HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշիի զանգերի պարանները քաշող չկա

Արտաշեսը տան բակում վառել էր ինքնաեռը: Նստեցինք սեղանի շուրջ։ Հեռվում՝ բարձունքի վրա, երևում էին Շուշիի լույսերը։

Արտաշես Նազարյանը աշխատում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում: Նրա հետ պետք է խոսեինք Շուշիի հանձնման մասին: Նա արդեն շրջափակման մեջ հայտնված Շուշիից դուրս էր եկել նոյեմբերի 7-ի երեկոյան:

Արտաշեսը սակավախոս է, չի ուզում պատմել այդ օրվա մասին: Կարծես թե զրույցից խոսափելու համար սկսեց լցնել թեյի բաժակները: Հետո կինը՝ Իրինան, միացավ նրան, սեղանին քաղցրավենիք և միրգ դրեց:

Վլադիկ Նազարյանը՝ Արտաշեսի հայրը, նայելով Շուշիի ուղղությամբ, սկսեց պատմել, թե ինչպես են Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին տեղադրել խաչը: Երբ փորձեցինք զրույցի թեման փոխել՝ նորից խոսել պատերազմից, Շուշիի վերջին օրերից, Վլադիկ Նազարյանը բարկացավ. «Բոլորը հեքիաթներ են պատմում, մեր էս կռիվը Թումանյանի «Սուտլիկ որսկանն» էր, էն որ ասում ա՝ Հադի՛, Հուդի տո՛ւր հա, տո՛ւր․․. Թե՝ թվանք չունեմ»։

1988-ին Արտաշեսը 4 տարեկան է եղել, երբ ընտանիքը ստիպված լքել է Շուշին, 1992-ին՝ ազատագրումից հետո ընտանիքը վերադարձել է։

2020թ․ պատերազմի օրերին Արտաշես Նազարյանը Շուշիից դուրս է բերել ծնողներին, կնոջը, երեխաներին և 90-ամյա Սաթենիկ տատին, ինքը մնացել է այնտեղ մինչև նոյեմբերի 7-ը:

Նա այժմ ընտանիքի՝ ծնողների, կնոջ և 2 երեխայի հետ ապրում է Ստեփանակերտում՝ իրենց բարեկամի տանը, Սաթենիկ տատը ամիսներ առաջ մահացել է։

44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի փրկարարները Շուշիում պարեկային ծառայություն էին իրականացնում, այնուհետև վիրավորներին ու զոհերին էին տեղափոխում, հետո նաև՝ դիրքեր պահում։

Նոյեմբերի 7-ի երեկոյան 24 հոգանոց խումբը, որոնց մեջ է եղել նաև Արտաշեսը ու հինգ փրկարար դուրս են եկել շրջափակված Շուշիից։

Պատերազմի ավարտից հետո փրկարարներին արձակուրդ են տվել, սակայն 3 օր անց կանչել՝ պատերազմի ընթացքում զոհվածների և անհետ կորածների որոնողական աշխատանքներին մասնակցելու համար։

Արտաշեսը որոնողական ջոկատների հետ վեց ամիս շարունակ հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներից դուրս է բերել զոհվածների աճյուններ և մասունքներ։

Արտաշեսի հետ մեր այցի մասին հեռախոսով պայմանավորվելիս ասել էր՝ մի քիչ խառն է, արվեստանոցն է դասավորում: Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք արվեստանոցի մասին, ուղեկցեց երկհարկանի տան առաջին հարկի սենյակներից մեկը: Պատերի տակ և հատակին կտավներ էին, թղթեր, յուղաներկ, գուաշ, ջրաներկ, վրձիններ, գրաֆիկա, էսքիզներ, ավարտուն ու կիսատ նկարներ։ 

«Փրկարար ծառայությունում աշխատում եմ 18 տարի, իսկ նկարում՝ ինչ ինձ հիշում եմ»,- ասում է Արտաշես Նազարյանը: Շուշիում են մնացել Արտաշեսի բոլոր նկարները, նոր արվեստանոցում պատերազմից հետո արված նկարներ են։ 

Պատերազմից հետո Արտաշեսի առաջին նկարը՝ զանգեր։

Զանգի պարանները քաշող չկա։

«Թասեր, որոնք դեռ պետք է լցվեն։ Դատարկ թասերն ընտանիքներն են, որ թողել են ամեն ինչ ու դուրս եկել, զանգի պարանների պես, որ քաշող չկա»։

Զրույցի ողջ ընթացքին լուռ հետևում էր Արտաշեսի որդին՝ 11-ամյա Արտակը։

Հարցնում ենք՝ դու է՞լ ես նկարում, Արտակը դրական պատասխան է տալիս, բայց իր նկարները ցույց տալ չի ուզում։

«Իսկ կարո՞ղ է մեզ նկարես» հարցից հետո լուռ վերցնում է բլոկնոտը, գրիչը ու նստում մեր առջև։

Պատերազմի առաջին օրը Շուշիի հակաօդային կայանը ռմբակոծել են: Այդ ձայներից Արտակը շատ է վախեցել, և մինչեւ հիմա դրա հետեւանքները երեխայի վրա ծնողները զգում են:

Մի պահ մոռացել էինք, որ Արտակը մեզ նկարում է: Նա մեզ հասկացնում է, որ շատ չշարժվենք։ Արդեն կեսգիշեր էր: Վլադիկ Նազարյանը շարունակում է պատմել Շուշիից: Հրաժեշտ ենք տալիս հյուրասեր ընտանիքին, Արտակը մեզ է նվիրում իր արած նկարը: Իսկ հեռվում դեռ վառվում են Շուշիի լույսերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter