
Պաշտպանական կողմը համոզված է, որ Ավետիք Չալաբյանն ակնհայտ ապօրինի է կալանավորվել
Ավետիք Չալաբյանի գործին առնչվող ապօրինությունները հերթական անգամ ապացուցում են, որ Հայաստանի Հանրապետությունում խախտված է սահմանադրական կարգը, և մեկ անձի կողմից իշխանության բոլոր թևերի իրավազորություններն ուզուրպացված են: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը: Վերջինս նշեց, որ Չալաբյանի գործով թե՛ Քննչական կոմիտեն, թե՛ Դատախազությունը քաղաքական պատվեր են կատարում:
Ըստ Սողոմոնյանի՝ Ավետիք Չալաբյանին «պատժելու» քաղաքական պատճառները երկուսն են. նա քաղաքական հակառակորդ է Նիկոլ Փաշինյանի համար, Չալաբյանի քաղաքական օրակարգը հակընդդեմ է այն վտանգավոր օրակարգին, որով շարժվում է գործող իշխանությունը:
«Ավետիք Չալաբյանին պատժելով՝ իշխանությունները փորձում են նրան հեռու պահել քաղաքականությունից և քաղաքական մրցակցությունից»,- ասաց Սողոմոնյանը:
Վերջինս նաև նշեց, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու համար Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Քրեական նոր օրենսգրքում հապճեպ փոփոխություններ է կատարել:
Այս հանգամանքին առավել մանրամասն անդրադարձավ Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը: Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով այդ հոդվածն ապաքրեականացված է եղել, սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց և Չալաբյանի երկամսյա կալանավորման ժամկետը լրանալուց առաջ օրենսգրքում լրացում է կատարվել, վերը նկարագրված արարքը քրեականացվել է, եւ այդ պայմաններում Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է:
Ավետիք Չալաբյանի կալանավորման ժամկետը վերջին անգամ երկարացվել է 15 օրով: Որոշումը կայացրել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ այս դատավորը պրոմեղադրական դիրքորոշում ունի, կալանքի ժամկետը երկարացրել է ոչ թե կալանավորման համար օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում, այլ այն բանի համար, որ վարույթն իրականացնող մարմինը գործով նախաքննության ավարտ հայտարարի, ու գործը դատարան ուղարկվի:
Ըստ Հարությունյանի՝ Չալաբյանին կալանավորելու միջնորդության քննությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, սակայն քննիչը միջնորդությունը ներկայացրել է նախկին՝ արդեն ուժը կորցրած օրենսգրքի մեղադրանքով։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այս հանգամանքն արձանագրել է, հետո քննիչին ժամանակ տվել մեղադրանքն օրինականացնելու համար:
Նշենք, որ դատավորը չի կարող քննիչին ցուցում տալ մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու, այսպես ասած՝ օրինականացնելու վերաբերյալ, և Վարազդատ Հարությունյանը դա նկատի ուներ:
Ըստ պաշտպանի՝ դատարանում չի հիմնավորվել նաև, որ քննիչը Չալաբյանին կալանավորելուց հետո պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել քննչական գործողություններ իրականացնելու ուղղությամբ:
Պաշտպանական կողմը համոզմունք ունի, որ Չալաբյանն ակնհայտ ապօրինի է կալանավորվել, ուստի պատրաստվում են դատավորի նկատմամբ թե՛ կարգապահական վարույթ հարուցելուն, թե՛ քրեական վարույթ նախաձեռնելուն ուղղված՝ օրենքով սահմանված գործընթաց սկսել:
Պաշտպանը նաև տարակուսանք է հայտնում, որ Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան ու մակագրվել դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Նշենք, որ դատավոր Մարտիրոսյանը փաստաբանական համայնքի կողմից ընկալվում է որպես իշխանամետ դատավոր բոլոր կառավարությունների օրոք: Վերջինս դատավոր է եղել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, Մարտիրոսյանն է դատապարտել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս էլ իր հրապարակային ելույթներում հայտարարել է, որ Մարտիրոսյանը տխուր համբավ ձեռք բերած դատավոր է: Հարությունյանը հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ է մինչև այժմ դատավոր Մնացական Մարտիրոսյանը պաշտոնավարում:
Նշենք, որ վաղը՝ հուլիսի 26-ին, նշանակված է Չալաբյանի գործով դատական նիստ, որի ընթացքում քննարկվելու է հասարակական-քաղաքական գործչի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը:
Լուսանկարում՝ ձախից՝ «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, պաշտպան Վարազդատ Հարությունյանը, Անահիտ Ադամյանը (Չալաբյանի կինը)
Մեկնաբանել