HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կառավարության գթասրտությունը Ծառուկյանի նկատմամբ. ինչպես «Շանգրի Լա»-ի 4.2 մլրդ դրամ պետական տուրքը մնաց հարկատուների ուսերին

Այս տարվա հուլիսի 7-ին Կառավարությունը որոշում ընդունեց, որ պետությունը պետական բյուջեից պետք է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան փոխարեն 4.2 մլրդ դրամ պետական տուրք վճարի։ Այս որոշմանը նախորդում է մի թնջուկ-պատմություն, որի գլխավոր դերերում են Ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Պետական եկամուտների կոմիտեն և դատարանում նրանց հաղթած «Օնիրա քլաբ»-ը՝ «Շանգրի Լա»-ն շահագործող ընկերությունը։ 

2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի պայմաններում, խաղատունը չի գործել։ Բայց, միևնույն ժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն պահանջել է, որ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերությունը շարունակի պետական տուրք վճարել։ Վերջինս հրաժարվել է, իսկ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը որոշել է «Օնիրա Քլաբ»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

«Օնիրա Քլաբ»-ը դատական հայցեր է ներկայացրել Ֆինանսների նախարարության ու ՊԵԿ-ի դեմ և հաղթել նրանց դատարանում։

Այս պատմության վերջում Կառավարությունը որոշում է գթասիրտ գտնվել ու խաղատան փոխարեն վճարել գոյացած տուրքերը։ Այս թեմայով  շատ մանրամասներ չներկայացվեցին ոչ Կառավարության նախագծում, ոչ էլ՝ նիստին այդ հարցի քննարկման ժամանակ։ Փոխարենը դրանք հնարավոր եղավ գտնել պետական որոշումների փաստաթղթերում և «Դատալեքս» տեղեկատվական համարգում։

Պարետի որոշման արդյունքում «Շանգրի լա»-ն փակվել է և պետական տուրք չի վճարել, ֆինանսների նախարարն էլ որոշել է զրկել ընկերությանը լիցենզիայից, սակայն պարտվել է դատարանում։

Դեռևս 2020 թվականի մարտի 23-ին պարետի որոշմամբ Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ, այդ թվում ՝ խաղատների կազմակերպումը։ Նպատակը՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի տարածումը կանխելն էր։

«Օնիրա Քլաբ»-ը շահագործում է «Շանգրի լա» խաղատունը, որի համար պահանջվում է լիցենզիա և լիցենզիայի համար գանձվում է պետական տուրք: «Շանգրի Լա»-ն փաստացի փակ է եղել 2020 թվականի մարտից հետո, որի պատճառով «Օնիրա Քլաբ»-ը որոշել է չվճարել պետական տուրքը։

Նույն տարվա նոյեմբերի 20-ին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ստորագրել է հրաման, որով ուժը կորցրած է ճանաչել «Օնիրա Քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան՝ պետական տուրքը չվճարելու հիմքով։

Այս հրամանը «Օնիրա քլաբ»-ի կողմից վիճարկվել է Վարչական դատարանում, հարուցվել է վարչական գործ ու 2021 թվականի փետրվարի 15-ին ընկերության հայցը բավարարվել է։ Դրանով անվավեր է ճանաչվել ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին ֆինանսների նախարարի հրամանը։

Հետո նշված վճռի դեմ բողոք է բերվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Սակայն, Վճռաբեկ դատարանի կողմից այն վարույթ ընդունելը մերժվել է, որի մասին որոշումը կայացվել է 2022 թվականի մայիսի 18-ին։

Պետությունը «քավում է մեղքը» և վճարում «Օնիրա Քլաբ»-ի փոխարեն

Այդպիսով, փաստացի «Օնիրա Քլաբ»-ը խաղատան լիցենզիայից զրկված է եղել 2020 նոյեմբերի 20-ից մինչև 2022 թվականի մայիսի 18-ը։

«Այդ ժամանակահատվածում ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ, ըստ էության, չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում էլ պետք է վերահաշվարկվեն և զրոյացվեն»,- այս տարվա հուլիսի 7-ին Կառավարության նիստին հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Միաժամանակ, հղում անելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքին, Արման Պողոսյանը շեշտեց, որ ընկերությունը շարունակել է կրել 2020 նոյեմբերի 20-ից առաջ ունեցած պարտավորությունները, այդ թվում այն ժամանակահատվածի, երբ պարետի որոշմամբ խաղատունը փակ է եղել։ Քանի որ լիցենզիան շարունակել է գործել, ըստ Ֆինանսների նախարարության, «Օնիրա Քլաբ»-ը պարտավոր էր վճարել պետական տուրքը՝ նույնիսկ եթե խաղատունը փակ է եղել պարետի որոշման հետևանքով։

Այլ կերպ ասած, ֆինանսների նախարարության մեկնաբանմամբ՝ 2020 թվականի մարտի 23-ից (երբ պարետը հրամայել է փակել խաղատները), մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը (երբ ֆինանսների նախարարը հրամայել է ուժը կորցրած ճանաչել «Օնիրա Քլաբ»-ի լիցենզիան),  ընկերությունը շարունակել է լիցենզիա ունենալ և պարտավոր է եղել պետական տուրք վճարել։ Ֆինանսների նախարարությունից «Հետքին» տեղեկացրին, որ գոյացած մոտ 4.2 մլրդ դրամը հենց այդ ժամանակահատվածին է վերաբերում։ Հիմնական պետտուրքին գումարված են նաև տույժեր։

Ու թեև Ֆինանսների նախարարությունը պնդում է, որ օրենքով ընկերությունը պարտավոր էր վճարել այդ գումարը, սակայն միաժամանակ առաջարկել է, որ պետությունը դա անի «Օնիրա Քլաբ»-ի փոխարեն, որպեսզի ընկերության համար մեղմացվեն այն տնտեսական հետևանքները, որոնք կիրառվել են պարետի որոշմամբ 2020 թվականին։

«Օնիրա քլաբ»-ը զուգահեռաբար դատարանում պայքարել է նաև ՊԵԿ-ի դեմ. ՊԵԿ-ը պահանջել է, որ լիցենզիա չունեցած ամիսների համար ևս տուրք վճարվի

Բացի այն, որ «Օնիրա քլաբ»-ը դատարանում գործընթացների մեջ է եղել Ֆինանսների նախարարության հետ, ընկերությունը դատարանում պայքարել է նաև ՊԵԿ-ի դեմ։ Բանն այն է, որ պարետի որոշումից ի վեր «Օնիրա քլաբ»-ը չի վճարել պետական տուրք։ Այդ ընթացքում ՊԵԿ-ը ակտեր է կազմել՝ պահանջելով ընկերությունից վճարել տուրքերը, այդ թվում՝ այն ժամանակահատվածի համար, երբ ընկերությունը զրկված է եղել լիցենզիայից։

«Օնիրա Քլաբ»-ը 2021 թվականի հունիսի 17-ին մուտքագրված հայցադիմումով պահանջել է անվավեր ճանաչել ՊԵԿ-ի ակտերը, որոնցով ընկերությունից պահանջվել է շուրջ 1.4 մլրդ դրամ վճարել։  Բացի այդ, երբ ընկերությունը չի կատարել ՊԵԿ-ի պահանջները, ՊԵԿ-ը որոշել է 1.4 մլրդ դրամի չափով արգելանք դնել «Օնիրա Քլաբ»-ին պատկանող բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա։ Այդպիսով, «Օնիրա Քլաբ»-ը դատարանին խնդրել է անվավեր ճանաչել ինչպես ակտերը, այնպես էլ հանել արգելանքը։

«Այսինքն՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, այն է՝ լիցենզիայի գործողությունը դադարեցված լինելու պայմաններում, Պետական եկամուտների կոմիտեն որոշել է բռնագանձել պետական տուրք, ընդ որում, անհասկանալի է, թե ինչ ժամանակահատվածի համար, այն դեպքում, երբ դադարեցված է Հայցվորին («Օնիրա Քլաբ»-ին) տրված լիցենզիայի գործողությունը»,- նշված է դատական գործի փաստաթղթերում։

Դատարանը հիմնավորված է համարել «Օնիրա Քլաբ»-ի հայցը, բավարարել է այն և անվավեր ճանաչել ՊԵԿ-ի կազմած ակտերն ու արգելանքի մասին որոշումը։

«Օնիրա քլաբ»-ի շահերի ներկայացուցիչ Սմբատ Մինասյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ՊԵԿ-ի հետ դատական գործընթացները այդքանով չեն ավարտվել։ 2020 թվականի երկրորդ եռամսյակից հետո յուրաքանչյուր եռամսյակի համար ՊԵԿ-ը ակտեր է կազմել ու ուղարկել «Օնիրա քլաբ»-ին՝ տուրքը վճարելու պահանջով։

Գործերի մի մասը դեռևս դատարանում են։ Սակայն, հաշվի առնելով պետության հետ վերջին պայմանավորվածությունը՝ վճարելու «Օնիրա քլաբ»-ի փոխարեն, ենթադրում է, որ նշված գործերը կկարճվեն, քանի որ վեճի առարկա, ըստ էության, այլևս չկա։

«Օնիրա քլաբ»-ը ելք է գտել՝ ինչպես չվճարել նաև 2022 թվականի երրորդ եռամսյակի տուրքը

«​​Օնիրա քլաբ»-ը խաղատան կազմակերպման լիցենզիան ունի 2014 թվականի հունվարի 1-ից։

Ֆինանսների նախարարության հրապարակած՝ խաղատան լիցենզիա ունեցող ընկերությունների ցանկերն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ «Օնիրա քլաբ»-ի անունն անհետացել է 2020-ի նոյեմբերից և հայտնվել միայն 2022 թվականի հունիսին, երբ «վերջնականապես» դատարանում հաղթել էր Ֆինանսների նախարարությանը։

Այլ խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 20-ից հետո որևէ հարկային պարտավորություն, ըստ էության, չի կուտակվել։ Միակ պարտքը պետությանը կազմել է 4.2 մլրդ դրամը, որը հենց պետությունն էլ կմարի, ու ընկերությունը կսկսի գործել «զրոյից», ինչպես նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին։

Ուշագրավ է, որ եթե «Օնիրա քլաբ»-ի լիցենզիան վերականգնվել է այս տարվա հունիսին, ապա ընկերությունը պարտավորություն պետք է կրեր վճարել երրորդ եռամսյակի տուրքը։ Սակայն, ընկերությունը դրա լուծումը ևս գտել է։

Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից, «Օնիրա քլաբ»-ը դիմել է ֆինանսների նախարարություն և խնդրել խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։  Ֆինանսների նախարարությունը կասեցրել է լիցենզիան՝ համաձայն ընկերության դիմումի։

Ինչպես Կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, Կառավարությունը պայմանավորվել է «Օնիրա Քլաբ»-ի հետ. խաղատունը կգործի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից և արդեն չորրորդ եռամսյակի համար պետական տուրք կվճարի։

«Շանգրի լա»-ն Հայաստանի ամենախոշոր և Երևանին ամենամոտ գտնվող խաղատունն է։

Այն շահագործող «Օնիրա քլաբ»-ը Հայաստանի խոշոր հարկատուներից է։ Ընկերությունը շահագործում է ոչ միայն խաղատունը, այլև՝ մի շարք այլ բիզնեսներ, այդ թվում՝ ռեստորան ու հյուրանոց։

2019 թվականին, երբ դեռ խաղատունը գործում էր, «Օնիրա քլաբ»-ի հարկերը, ըստ հարկային մարմնի հաշվետվության, կազմել են 5.2 մլրդ դրամ։

Ըստ պետական ռեգիստրի՝ «Օնիրա քլաբ»-ի սեփականատերերն են Գագիկ Ծառությանը (48.6% բաժնեմասով), նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը (48.6%) և «Մուլտի գրուպ կոնցեռն»-ը (2.8%):

Ծառուկյան-իշխանություններ հարաբերությունները 2020-ին և հիմա

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և այսօրվա իշխանությունների միջև ոչ միշտ է ամեն ինչ այնքան հարթ ընթացել, ինչպես օրերս, երբ Կառավարությունը նախնական թույլատրել է քաղաքական գործչին Հատիս լեռան գագաթին տեղադրել Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը։

Ավելին, ինչպես «Հետքը» պարզել է, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր. հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դա շռնդալից ներդրում է համարում, վարչապետ Փաշինյանն էլ կարծում է, որ այն էական զբոսաշրջային հետաքրքրություն կապահովի Հայաստանի համար։

Ավելին, վարչապետը դա շեշտեց Կառավարության նիստի այն հարցի ժամանակ, երբ քննարկվում էր Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ»-ի փոխարեն բյուջեից 4.2 մլրդ դրամ տուրք վճարելու հարցը։

Ինչպես նշվեց վերևում, Կառավարությունը առաջարկում է 4.2 մլրդ դրամը վճարել Ծառուկյանի ընկերության փոխարեն՝ որպեսզի ընկերության համար մեղմացնի համավարակի ժամանակ տնտեսական սահմանափակումների հետևանքները։

Սակայն, դեռևս երկու տարի առաջ Ծառուկյանի բիզնեսների նկատմամբ, կարծես թե, նման գթասիրտ վերաբերմունք չկար։

2020 թվականի հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Օնիրա Քլաբ»-ը խախտումներ է թույլ տվել խաղատուն կազմակերպելիս, և որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29 մլրդ 750 մլն  դրամի վնաս: Խախտումները վերաբերել են 2014-2020թթ. գործունեությանը։

Այս հաղորդագրությունից մեկ օր անց, «Օնիրա Քլաբ»-ը հայտարարություն տարածեց, որ գործունեության ամբողջ ընթացքում համալիրը գտնվել է պատկան մարմինների խոշորացույցի ներքո, բոլոր ստուգումների ընթացքում «Օնիրա  Քլաբ»-ում որևէ խախտում կամ ապօրինի գործունեություն չի հայտնաբերվել։ Ընկերությունից եզրակացրել են, որ Գագիկ Ծառուկյանի ելույթներից հետո նրա հանդեպ սկսվել են քաղաքական հետապնդումներ։ Այս աղմկուտ գործի վերաբերյալ հետագայում այլ մանրամասներ չհաղորդվեցին, «Հետք»-ը նշված գործին կանդրադառնա առանձին հրապարակմամբ։

Նույն օրը Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին առնչվող ևս երկու տարբեր քրեական գործեր էր հարուցել։ Մեկը վերաբերում էր 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին:

Դրանից հետո Ծառուկյանին մեղադրանք առաջադրվեց, և սկսվեցին դատական պրոցեսներ։

Մյուսը՝ Առինջ համայնքի պաշտոնյաներին է վերաբերում, որոնք, ըստ ԱԱԾ-ի, ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հեկտար գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել և հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող ընկերությանը։ Այդպիսով, պետությանը պատճառվել էր մեծ վնասներ։

Այդ օրերին Ծառուկյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իր նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, քանի որ ինքը «խանգարում է իշխանություններին»։

Վերադառնալով նրա խաղատան փոխարեն բյուջեից հատկացվող մոտ 4.2  մլրդ դրամին, նշենք, որ ըստ Ֆինանսների նախարարության՝ այդ գումարը կտրամադրվի 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետևյալ ծրագրի ներքո՝ «Աջակցության տրամադրում` նախորդ տարվա հարկային պարտավորությունների վճարման նպատակով»։

Այս ամենի հետևանքով պետական ծախսերն ավելանում են 4.2 մլրդ դրամով, սակայն քանի որ պետությունը այդ գումարը կրկին պետական բյուջե է ուղղում որպես պետական տուրք ու նույնքանով ավելանում են բյուջեի եկամուտները, ստացվում է, որ պետությունը «մի գրպանից հանում և մյուս գրպանն է դնում»։ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության քաղաքականության արդյունքում պետական տուրքը վճարում է ոչ թե խաղատունը, այլ՝ հարկատուները։

Բացի «Շանգրի լա»-ից, Հայաստանում գործում են այլ խաղատներ ևս, հիմնականում՝ Կոտայքի մարզում։ Թե ինչպես է դասավորվել նրանց «ճակատագիրը» 2020 թվականից հետո, կանդրադառնանք առանձին հոդվածով։ 

Գլխավոր լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter