
«Կոնկրետ արդյունքների չեն հասել». Վրաստանի ԱԳ նախարարը՝ Թբիլիսիում Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Թբիլիսիում նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չի տվել, սակայն ստեղծվել է երկու երկրների նախարարների միջև ուղիղ երկխոսության նախադեպ։ Այդ մասին Վրաստանի առաջին ալիքի Մոամբե լրատվական ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Կոնկրետ արդյունքների երբեք չեն հասնում բանակցությունների առաջին փուլի արդյունքներով։ Այս դեպքը բացառություն չէ»,- ասել է Դարչիաշվիլին։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են միմյանց հուզող հարցերի օրակարգը։ Վրացի պաշտոնյան նշել է, որ ստեղծվել է ամուր հիմք՝ այս ձևաչափով բանակցությունների շարունակման համար։
Իլյա Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան լուծել հարցերը և կհասնեն պայմանավորվածությունների ձեռքբերման։
Վրաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Թբիլիսին ապագայում ևս պատրաստ է նպաստել իր տարածքում այսպիսի երկխոսությանը։ «Մենք չենք խոսել ապագա հանդիպումների ժամկետների մասին։ Եթե անհրաժեշտություն լինի ցանկացած ձևաչափով գալ մեր երկիր բանակցությունների համար, մեր կառավարությունը պատրաստ է ընդունել նրանց և աջակցել»,- հայտարարել է Իլյա Դարչիաշվիլին։
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հուլիսի 16-ին Թբիլիսիում հանդիպումը պատմական օր է որակել Վրաստանի համար։ Նրա խոսքով՝ դա Վրաստանի նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի վստահության մակարդակի ցուցանիշն է։ Նա նշել է, որ վրացական իշխանություններն ուրախ են, որ կարողացել են կատարել միջնորդական գործառույթը։
«Բանակցությունների նպատակը կայանում է նրանում, որ մեր հարևան պետություններն այս բանակցություններում հասնեն կոնկրետ արդյունքների։ Որպեսզի մենք միասին համատեղ համակարգման և շատ սերտ շփման ճանապարհով կարողանանք ամրապնդել խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում»,- ընդգծել է վրացական դիվանագիտության ղեկավարը։
Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետի հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձնազրույցին, ապա, Դարչիաշվիլու խոսքով, կողմերը քննարկել են երկրների միջև ներկայիս դինամիկ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ վրացական կողմի միջնորդությամբ։ ՀՀ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել