
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր կդառնա վերջին 2 տարում 60 օր մշտական բնակվելը
Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԱԾ-ն հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ազգությամբ հայերը Հայաստանում բնակություն հաստատելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Սակայն ինչպես ընդգծում է Ազգային անվտանգության ծառայությունը, «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համարվում Հայաստանում բնակություն հաստատած:
Ըստ ԱԱԾ-ի՝ վերջին տարիներին կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է,որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայցող անձանց մի ստվար զանգվածը (հատկապես Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ և կարճ ժամկետներով, իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քաղաքացիություն հայցելու նպատակով), տեղեկացված չեն հայկական մշակույթի, պատմության, ՀՀ-ում ընթացող հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գործընթացների մասին, ճանաչված չեն ծագման երկրի հայ համայնքում, որևէ մասնակցություն չունեն ծագման երկրներում հայ համայնքի և հայկական եկեղեցական կյանքին և, որպես կանոն, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն:
ԱԱԾ-ի իրականացրած ուսումնասիրություններով պազվել է նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, հիմնականում Մերձավոր Արևելքի երկրների (հատկապես Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և այլն) քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք ձեռք չեն բերել և տնտեսական գործունեություն չեն ծավալել, ինչպես նաև մեծ մասամբ Հայաստան չեն այցելել: Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար:
Բացի այդ, ինչպես նշում է ԱԱԾ-ն, ազգությամբ հայ լինելու հիմքով ՀՀ քաղաքացիություն հայցող օտարերկրացիների ներկայացրած` ազգային պատկանելիությունը հավաստող փաստաթղթերի իրավաչափության գնահատման հարցում նույնպես գործնականում հաճախ բարդություններ են առաջանում:
Նշված օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով ԱԱԾ-ն առաջարկում է ազգությամբ հայ՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու համար վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր Հայաստանում օրինական հիմքերով բնակվելու (գտնվելու) պարտադիր պահանջ սահմանել։
Հավելենք, որ այս օրենքի նախագիծը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։
Մեկնաբանել