HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ունդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը։ Այս մասին «Հետքի»՝ հուլիսի 18-ի հարցմանն այսօր պատասխանել է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 14-ի գիշերը Մուրադ Փափազյանը ժամանել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, սակայն այնտեղ նրան հայտնել էին, որ չի կարող մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ համարվում է «անցանկալի անձ»։ Նրա կարծիքով՝ դա եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ։

Ըստ ԱԱԾ-ի՝ Մուրադ Փափազյանը Ֆրանսիայում Փաշինյանի դեմ ակցիայի կազմակերպիչներից է

Այս դեպքից հետո մի քանի օր շարունակ համապատասխան գերատեսչությունները հրաժարվում էին որևէ կերպով մեկնաբանել կատարվածը։ Սակայն այսօր Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հարցին։ Նկատենք, որ ԱԱԾ-ն միայն վարչապետի աշխատակազմի պարզաբանումից հետո է որոշել արձագանքել «Հետքի» հարցմանը։

Ըստ ԱԱԾ-ի պարզաբանման՝ Մուրադ Փափազյանը համարվում է 2021թ․ հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը, և որ ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր առարկաներ։ ԱԱԾ-ն նշում է, որ ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերով։ 

ԱԱԾ-ի փոխանցմաբ՝ արգելվել է ոչ միայն Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, այլ նաև հարձակման մյուս մասնակիցների։ 

Մուրադ Փափազյանի արձագանքը

Արձագանքելով վարչապետի աշխատակազմի հաղորդագրությանը՝ Մուրադ Փափազյանը նշել է, որ ինքը չի մասնակցել Փաշինյանի դեմ 2021թ․ հունիսի 1-ին Ֆրանսիայում կայացած բողոքի ակցիային։ Փափազյանը նաև նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ազգային անվտանգության մարմինները իրենց հայտնել են, թե իր մուտքի արգելքը կապված է իր անձնական կյանքի հետ, մինչդեռ այսօր այլ պատճառ է նշվել։ Բացի այդ, Փափազյանը շեշտել է, որ 2021թ․ հունիսի 1-ից հետո 4 անգամ այցելել է Հայաստան։

«Ես կձեռնարկեմ բոլոր օրինական քայլերը՝ պաշտպանվելու և Հայաստան վերադառնալու իմ իրավունքը վերականգնելու համար»,- եզրափակել է Մուրադ Փափազյանը։

Անցանկալի անձանց մասին տեղեկությունները գաղտնի են

Ազգային անվտանգության ծառայությունից խնդրել էինք տրամադրել նաև տեղեկություններ այն մասին, թե 2020, 2021 և 2022 թվականներին քանի անձի մուտք է արգելվել ՀՀ տարածք, ինչպես նաև թե քանի մարդ է Հայաստանում ճանաչվել «ոչ ցանկալի անձ»։ 

Այս հարցերի վերաբերյալ՝ ԱԱԾ-ն հայտնել է, որ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի որոշման համաձայն՝ անցանկալի համարվող օտարերկրացիների վերաբերյալ տեղեկությունները մուտքագրվում են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ։ Նույն որոշման 6-րդ կետով՝ տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն ՀՀ նախագահի աշխատակազմը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, արտաքին գործերի նախարարությունը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` ՀՀ դատարանները, քրեական հետապնդում իրականացնող մարմինները:

Այս հանգամանքով պայմանավորված՝ ԱԱԾ-ն չի տրամադրել մեր հայցած տեղեկությունները։

Ինչ են սահմանում «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ»

Վերադառնալով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերին, որոնց հղում անելով՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է, նշենք, որ «գ» կետի համաձայն՝ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը ՀՀ արգելվում է, եթե՝ գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

  • վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
  • իրականացնել ահաբեկչական գործունեություն,
  • սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
  • իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ։

Իսկ «զ» կետի համաձայն՝ օտարերկրացու մուտքը արգելվում է, եթե գոյություն ունեն նրա կողմից ՀՀ անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter