HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուսաբանական այգում նոր անտառապուրակ է կառուցվելու․ նախագիծն արդեն պատրաստ է

Երևանի բուսաբանական այգու 30 հա տարածքում նախատեսվում է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշապուրակ կառուցել (այգին ամբողջությամբ զբաղեցնում է 79 հա տարածք)։ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն նախագիծն արդեն ներկայացրել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը։

Այդտեղից էլ տեղեկանում ենք, որ պուրակը սկսվելու է Ավան վարչական շրջանի Ծարավ-Աղբյուր փողոցից, որտեղ նախատեսված է հանդիպումների հրապարակ կառուցել։ Այն ծառայելու է որպես մուտքային հանգույց, այցելուների սպասարկման, գործնական  հանդիպումների գոտի։

Հիմնական ծառուղին նույնպես սկիզբ է առնելու Ծարավ Աղբյուր փողոցի մուտքից և տանելու է մինչև զբոսապուրակի շրջանաձև խաչմերուկը։

Զբոսապուրակը Բուսաբանական այգու այցելուների հիմնական երթուղու վրա է լինելու։ Հարելու է ջերմատան համալիրին։ Այն դառալու է հանգստի, զբոսանքի և ճեմելու հիմնական միջավայրը, քանի որ ունի լայն հնարավորություններ այցելուների տեղավորման, ինչպես նաև հանդիսությունների, ցուցադրությունների, փառատոնների կազմակերպման համար։

Զբոսապուրակից մինչև հուշահարթակ նախատեսված է աստիճանների կասկադ, որը սկսվելու է զբոսապուրակի շրջանաձև խաչմերուկից և բարձրանալու է մինչև հուշահարթակ։

Զբոսապուրակին հարակից՝ 4620 քմ տարածքի վրա նախատեսվում է արհեստական լճակ կառուցել (գլխավոր լուսանկարում)։ 

Բլուրի ամենաբարձր կետում նախատեսվում է կառուցել հուշահարթակը, որտեղ լինելու են զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթողներ, հուշարձաններ կամ հուշարձանախումբը, որը, ըստ նախագծի, պետք է կյանքի շարունակականության խորհրդանիշ դառնա։ Այդ կոթողի ճարտարապետական վերջնական լուծման համար նախատեսվում է բաց մրցույթ հայտարարել։

Հուշահարթակը մեծ չէ՝ 36/18 մետր չափերով, կոմպոզիցոն՝ 2 քառակուսի,  որից մեկի կենտրոնում կխոյանա կոթողը՝ նվազագույնը 12 մ բարձրությամբ։

Հարթակից նիշով ցածր մակարդակներում տեղակայվելու է ևս 2 հարթակ, որոնց ծածկույթը գույներով և նյութի տեսակով չի խանգարելու հուշահարթակի առաջնային ընկալմանը։

Պաշտոնական մուտքից մեկնարկող ծառուղին այցելուներին տանելու է մինչև շրջանաձև ծաղկանոց։ Նախատեսվում է պահպանել և արդիականացնել միջավայրը։

Ճեմուղիների շրջադարձներում նախատեսված են լինելու առանձին հատվածներ՝ որպես կարճաժամկետ հանգստի գոտիներ։ Յուրաքանչյուր գոտին, կախված ֆունկցիոնալ նշանակությունից, առանձնանալու է իր բնութագրով, ճարտարապետական կերպարով և միջավայրի ձևավորմամբ։

Շինաշխատանքների իրականացման համար նախատեսում է 2 փուլ՝ նախապատրաստական և հիմնական, ընդհանուր տևողությունը՝ 24 ամիս:

Պուրակում անցկացվելու է ոռոգման համակարգ։ Անտառապուրակը նաև հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար։

Այս նախագիծն իրականացնելու համար Կառավարությունը 2021թ․ սեպտեմբերի 25-ին հատուկ որոշում է կայացրել և փոփոխություններ արդեն կայացրած որոշումներով, համաձայն որի՝ Երևանի Բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման նախագծային աշխատանքների իրականացման համար ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից 64,3 մլն դրամ ֆինանսական միջոցները տրամադրվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Նույն որոշմամբ թույլատրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Բուսաբանական այգու տարածքում անտառպուրակի կառուցապատման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից։ Տվյալ դեպքում՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ից։

Նախագիծը հանրային քննարկման է դրվել, և  հուլիսի  15-ին՝ ժամը 12:00-ին, Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter