HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երևանի քաղաքապետարանը նույնպես կարձանագրի ՃԵԿ խախտումները․ նախագիծ

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) մի շարք խախտումների արձանագրման իրավասություն տրամադրել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Համապատասխան օրենքի նախագծերը Երևանի քաղաքապետարանը հանրային քննարման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայացված նախագծի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը կարող է արձանագրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով սահմանված խախտումները, որոնք վերաբերում են ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները չկատարելուն, խաչմերուկների, կանգառի կետերի անցման, մարդկանց փոխադրման կանոնները խախտելուն և այլն։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, Երևան համայնքը ունի բավականաչափ միջոցներ և ռեսուրսներ հայտնաբերելու նաև այլ մարմինների իրավասությանը վերապահված  իրավախախտումներ։ Մասնավորապես, Երևանի շատ վայրերում տեղադրված են տեսախցիկներ, որոնք բացի վճարովի ավտոկայանատեղում կայանելու իրավախախտումներից ֆիքսում են նաև այլ իրավախախտումներ, օրինակ՝ ոչ սահմանված վայրում մեքենա կայանելու, հաշմանդամների համար նախատեսված վայրերում մեքենա կայանելու, ճանապարհային նշանների կանոնների խախտումների և այլ իրավախախտումների կատարման համար:

Ըստ նախագծի՝ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հայտնաբերված վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող նյութերը կարող են ներկայացնելու գործը քննելու իրավասությամբ օժտված անձանց, ովքեր հիշյալ նյութերի հիման վրա կարող են նախաձեռնել վարչական վարույթը, կամ դրանք օգտագործել որպես ապացույց:

Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է նախատեսել, որ նշված վարչական իրավախախտման դեպքը հիմնավորող նյութերը կարող են դրվել վարչական վարույթի հիմքում, եթե դրանք հնարավորություն են տալիս պարզելու վարչական իրավախախտման հատկանիշները, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, իրավախախտումը կատարելու վայրն ու ժամանակը: 

Նախագծով առաջարկվում է նաև իրավախախտման դեպքի մասին համապատասխան նյութեր ներկայացնելու հիման վրա նշանակված տուգանքների դեպքում տուգանքների գումարից 70 տոկոսը վճարումից մեկ ամսվա ընթացքում փոխանցել այն համայնքի բյուջե, որի ղեկավարի կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձի կողմից ներկայացվել են համապատասխան նյութերը՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից միջոցների և ռեսուրսների փոխհատուցման անհրաժեշտությունը:

Հավելենք, որ այս նախաձեռնությունն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ Օրենքը հետադարձ ուժ չի ունենալու և ընդունվելու դեպքում տարածվելու է միայն դրանից հետո արձանագրված խախտումների վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter