HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու պատերազմի միջով անցած Գառնիկը մտածում է շատ երեխա եւ բարեկարգ տուն ունենալու մասին

Կեսօրվա տապը թափանցիկ վարագույրի պես կախվել է Կապանի Բարաբաթում թաղամասի վրա։ Առավոտյան Մարիաննան այգու ծաղիկներից մի փոքր փունջ է քաղել, դրել պահարանին։ Երեխաների գույնզգույն շորերն են պարանին, դրանց մոտ՝ ծաղիկները։ Տնից երեւում է հայ-ադրբեջանական շփման նոր գիծը։

Բակի հողոտ գետնին դրված սեղանի մոտ ենք հավաքվում։ 35-ամյա Գառնիկ Մարգարյանը սեղանին է դնում ծխախոտն ու կրակայրիչը։ Նրա թիկունքում Կապանն է, որի պաշտպանության համար կռվել է 4-օրյա ու 44-օրյա պատերազմներում։ Զրույցը թվացյալ թեթեւ է, բայց դրանում նուրբ ու փխրուն շերտեր կան։

3 տարի առաջ մեր նստած տեղն ամբողջությամբ հողով էր ծածկված։ Գառնիկն այն փորել է, հարմարեցրել, ծածկ կառուցել։ Իսկ սենյակը, որտեղ ինքն ու կինը 4 երեխաներով ապրում են, ինքն է նորոգել։

Հիմա դրա կողքին երկրորդ սենյակն է նորոգում։ Այն նախատեսել են իրենց՝ ամուսինների համար, իսկ արդեն նորոգված ու լուսավոր սենյակը երեխաներինն է։

Գառնիկը վառում է ծխախոտի գլանակը։ Երեխաներն սկզբից հավաքվում են սեղանի շուրջ՝ 8-ամյա Լիլին, 6-ամյա Էմին, 4-ամյա Լիան եւ 3-ամյա Էմիլիան։ Գառնիկն ասում է, որ Էմիլիայի անունը ավագ քույրերի՝ Էմիի եւ Լիայի անունների միավորումից է։ Ժպտում ենք։ Էմիլիան մորն է նայում։

Մարիաննան 28 տարեկան է։ Արտաշատի Վերին Դվին գյուղից է։ Ասորի է։ 2013-ին, երբ Կապան էր եկել, խանութից դուրս գալուց Գառնիկին էր հանդիպել։ Հետո այդ հանդիպման մասին մոռացել էր, բայց Գառնիկը հիշում էր։ Սկսել էր փնտրել Մարիաննային, որն արդեն վերադարձել էր Վերին Դվին։ Իսկ երբ դարձյալ Կապան էր գնացել, Գառնիկին հաջողվել էր գտնել նրան, ամիսներ անց էլ՝ դեկտեմբերին, ամուսնացել էին։

Մարիաննան ժպտում է, ասում է՝ անձրեւ էր գալիս, դեկտեմբերի 3-ն էր։ Գառնիկի հայրական տուն էին գնացել քրոջ հետ, երբ դուրս էին եկել, քույրը խանութ էր մտել, ինքն ու Գառնիկն էլ մեքենայի մոտ սպասում էին։ Ցուրտ էր, ու Գառնիկն առաջարկել էր նստել մեքենան, ինչից հետո ընկերոջ հետ Մարիաննային տարել էր Կապանից ոչ հեռու՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Գրհամ գյուղ, որտեղ ինքն էր ապրում։

-Ինձ տարավ անտառներ, կյանքում ե՞մ անտառում եղել,- ասում է Մարիաննան ու նայում ամուսնուն։ Երկուսով ժպտում են, ու թվում է, թե երեկվա մասին են խոսում։

Գրհամում ջուր ու լույս չկար։ Գառնիկը տուն ջուր էր տանում դրանից 3 կմ հեռու գտնվող ջրհորից, իսկ լույսի համար մարտկոցներ էր դրել։ Միասին այգի էին մշակում, Գառնիկն անասնապահությամբ էր զբաղվում։ Մարիաննան ասում է՝ պնդուկի, ընկույզի լավ ծառեր ունեին։

Մեծ դուստրը՝ Լիլին, 8 ամսական էր, երբ վերադարձել էին Կապան, բայց հետո էլ գնում-գալիս էին Գրհամ։ Երեխայի ծնվելուց հետո Գրհամում կենցաղային պայմաններին հարմարվելը բարդ էր։ Իսկ երբ երկրորդ դուստրը՝ Էմին, 4-5 ամսական էր, քառօրյա պատերազմն սկսվեց։ Գառնիկը պահեստազորի կազմում նախ մեկնել էր Ջրական, ապա՝ Թալիշ։ Պատերազմից հետո որպես համայնքի լավագույն մարտիկ ժամացույց էր նվեր ստացել։

Ապրիլյան պատերազմից ավելի ուշ Գառնիկը պայմանագրային զինծառայության էր անցել Հայաստանում։ 44-օրյա պատերազմի ժամանակ պայմանագրային էր։

Երբ հարցնում եմ պայմանագրային զինծառայող դառնալու պատճառի մասին, միանգամից է պատասխանում՝ «խառը ժամանակները»։ Ամսական 180 հազար դրամ էր ստանում, իսկ ամսվա մեծ մասը մարտական դիրքերում էր։ Ասում է՝ 3870 մետրի վրա սահման էր պահում, այնտեղից Մասիսն էլ էր երեւում։

2020 թ․ սեպտեմբերի 27-ը կիրակի էր, Գառնիկը տանն էր, երբ առավոտյան ժամը 6-ին տագնապ էին հայտարարել, հագնվել ու բարձրացել էր Գեղիի մարտական դիրքերը, որտեղից մեկ ամիս անց իջել էին Կապանի Դավիթ Բեկ գյուղի մոտ։ Մինչեւ նոյեմբերի 10-ը մնացել են այդտեղ։ Պարտության ծանր լուրը Գառնիկն այդտեղ էր լսել։

-Հըվատում չում լյա, վեր թորքը կարե էդքան պեն անե։ Ինքը չի ըրալ, պո լյուբոմու ադրբեջանցին չի ըրալ։

-Ի՞նչ եք մտածում հիմա։

-Մըզ ռեւանշ ա պետք։

Տան բակից երեւացող նոր սահմանին ենք նայում։ Գառնիկը սահմանապահ զինվորների համար երբեմն սնունդ է տանում։ 

«Մհենգ մի 15 տարեկան խըխեն կացինը տնիս ծեռքին, ասիս՝ քինե ծառ կտրե, գիդալու չի՝ ծառը կլխանըն կտրում, թե տական։ 95-ից հետո սերունդը փափուկ ա ապրում, որ դժվարություն տեսնըմ չըն, դիմադրել ալ կարում չըն»,- ասում է 35-ամյա Գառնիկը։

Պատերազմի մասին խոսելուց նա վառում է ծխախոտի հերթական գլանակը։ Լիլին հավաբնում հավերի կչկչոցն է բարձրացրել․ ստուգում է՝ ձու ածե՞լ են, թե՞ ոչ։ Գառնիկը մի պահ նայում է դստեր ուղղությամբ, կարճ ակնարկ անում նրա խիզախության մասին, ապա լռում։

Մեկ տարի առաջ նա դուրս է եկել զինծառայությունից։ Հիմա Կապանում տաքսի է քշում։ Ասում է՝ ձեռքից ամեն բան գալիս է, տունն էլ քիչ-քիչ կսարքի, եթե ֆինանսականը․․․ հետո չի շարունակում։ Սա մեր զրույցի միակ պահն է, երբ Գառնիկը խոսում է իր ընտանիքի սոցիալական վիճակից։

Ամիսներ առաջ «Վորլդ Վիժն» կազմակերպությունից ջերմոց են ստացել։ Այգին հիմնականում կինն է խնամում, Գառնիկ փխրեցնում է, առուները քաշում, իսկ մնացած աշխատանքը Մարիաննան է անում։

Լոբի, կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, պղպղեղ․․․ ամեն ինչ էլ ստանում են՝ կարճ ասում է Մարիաննան։ Նույնիսկ հասցնում են քիչ-քիչ վաճառել։ Ասում է՝ չեն բողոքում, աշխատում, ստեղծում են, դժվարություններն էլ կհաղթահարեն, միայն թե Լիլիի աչքի հարցը շուտ կարողանան լուծել։ Լիլին շլություն ունի, Երեւան ախտորոշման պիտի տանեն։

Լիլիին հարցնում եմ, թե ինչ երազանքներ ունի, ասում է՝ խելացի ժամացույց է խնդրել Ձմեռ պապից։

-Ինչի՞ համար։

-Որ ժամը ճիշտ ցույց տա։

-Որ իմանաս ճիշտ ժամը, ի՞նչ ես անելու։

-Դպրոցից չեմ ուշանա։

-Ինչի՞, Լիլին դպրոցից շատ ա ուշանու՞մ,- հարցնում եմ ծնողներին։

-Չէ, Լիլին մի 20 րոպե էլ շուտ ա հասնում դպրոց, ու ամենաուշն էլ ինքն ա դպրոցից դուրս գալիս։ Սիրում ա դպրոցը,- սա ասելուց Մարիաննան ժպտում է։

-Իսկ դուք ի՞նչ երազանքներ ունեք։

-Մենք ամեն ինչ էլ անելու ենք, ստեղծելու ենք,- պատասխանում է Գառնիկը, կինն ավելացնում է՝ միայն երեխաներն առողջ լինեն։

Չնայած Գառնիկն ու Մարիաննան հույսով են տրամադրված ապագայի եւ իրենց ծրագրերի իրականացման հանդեպ, տունն ու տարածքը, որտեղ ապրում են, նրանց չի պատկանում։ Ամուսիններով հրապարակային չեն ցանկանում խոսել այդ մասին, բայց սա Գառնիկի պապական տունն է, որտեղ նա սեփականություն չունի։

Ձմռանն այստեղ ցուրտ է, տունը վառարանով են տաքացնում։ Այդուհանդերձ, ամուսիններն ասում են, որ իրենք աշխատող են, կհասցնեն։ Երկու ամիս առաջ Գառնիկը դիմել է Կապանի լեռնահարստացման կոմբինատ՝ աշխատանքի ընդունվելու համար, բայց դեռ պատասխան չի ստացել։

4 դուստր ունեցող 35-ամյա Գառնիկն ասում է, որ դեռ պիտի 4 որդի ունենա։ Ցանկանում է, որ շատ երեխաներ ունենան ոչ միայն ինքը, այլեւ իր զավակները։  

Բակի ծորակից հոսում է ջրի բարակ շիթը։ 8-ամյա Լիլին հավաբնից դատարկաձեռն է վերադառնում, հետո 6-ամյա Էմիի հետ սկսում է խաղալ, գույնզգույն լվացքը թեթեւ քամուց տարուբերվում է, իսկ հեռվում ձորն է ու նոր սահմանը՝ կեսօրվա տապի թափանցիկ վարագույրով պատված։

Մեկնաբանություններ (1)

Sako
I vote Garnik to be PM.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter