HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սոցաջակցության ծրագրերի շահառուներին և նպաստառուներին կարգելվի մասնակցել շահումով խաղերի

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հանրային քննարկման է դրել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։ Այն ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նոր օրենքը բաղկացած է 11 գլխից, որը ներառում է 62 հոդված։ Այն կարգավորելու է խաղային գործունեության ոլորտը, այդ թվում՝ ամրագրվելու են շահումով խաղերին մասնակցելու սահմանափակումներ և արգելքներ։

Գործող օրենքը լիարժեք չէ

Ներկայում մոլեխաղերի ոլորտը կարգավորվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով, սակայն ըստ ՊԵԿ-ի՝ գործող օրենքը լիարժեքորեն չի ներառում տվյալ ոլորտը, ինչի արդյունքում կարգավորումներից դուրս են մնում մի շարք կարևորագույն հայեցակետեր, ինչպես օրինակ` կիրառվող ծրագրային և տեխնիկական միջոցների համապատասխանությունը հայտարարված չափանիշներին, կեղծ կամ արտաքին միջամտությունից չպաշտպանված սարքավորումների կամ ծրագրային միջոցների կիրառմամբ խաղերի կազմակերպումը, ինչի արդյունքում ոտնահարվում են խաղացողների շահերը և այլն:

Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ «Խաղային գործունեության կարգավորման մասին» նոր օրենքի նախագծի նպատակը խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, պետական մարմիններին տրամադրվող տեղեկությունների, հաշվետվությունների ներկայացման ձևերի և մեթոդների արդիականացումը, ինչպես նաև մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանվածության ապահովումը։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ գործող օրենսդրությամբ՝ մշտապես առաջանում են հարցեր՝ կապված «շահումով խաղ» հասկացության մեկնաբանման հետ, բացի այդ, բավարար չափով կարգավորված չեն նաև ոլորտի նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրները, այդ թվում` ֆինանսական հոսքերի, խաղային պրոցեսում տեղի ունեցող իրադարձությունների, օրենքով սահմանված չափանիշների հետ սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը:

Շահումով խաղերին մասնակցության արգելքներ

Նոր օրենքով սահմանվում են նաև խաղերին մասնակցելու սահմանափակումները: Մասնավորապես` սահմանվելու են քաղաքացիների` խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները: Ընդ որում արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, ովքեր հանդիսանում են սահմանված որևէ տեսակի սոցիալական աջակցության ծրագրի շահառու, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից, հանդիսանում են «Պետական նպաստերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված որևէ տեսակի նպաստի նպաստառու, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված (չներված) պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերանզանում է տարեկան եկամուտների 40%-ը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։

Հավելենք, որ ՊԵԿ-ի առաջարկած օրենքի նախագիծը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ Բոլոր ընթացակարգերով անցնելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2025թ․ հունվարի 1-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter