HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուս գործարարները ոսկու արդյունահանման նոր տարածքներ են փնտրում․ երկրորդ հայտը՝ նույն տարածքների համար

Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ն մտադիր է ուսումնասիրել Լոռու մարզի 5 բնակավայրի վարչական տարածքներից շուրջ 1300 հա տարածք։

Հիշեցնենք՝ «Սագամար» ՓԲԸ-ն Արմանիսի ոսկու հանքավայրի շահագործողն էր, որը շուրջ 7 տարի է՝ չի գործում։ Այժմ ընկերությունը մտադիր է ուսումնասիրել Արջուտի, Պուշկինոյի, Ուրասարի, Ստեփանավանի և Նոր Խաչկապ գյուղերի վարչական տարածքները պաշարներ հայտնաբերելու նպատակով։

Երեկ նշված հինգ բնակավայրում հանրային լսումներ էին նախատեսված։ Մեզ հետ զրույցում նախագծող ընկերության ներկայացուցիչ Արթուր Մինասյանը պարզաբանեց, որ չնայած հանրային նախնական լսումներին Արևաշող էր ներառված, սակայն ընկերությունն այլևս հետաքրքրված չէ Արևաշողի տարածքներով, և այն շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտից դուրս են թողնելու։

Երեկ հանրային լսումներ չեն կայացել Ստեփանավանում, քանի որ հայցվող տարածքի վարչական սահմանները հստակեցված չեն՝ արդյոք հայցվող տարածքը Ստեփանավանի, թե Արմանիսի վարչական տարածքներում է ընդգրկված։ Այդ ճշգրտումներն անելու համար պետք է դիմեն Կադաստրի կոմիտե, ինչից հետո հանրային նախնական լսում այդ համայնքում կամ բնակավայրում նոր կնշանակվի։ Արջուտում ևս հանրային լսումը չի կայացել, ինչպես նախագծող ընկերության ներկայացուցիչն ասաց, ոչ պատշաճ իրազեկում կազմակերպելու պատճառով։ Այնտեղ ևս պետք է կրկին նախնական լսումներ անցկացվեն։

Հանրային լսումներ կայացել են Ուրասար, Պուշկինո, Նոր Խաչկապ գյուղերում, սակայն համայնքներից դեռևս կարծիքներ չեն ստացվել։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հայտ էր ներկայացրել նաև «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ն, որի միակ հիմնադիրն ու մասնակիցը Ավստրալիայի քաղաքացի Դեննիս Ջեյ Մուրն էր։ Այս ընկերությունը ևս Պուշկինո և Ուրասար բնակավայրերում հանրային լսումներ էր կազմակերպել և ստացել նախնական դրական կարծիքները։

Այս ամենից զատ, ՇՄՆ-ն դրական եզրակացություն է տվել «Մայֆորեսթ․ԷյԷմ»բնապահպանական հասարակական կազմակերպության՝ Լոռու մարզում իրականացվելիք անտառապատման նախագծին, որի ապագա ծրագրերում Նոր Խաչկապ բնակավայրի վարչական տարածքում անտառտնկման աշխատանքներ իրականացնելը ևս նախանշված է։

«Մայֆորեսթ․ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպությունից հայտնեցին, որ Սագամարի նախագիծն իսկապես մասամբ խաչվում է և մեծ հատվածով հարակից է իրենց անտառտնկման նախագծին։ «Ըստ մեր տեղեկությունների՝ Սագամարի գործունեությունն իրականացվելու է Բազումի հյուսիսային լանջի գետի հակառակ կողմում»,- նշեց  «Մայֆորեսթ․ԷյԷմ»-ի հանրային կապերի և հաղորդակցության ղեկավար Սաթենիկ Ասիլյանը։

Արթուր Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1300 հա տարածքը շատ ընդհանուր է, և հնարավոր է՝ շատ կրճատվի։ Մասնագիտական վերլուծությունից հետո՝ մինչ ՇՄԱԳ-ը տարածքները կհստակեցվեն։

«Սագամար» ՓԲԸ-ի բաժնետերերը ՌԴ քաղաքացիներ են. խոշոր բաժնեմասը ռուս մեծահարուստ Դմիտրի Տրոիցկունն է` 70,34 %-ը, որը ձեռք է բերել դեռևս 2008թ. հունիսի 24-ին: Մնացյալ 29,66 %-ի բաժնետերը նրա գործընկեր, ՌԴ մեկ այլ գործարար և միլիոնատեր Դմիտրի Կորժևինն է, բաժնեմասը ձեռք է բերել նույն օրը: Այս գործարարները ռուսաստանյան O'Kay հիպերմարկետների ցանցի հիմնադիրներն են: Վերջիններս նաև շահագործում են Վրաստանի Բոլնիսի շրջանի Սակդրիսիի հանքավայրը։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter