HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Փյունիկը» Երևանում նվազագույն հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակներում Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» 0։1 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ երևանյան թիմի առավելությամբ, չնայած հանդիպման հենց մեկնարկում «Փյույիկը» կարող էր հայտնվել պարտվողի դերում, քանի որ հյուրերը երկու հեռահար հարված կատարեցին, որոնք երկու դեպքում էլ դիպան դարպասաձողին: Այս դրվագներից հետո «Փյունիկն» աստիճանաբար իր ձեռքը վերցրեց խաղը և սկսեց ակտիվորեն գրոհել: 14-րդ րոպեին արդեն Հայաստանի չեմպիոնը կարող էր բացել հաշիվը. Դավիդ Դավիդյանը աջ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց կենտրոն, սակայն Լուկա Յուրիչիչի հարվածը բարձր ստացվեց: Մի քանի րոպե անց Յուրիչիչը կրկին հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն կրկին չկարողացավ արդյունավետ եզրափակել գրոհը: 26-րդ րոպեին էլ «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն ձախ եզրից պտտեցրած հարված կատարեց դեպի դարպասի հեռավոր անկյունը, սակայն գնդակը փոքր-ինչ շեղությամբ անցավ դարպասաձողի վրայով: 44-րդ րոպեին նույն եզրից նմանատիպ հարված կատարեց նաև Հովհաննես Հարությունյանը: Գնդակը կրկիկ ընթանում էր դարպասի վերին անկյունը, սակայն հյուրերի դասպասապահը մեծ ջանքերի գնով գնդակը դուրս հանեց ակնյունային: Թիմերը գոլազուրկ ոչ-ոքու պայմաններում գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց առաջինի սցենարով: Խաղակեսի հենց մեկնարկում «Դյուդելանժի» խաղացողները հաշիվը բացելու երկու պահ ունեցան, սակայն երկու դեպքում էլ գլխով կատարած հարվածները շեղ ընթացան: Ընդհանրապես երկրորդ խաղակեսում թիմերը հավասար խաղ էին ցուցադրում՝ փոխնեփոխ գրոհներով, սակայն արդյունքի հասավ միայն «Դյուդելանժը»: 70-րդ րոպեին Արտակ Դաշյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները մրցակցի նկատմամբ, և նշանակված 11-մետրանոցը հստակորեն իրացրեց հյուրերի հարձակվող Սամիր Հաջին: Հանդիպման մնացած ժամանակահատվածում Հայաստանի չեմպիոնին չհաջողվեց բեկել խաղի ընթացքը, «Դյուդելանժը» հաղթեց 1:0 հաշվով:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին Լյուքսեմբուրգում։ Դիմակայության հաղթողը դուրս կգա Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կխաղա «Ժալգիրիս» (Լիտվա) - «Մալմյո» (Շվեդիա) զույգի պարտվողի հետ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» կարողացել էր հաղթահարել Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը։

Լուսանկարը՝ armsport.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter