
Սննդամթերքի մեջ կիրառվող որոշ բաղադրիչներ արագ կմաքսազերծվեն
Սննդի և արդյունաբերական այլ ոլորտներում կիրառվող ներկրվող բաղադրիչներն ավելի արագ կանցնեն մաքսազերծում. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդլայնել է այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ մաքսային գործողություններն արվում են առաջնահերթության կարգով։ Բացի դրանից, այդ ապրանքները հնարավոր կլինի շրջանառել մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը։ Սա փաստացի տալիս է մաքսային վճարումների անտոկոս հետաձգում մինչև հաջորդ ամսվա 10-ը։
Լրացուցիչ ցանկը ներառում է պինդ մնացորդներ, որոնք ստացվում են բուսական ծագման յուղերից և ճարպերից, դեքստրիններ և այլ մոդիֆիկացված օսլաներ, ախտորոշիչ ռեակտիվների և ճարպերի էմուլգատորներ։
Այս ապրանքներն ունեն կիրառման լայն շրջանակ սննդային և արդյունաբերական այլ ոլորտներում։ Մասնավորապես, դրանց մի մասն օգտագործվում է՝ որպես կենդանիների կեր, կամ պարարտանյութ, մյուսը՝ բժշկության, անասնաբուժության մեջ, ինչպես նաև՝ գիտական և արդյունաբերական լաբորատորիաներում, հիվանդանոցներում։
Նշենք, որ նախքան Խորհրդի՝ այս որոշման ընդունումը առաջնահերթության ընթացակարգը կիրառվում էր միայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում թվարկված ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ։
Ըստ ԵՏՀ-ի՝ հակաճգնաժամային փաթեթի իրականացումը, այն է՝ բիզնեսի աջակցության վրա մեծ ուշադրություն դարձնելն ու մաքսային գործողություններն առաջնահերթության կարգ ունեցող ապրանքների ցանկն ընդլայնելը «կնպաստի ԵԱՏՄ երկրների արտադրական և այլ ձեռնարկությունների աշխատանքի կայունության ապահովմանը»։
Մեկնաբանել