
Իրանը հերքում է Ռուսաստանին մարտական անօդաչուների վաճառքի լուրերը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում Իրանը չի օգնի կողմերից և որևէ մեկին։
«Արևմտյան որոշ երկրներ, որոնց թվում նաև ԱՄՆ-ն, արտադրում են սպառազինություն և փորձում վաճառել իրենց արտադրանքը։ Մենք էլ փորձում ենք խուսափել ցանկացած գործողությունից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի։ <…> Մենք պաշտպանության մասին համաձայնագիր ունենք Ռուսաստանի հետ, բայց մենք չենք օգնի կողմերից և որևէ մեկին, որոնք ներգրավված են այդ հակամարտությունում»,- ասել է նախարարը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Ռուսաստանին զինամթերքի և տեխնոլոգիաների հնարավոր մատակարարման վերաբերյալ հարցին, պատասխանել էր, որ Ուկրաինայում պատերազմի նկատմամբ Իրանի տեսակետը «բավականին պարզ է և բազմիցս պաշտոնապես հրապարակվել է»։ Նա չէր հաստատել և չէր հերքել տեղեկատվությունն այն մասին, թե արդյոք իրանական իշխանությունները պլանավորում են անօդաչուներ վաճառել Ռուսաստանին։
Երեքշաբթի օրը՝ հուլիսի 12-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է «արագացված ժամկետներում Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու, այդ թվում ապարատներ, որոնք ունակ են զենք տեղափոխել»։ Նրա խոսքով՝ Իրանն այս ամիս նաև պատրաստվում է «վերապատրաստել ռուսական ուժերին դրանց օգտագործման համար»։
«Ռուսաստանցի ռազմական բլոգերները և ռազմական թղթակիցները վաղուց են քննադատում Կրեմլին՝ անօդաչու սարքերի բացակայության պատճառով օդային հետախուզության և հրետանային կրակի ճշգրտման միջոցների անարդյունավետության համար»,- հուլիսի 12-ին նկատել էր Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։ Հետազոտողները նաև հղում էին անում Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիրկինին, որը հայտարարում էր, որ Ուկրաինայի զինված ուժերը «Դոնեցկի մարզում հաջողությամբ պաշտպանել էին ռազմաճակատը՝ շնորհիվ այդ շրջանում ուկրաինական դրոնների հնարավորությունների առավելության»։
Իրանական իշխանությունները Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և պատերազմի սկսման վերաբերյալ իրենց դիրքորոշումը պաշտոնապես հայտնել էին ներխուժումից մի քանի օր հետո։ Համաձայն Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքերի՝ կողմերին անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները։ Միևնույն ժամանակ, ինչպես պնդում էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, Ուկրաինայում պատերազմը դարձել էր «ԱՄՆ քաղաքականության հետևանք»։
BBC-ի ռուսական ծառայությունը նշում էր, որ Իրանում անօդաչու թռչող ապարատների զանգվածային արտադրությունն իրականացվում է 2021 թվականի վերջից։ Որպես օրինակ իրանական ձեռնարկությունները վերցրել էին ամերիկյան RQ-170 Sentinel ապարատի մոդելը, իսկ արտադրված դրոնները փոխանցվում էին մարտական խմբավորումներին, որոնց աջակցում է Իսլամական Հանրապետությունը։
Լուսանկարը՝ Iranian Army/Handout/Anadolu Agency via Getty Images
Մեկնաբանել