HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Բուժհաստատություններից ոստիկանությանը պարտադիր հաղորդում ներկայացնելու դեպքերը կլրացվեն

Առողջապահության նախարարությունը մտադիր է լրացնել այն դեպքերի շարքը, որոնց առկայության դեպքում բուժհաստատությունները պարտավոր են հաղորդում ներկայացնել ոստիկանություն։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Գործող օրենքով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են հաղորդում ներկայացնել ոստիկանություն, եթե բուժհաստատություն տեղափոխված անձն անգիտակից է կամ ունի գլխի վնասվածք կամ ուղեղի ցնցում կամ 3-րդ կամ 4-րդ աստիճանի այրվածք կամ կտրող-ծակող գործիքով առաջացրած վերք կամ թափանցող վերք կամ հրազենային վնասվածք կամ պոլիտրավմա կամ թունավորում, կամ պարզված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ պացիենտի առողջությանը կամ կյանքին պատճառված վնասը բռնի կամ հակաօրինական գործողությունների կամ ինքնավնասման կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանք է, ինչպես նաև այն դեպքերում, երբ բժշկական հաստատություն է տեղափոխվել դիակ:

Ներկայացված օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ վիճակագրական տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է` գործող իրավակարգավորմամբ սպառիչ թվարկված լինելով հաղորդում ներկայացնելու համար պարտադիր դեպքերը, գործնականում քողարկված են մնում բազմաթիվ դեպքեր, որոնք բռնության գործադրման հետևանքներ են, սակայն հաշվի առնելով, որ տվյալ դեպքը նախատեսված չէ որպես պարտադիր հիմք հաղորդում ներկայացնելու համար, համապատասխան տեղեկատվությունը չի ներկայացվում իրավապահ մարմին: 

Ըստ այդմ, նման իրավիճակներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը անհրաժեշտ է համարել վկայակոչված դրույթը շարադել նոր խմբագրությամբ` ոստիկանություն հաղորդում ներկայացնելու պարտադիր դեպքերը համալրելով այն իրավիճակներով, որոնք առավելապես կնպաստեն բռնության դեպքերի բացահայտմանը:

Այժմ առաջարկվում է լրացում կատարել օրենքում՝ սահմանելով, բուժհաստատությունները պարտավոր են հաղորդում ներկայացնել ոստիկանություն, եթե բուժհաստատություն տեղափոխված կամ դիմած պացիենտն անգիտակից է կամ ունի գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների վնասվածք(ներ) կամ այրվածք(ներ) կամ ցրտահարություն կամ կտրած, կտրած-ծակած, ծակած վերքեր կամ հրազենային վնասվածք կամ պայթունային վնասվածք կամ պոլիտրավմա կամ ոսկրի(երի) կոտրվածքներ կամ թունավորում (կամ թունավորման կասկած), կամ պարզված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ պացիենտի առողջությանը և կյանքին պատճառված վնասը կարող է պայմանավորված լինել բռնի կամ հակաօրինական գործողությունների կամ ինքնավնասման կասկածի կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, ինչպես նաև այն դեպքերում, երբ բժշկական հաստատություն է տեղափոխվել դիակ։

Հավելենք, որ այս օրենքի նախագիծը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter