HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Անկումից հետո ոսկեգործության և ադամանդագործության ոլորտը 2022-ին դրական միտումներ է ցուցաբերում

Սեդա Հերգնյան

Գոհար Արզումանյան (Հետք Մեդիա Գործարան)

Ոսկեգործության և ադամանդագործության ոլորտը Հայաստանի արդյունաբերության զարգացման գերակա ճյուղերից է, սակայն 2021 թվականին արտադրության ծավալները զգալի կրճատվել են։ Արտադրողները հումքի ձեռքբերման խնդիր են ունեցել։ 2022-ից արդեն դրական միտումներ են գրանցվում։ 

Միևնույն ժամանակ, ոսկերչական իրերի և ադամանդի արտահանումը շարունակել է աճել։ 

2021-ին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը կրճատվել է 33%-ով

«2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո տուն վերադարձած զինվորներին սկսեցին կնքել ու մկրտության խաչերի պատվերները միանգամից ավելացան։ Հետպատերազմական ժամանակահատվածում նաև ամուսնական մատանիներ սկսեցինք շատ վաճառել»,- պատմում է «Իսավերդյան ջեվելրի» ընկերության հիմնադիր, ոսկերիչ Արմենակ Իսավերդյանը։ 

Նա չի դժգոհում 2021 թվականի գործերից։ Թեև չի արտահանում և միայն տեղական շուկայի համար է արտադրանք ստեղծում, սակայն նկատել է, որ չնայած ոսկու գնի բարձրացմանը՝ իր արտադրանքի սպառումը չի պակասել։ 

Ի հակադրություն փոքր արտադրողների հետ մեր զրույցների՝ Վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ ոլորտում անկում է գրանցվել։ 2021 թվականին Հայաստանում արտադրվել են մոտ 28 մլրդ դրամի ոսկերչական իրեր, որը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 33%-ով։  

Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարիներին ոսկերչական իրերի արտադրության ծավալները Հայաստանում զգալի աճել են, հատկապես՝ 2016-2018 թվականներին։ Սակայն, 2019-ից անկում է գրանցվում։ 

Ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը ներառում է ոչ միայն ոսկերչական զարդերի արտադրությունը, այլև՝ ադամանդի մշակումը։ 

Վերջինով էլ հենց պայմանավորված է եղել 2021 թվականին ոլորտում գրանցված անկումը, որն ավելի շատ զգացել են խոշոր արտադրողները։ 

Արտադրողներն ու վերամշակողները ադամանդի հումքի ձեռքբերման խնդիր են ունեցել, մեկնաբանում են Էկոնոմիկայի նախարարությունից։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին հայ ադամանդագործները մշակել են ընդհանուր առմամբ 144 հազար կարատ ադամանդ (ալմաստներ բնական, մշակված (ադամանդներ), չագուցված և չամրացված), որը նախորդ տարվա համեմատ նվազել է 44%-ով։ 

Ուշագրավ է, որ խոշոր արտադրողների մեծ մասը հրաժարվեց խոսել մեզ հետ այս թեմայով՝ պատճառաբանելով, որ հարմար պահ չէ խնդիրը մեկնաբանելու համար։ 

Միայն ոսկերգործությամբ զբաղվող «Ալմանդին» ՍՊԸ-ի փոխտնօրեն Աննա Գևորգյանը փաստեց, որ ոլորտում հումքի գնման և արտահանման խոչընդոտներ են առաջացել դեռևս կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո։ Ե՛վ հումքի գինն է բարձրացել, և՛ պատվերներն են ուշ տեղ հասել, քանի որ ճանապարհները փակ են եղել, պատվերները ուշ են ձևակերպվել։ Այսօր էլ, թեև այդ խնդիրը հիմնականում լուծվել է, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արտաքին շուկայում «սպառումն անհանգստացնող է»։

«Ոսկու միջազգային գինը բարձրացավ, իսկ ադամանդների գինը, որ արդեն թանկացել էր մինչև ռուս-ուկրաինական պատերազմը, ռուսական խոշոր ադամանդ արդյունահանող ընկերությունների վրա պատժամիջոցներ կիրառելու պատճառով ավելի բարձրացավ», - ասում է Աննա Գևորգյանը:

Ամերիկյան Bain & Company միջազգային խորհրդատվական ընկերության հետազոտության համաձայն՝ 2021 թվականին չմշակված ադամանդի միջազգային գները բարձրացել են 21%-ով, իսկ մշակված ադամանդինը՝ 9%-ով։ 2022-ին գների բարձր մակարդակը պահպանվում է։

2022-ին միտումները դրական են

Այս տարի ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալները Հայաստանում աճում են։ 2022 թվականի առաջին հինգ ամիսներին՝ հունվար-մայիսին, այս ոլորտի ծավալներն աճել են 54.7%-ով՝ կազմելով 14 մլրդ դրամ։

Ըստ ֆիզիկական ծավալների, մասնավորապես, մշակվել է մոտ 57 հազար կարատ ադամանդ, որը 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 67.2%-ով։ 

Հայաստանի ոսկեգործության ոլորտի գլխավոր բացթողումներից մեկը ստվերային գործունեությունն է։ Տեղական արտադրողների, հատկապես՝ անհատ ոսկերիչների մի մասը պետական մարմիններում չի գրանցում արտադրության իրական ծավալները։ Թեև հայտնի չէ, թե քանի տոկոս է կազմում ստվերը այս ոլորտում, սակայն պետք է նկատի ունենալ՝ արտադրության մի հատված դուրս է մնում պաշտոնական վիճագրությունից։ 

Ոսկերչական իրերը հիմնականում արտահանվում են ԱՄԷ և ԱՄՆ, իսկ ադամանդը՝ Ռուսաստան

Ըստ մաքսային ծառայության՝ 2021 թվականին Հայաստանից արտահանվել են 18.1 տոննա ոսկերչական իրեր, որոնց մաքսային արժեքը կազմել է 74 մլն դոլար։ 2020 թվականի համեմատ արտահանված ոսկերչական իրերի քանակն աճել է 4.4 անգամ, իսկ արժեքը՝ 2.7 անգամ։  

Ոսկերչական իրերը մեծամասամբ արտահանվել են Արաբական Միացյալ Էմիրություններ և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 

2021 թվականին արտահանվել է նաև 573.4 հազար կարատ ադամանդ՝ մոտ 104 մլն դոլարի։ Նախորդ տարվա համեմատ արտահանված ադամանդի քանակն աճել է 32%-ով, իսկ արժեքը՝ 45%: 

Ենթադրվում է, որ արտահանվել է ոչ միայն 2021-ին, այլև՝ նախորդ տարիներին արտադրված ադամանդի և ոսկերչական արտադրատեսակների մի մասը։ Ինչպես նաև՝ ներմուծված և տեղում վերամշակված արտադրանքը։ 

Հայաստանից ադամանդ է արտահանվում մեծամասամբ Ռուսաստան, Բելգիա, ոչ մեծ քանակությամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իսրայել և այլն։ 

Հումքը ներկրվում է

Հայաստանից ոսկերչական իրեր և ադամանդ ոչ միայն արտահանվում են, այլև՝ ներմուծվում։ 2021 թվականին ներմուծվել են 5.4 տոննա ոսկերչական իրեր՝ մոտ 18 մլն դոլարի։ Հատկանշական է, որ ներմուծված ոսկերչական իրերի քանակը մոտ երկու անգամ կրճատվել է, սակայն արժեքն աճել է 11%-ով։ Այսինքն, ոսկերչական իրերի գինը միջինում բարձրացել է։ 

Ինչպես ադամանդի պարագայում, ոսկերչական իրերի դեպքում ևս հաճախ ներմուծված արտադրանքի մի մասը Հայաստանում վերամշակվում է և արտահանվում։

2021 թվականին Հայաստան է ներմուծվել 895 հազար կարատ ադամանդ՝ 123 մլն դոլարի։ Քանակը 2020 թվականի համեմատ աճել է 25%-ով, իսկ արժեքը՝ 34%-ով։ Վերջին տարիներին Հայաստանը ադամանդի հումք է ներկրում հիմնականում Ռուսաստանից, Բելգիայից, Հոնկոնգից, Հնդկաստանից և ԱՄԷ-ից։ Ներմուծվում է չմշակված ալմաստ, որը հայ ադամանդագործները մշակելուց կամ վերամշակելուց հետո կրկին արտահանում են։ 

Նշենք, որ բացի ոսկերչական իրերը, Հայաստանը ներմուծում է նաև ոսկու ձուլակտորներ։ Ներմուծողները հիմնականում բանկերն են ու ոսկեգործությամբ զբաղվող ընկերությունները։ 

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նկատում է, որ չնայած վերջին 20 տարիներին ոսկեգործության և ադամանդագործության ոլորտը հռչակվել է գերակա ճյուղ տնտեսության համար, սակայն Հայաստանին դեռևս չի հաջողվել օգտագործել իր ողջ ներուժը այս ոլորտում։ 

Այս տարի ոլորտում արդյունաբերական ծավալներն աճում են, սակայն ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ մարտահրավեր է։

«Այս ոլորտում Ռուսաստանը Հայաստանի հիմնական գործընկերներից է, և հետևաբար, պատերազմող երկրում առաջացած իրավիճակը բացասաբար է ազդում Ռուսաստանից ստացվող պատվերների վրա։ Մարդիկ սկսել են ավելի շատ խնայել և ավելի քիչ ծախսել ոչ կենսական նշանակության ապրանքների վրա»,- կարծում է տնտեսագետը։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի որոշման համաձայն, արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից է ոսկեգործությունը և ադամանդագործությունը:

2021 թվականի տարեվերջին գործադիրը որոշում ընդունեց «Հայ-Ալմաստ» ՓԲԸ հիմնադրելու մասին։ Նպատակը ադամանդագործության զարգացման, ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով ապահովելն է, ադամանդագործական ընկերությունների արտադրանքը ԵԱՏՄ և երրորդ երկրներում առաջ մղելը, ոլորտի հետագա զարգացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցներ ներգրավելը։

Նախատեսվում է ռուսաստանյան «Ալռոսա» ընկերության հետ աշխատանքի նոր ձևաչափեր ներդնել և ոլորտում ներդրողներ ներգրավել։

Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն կտա առնվազն ադամանդի արտադրության ծավալներն ու արտահանումը հասցնել տարեկան 150 մլն ԱՄՆ դոլարի, իսկ ոլորտում զբաղվածների թիվը՝ 5000-ի։ 

Ոսկերչական արտադրատեսակների արտադրության ոլորտը, որի ներքո պետք է հասկանալ նաև ադամանդագործությունը, 2021 թվականին Հայաստանի մշակող արդյունաբերության մեջ զբաղեցրել է ընդամենը 1.9%-ը։ Այդպիսով, ոլորտը դեռևս հեռու է արդյունաբերության առաջատար ճյուղ համարվելուց։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter