
Հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանում Ադապտիվ սպորտի կենտրոն կհիմնվի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է հաշմանդամություն ունեցող անձանց համար Ադապտիվ սպորտի կենտրոն հիմնել։ Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, ներկայում հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանում պետական ադապտիվ սպորտի կառույց չի գործում, սակայն հաշվի առնելով 2020թ․ արցախյան պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց քանակի ավելացումը և նրանց շրջանում սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով վերականգնողական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը, ԿԳՄՍ նախարարությունը մշակել է այս նախագիծը։
«Ադապտիվ սպորտի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և ադապտիվ սպորտ ներառվելու իրավունքի իրացմանը նպաստելն է։ Բայց այդ, ըստ նախագծի հիմնավորման՝ Ադապտիվ սպորտի կենտրոնի ստեղծումը կնպաստի հաշմանդամային սպորտի զարգացմանը և պարալիմպիկ մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի համալրմանը:
Հավելենք, որ այս նախաձեռնությունն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել