
Շրի Լանկայում զանգվածային ցույցերի հետևանքով տուժածների թիվը հասել է 103-ի
Առնվազն 103 մարդ է տուժել Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում տեղի ունեցած զանգվածային ցույցերի հետևանքով, երբ ցուցարարները ներխուժել էին երկրի նախագահի նստավայր։ Այդ մասին հայտնում է տեղական News First պարբերականը։ Վերջինի տվյալներով՝ տուժածների թվում 11 լրագրող կա։
Կոլոմբոյի ազգային հիվանդանոցից հայտնել են, որ 55 մարդ հոսպիտալացվել է, մեկ տուժած էլ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։ 3 մարդ էլ ստացել է հրազենային վիրավորում։ Զոհերի մասին տվյալներ չկան։
Ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում են Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեի նստավայրը հրդեհելու մեջ։
Հուլիսի 9-ին Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել՝ տնտեսական ճգնաժամի պատճառով։ Ցույցերին մասնակցել էին երկրի տարբեր հատվածներից ժամանած քաղաքացիներ։ Նրանք պահանջում էին, որ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան և վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն հրաժարական տան։
Ցուցարարները ներխուժել էին նախագահի նստավայր և նրա գրասենյակ, ինչպես նաև հրդեհել վարչապետի նստավայրը։ Երեկոյան կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ հուլիսի 13-ին նախագահը հրաժարական կտա։
Լուսանկարը՝ Buddhika Weerasinghe/Getty Images
Մեկնաբանել