HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլոն Մասկը հրաժարվում է 44 միլիարդ դոլարով Twitter-ը ձեռք բերելուց. ընկերությունը կդիմի դատարան

Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ դուրս է գալիս Twitter սոցիալական ցանցի ձեռքբերման գործարքից։ Այն գնահատվում էր 44 միլիարդ դոլար։ Ընկերությունը պատրաստվում է դատի տալ Մասկին, որպեսզի հասնի համաձայնագրի կատարման։

BBC-ն, հղում անելով Մասկի փաստաբանների դատարան ներկայացրած նյութերին, գրում է, որ ընկերությունը Մասկին չի ներկայացրել մանրամասն տեղեկատվություն ֆեյքային օգտահաշիվների մասին, որոնք առկա են հարթակում։ Մասկի կողմից գործարքից հրաժարման նորությունից հետո Twitter-ի բաժնետոմսերն ընկել են 6 %-ով։ 

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորն ի պատասխան հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է դիմել դատարան՝ միաձուլման մասին համաձայնագրի կատարումն ապահովելու համար։ «Twitter-ի տնօրենների խորհուրդը մտադիր է փակել գնի և պայմանների շուրջ գործարքը, որը համաձայնեցվել է պարոն Մասկի հետ և նախատեսում է դիմել դատարան, որպեսզի ապահովվի միաձուլման շուրջ համաձայնագրի կատարումը։ Մենք վստահ ենք, որ հաղթանակ կտանենք Դելավերի դատարանում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թեյլորը։

Մասկի փաստաբանների հայտարարության մեջ էլ նշվում է, որ Twitter-ը չի կարողացել կամ հրաժարվել է պատասխանել բազմաթիվ հարցումներին, որոնք խնդրում էին տեղեկատվություն տրամադրել հարթակում կեղծ կամ սփամ օգտահաշիվների մասին, ինչը հիմնարար նշանակություն ունի ընկերության բիզնես արդյունավետության համար։ Փաստաբանները պնդում են, որ Twitter-ը խախտում է գործարքի դրույթները և արել է կեղծ ու շփոթության մեջ գցող հայտարարություններ, որոնց վրա հույս է դրել Մասկը՝ համաձայնագրի կնքման ժամանակ։

Ավելի վաղ, Իլոն Մասկն սպառնում էր դուրս գալ գործարքից, եթե սոցիալական ցանցի ղեկավար կազմն իրեն չապացուցի, որ ֆեյքային ու սփամ օգտահաշիվները կազմում են Twitter-ի օգտատերերի 5 %-ից ոչ ավելին։ Հունիսին ուղարկված պաշտոնական նամակում Մասկը գրում էր, որ որպես ընկերության գնորդ, իրավունք ունի ինքնուրույն գնահատել Twitter-ի օգտատերերի սփամ օգտահաշիվների թիվը։ Մասկի կողմը պնդում է, որ ընկերությունում այդպիսով խախտել են վաճառքի համաձայնագրի պայմանները։ 

Twitter ընկերությունը պնդում էր, որ սփամ օգտահաշիվների թվի մոտավոր գնահատականները ճիշտ են, սակայն, Մասկի կարծիքով, սոցիալական ցանցում կեղծ օգտահաշիվների թիվն ավելի շատ է, քան պաշտոնապես հայտարարված 5 %-ը։ Ինքը Մասկը նշում է, որ Twitter-ի օգտահաշիվների մինչև 20 %-ը կարող են կեղծ լինել։ 

Մասկն ապրիլին դարձել էր Twitter ընկերության խոշորագույն բաժնետերը՝ գնելով ընկերության բաժնետոմսերի 9,1 %-ը։ Գործարքի արժեքը կազմել էր 2,64 միլիարդ դոլար, ինչը նշանակում էր, որ ընկերության արժեքը գրեթե հասնում է 30 միլիարդ դոլարի։

Գործարարը հայտարարել էր, որ պատրաստ է ձեռքբերել ընկերության մնացած բաժնետոմսերն ավելի թանկ գնով՝ յուրաքանչյուրի համար 54,2 դոլար, ինչը գործարքը կհասցներ ռեկորդային 44 միլիարդ դոլարի։ Սակայն այն բանից հետո, երբ ապրիլի 25-ին գործարարը համաձայնվեց ձեռքբերել Twitter-ը, մի քանի օրվա ընթացքում բաժնետոմսերը սկսեցին ընկնել, քանի որ ներդրողները ենթադրում էին, որ, ըստ Reuters գործակալության, Մասկը կարող է հրաժարվել գործարքից։ Նախօրեին Twitter-ի բաժնետոմսերը վաճառվում էին մարտից ի վեր ամենացածր գնով։

Գործարքը պահանջում է, որ Իլո Մասկը Twitter-ին փոխհատուցի 1 միլիարդ դոլար, եթե նա չկարողանա ավարտել գործարքն այնպիսի պատճառներով, ինչպիսին է դրա համար վճարել չկարողանալը կամ էլ կարգավորիչ մարմինների կողմից գործարքի արգելափակումը։ Սակայն դա չի տարածվում այնպիսի դեպքերի վրա, ինչպիսին գործարքի խզումն է։ Reuters-ը նշում է, որ հավանաբար Մասկի որոշումը կհանգեցնի երկարատև դատական քաշքշուկների։ «Դա Twitter-ի և նրա տնօրենների խորհրդի համար աղետալի սցենար է, քանի որ հիմա ընկերությունը երկարատև դատական գործընթացում կմարտնչի Մասկի հետ»,- գործակալությունը մեջբերում է Wedbush-ի վերլուծաբան Դենիել Այվզի խոսքերը։

Իլյուստրացիան՝ CNN-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter