
Նախարար. «Նախատեսում ենք 2023 թվականին բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները»
2023 թվականին կենսաթոշակներն ու աշխատավարձերը կբարձրանան: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նախատեսում ենք 2023 թվականին բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը»,- ասաց նա ասաց` հավելելով, որ այժմ քննարկում են 2023 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի նախատեսվում է կենսաթոշակները բարձրացնել մինչև վեց հազար դրամով:
Լրագրողի հարցին, թե արդյոք նախարարները Սահմանադրության օրվա առիթով պարգևավճար ստացել են, նախարարը ժխտական պատասխան տվեց: Նա նաև ընդգծեց` դեմ է, որ համեմատեն պատգամավորների պարգևավճարները թոշակառուների ստացած թոշակների հետ:
«Պատգամավորների և՛ պարգևավճարը, և՛ աշխատավարձը, եթե օրինակ, պրոյեկտենք 500 և ավելի հազար մարդու կենսաթոշակի բարձրացմանը, շատ չնչին է, չի էլ երևա, եկեք այդ համատեքստում չնայենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրության օրվա առթիվ Ալեն Սիմոնյանը պարգևատրել էր ՔՊ-ական պատգամավորներին:
Մեկնաբանել