային սխեմաներն էլ չկան (խոսքը տարածված՝ «Լևոֆլոքսացինի», «Ազիտրոմիցին» հակաբիոտիկների մասին է, հեղ.)։ Բա ի՞նչ ենք անելու։ Դրա համար հելիկոբակտեր ունեցողներին բոլորին հարցնում եմ՝ կովիդով բուժվե՞լ եք։

Բժիշկների մեծ մասը հակաբիոտիկների ազատ վաճառքին դեմ է արտահայտվում:

Թե չէ, որ բժշկի նշանակումով է, գրագե՞տ նշանակում է։ Եկե’ք վերցնենք անտիբիոտիկների ստացումը, տեսնենք՝ քանի՞սն է բժշկի նշանակումով գրագետ արվել, և քանի դեպք կա՝ պացիենտի կողմից չարաշահմամբ։ Կտեսնենք, որ անգրագետ նշանակումները բազմապատիկ անգամ ավելի շատ են, քան թե պացիենտի կողմից անգլուխ-անգլուխ կիրառումը։

Նախաճաշը պարտադիր՞ է ստամոքսի ճիշտ գործունեության համար:

Ես նման բաներ չեմ հասկանում։ Ես գիտեմ, որ ջիպը քշում ես՝ երբ ուզում ես, ոնց ուզում ես, որտեղ ուզում ես, ու եթե սարքին է՝ մարդ առողջ է, ոչ մի բան էլ չի լինում։ Միակ դիետիկ սահմանափակումը, որ ես տալիս եմ իմ պացիենտներին, դա գիշերները հաց չուտելն է։

Իսկ 4 ժամը մեկ ռեժիմով սնվե՞լը:

Ի՞նչ 4 ժամը մեկ։ Դա նույնն է, որ ասեն՝ արևի տակ չի կարելի դուրս գալ։ 

Ուռուցքաբանն, օրինակ, ասում էր, որ արևը քաղցկեղածին գործոն է։

Մարդիկ դաշտերում աշխատում են արևի տակ, իսկ լողափին ո՞նց է լինում։ Մարդիկ կան՝ ապրում և աշխատում են լողափին, այդ ո՞նց են անում։

Բերանի տհաճ հոտն ավելի շատ ստոմատոլոգիակա՞ն խնդիր է:

Լեզվից է` 99% դեպքերում, լուծվում է՝ որպես լեզվի խնդիր։ Մի քիչ էլ սրան միանում է մարդու ամոթխածությունը, կաշկանդվածությունը, հետո գալիս է հալիտոֆոբիան, երբ որ ինքը սկսում է ֆոբիա ունենալ դրանից։ Բայց մարդ իր հոտերը չի կարող զգալ։

Սա կարելի է նույնիսկ հիվանդություն չհամարել, բայց բուժման կարիք ունի, որովհետև սոցիալական անհարմարություններ է պատճառում, ինքնազգացողության, ինքնագնահատականի վրա ազդում է։

Առավոտյան բերանի տհաճ համի դեպքում ասում են՝ աղիքի խնդիր ունես, դա ճի՞շտ է։

Աչքերի ճպուռը ակնաբուժական խնդիր՞ է միշտ, չէ՞։ Դեպքերի մեծ մասում հարցը ֆիզիոլոգիական է, դրա համար առավոտը լվացվում են։ Եթե առավոտը զարթնեին, բերանից վարդ-մանուշակ բուրեր, աչքերին ու թարթիչներին էլ ադամանդներ, մարգարիտներ լինեին, մենք չէինք լվացվի, միանգամից տնից դուրս կգայինք։

Ջուր քիչ խմելը սխա՞լ է:

Ջուրը խմում են ծարավին համապատասխան։ Պետք չի ծարավի զգացումը փոխարինել ինչ-որ ինստրուկտորի ցուցումներով։ Միակ դեպքը, երբ ծարավի զգացումը կարող է բթացած լինել, ծերերն են։ Նրանց մոտ ջրազրկման վտանգն ավելի բարձր է։ Դրա համար նրանց կարող ես ասել՝ ջուր շատ խմիր՝ ի հեճուկս ծարավ չունենալու։ Կամ գրկի երեխաներն են արագ ջրազրկվում։ Պետք է շատ ուշադիր լինել։ Մնացած բոլորի դեպքում անիմաստ է։

Իսկ եթե ծարավ չե՞ս զգում:

Ուրեմն պետք է գնալ, բուժել ծարավի զգացումը, հասկանալ՝ ինչի է էդպես։ Դա խնդիր է։

Մեկնաբանություններ (3)

Մելինե
Ստամոքսի փքվածությունը և փորկապությունը ինչպես բուժել
Վարդուհի
Շնորհակալություն ` օգտակար տեղեկատվության համար։
Աննա
Բարև ձեզ 4 օրա փորլուծություն և սրտխառնոց ու փսխում ունեմ դա թունավորում թե ինֆեկցիա կարող է լինել? Եվ ինչ կարելիա ուտել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter