HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շիրակ Ավիան» Երեւանից ու Գյումրուց դեպի Ռուսաստանի 6 քաղաք թռչելու իրավունք ունի, բայց առայժմ մեկնում է դրանցից 2-ը

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը, որը հիմնադրվել է 2019-ին, կոմերցիոն թռիչքներ կատարելու իրավունք ստացել է 2021-ի հունվարին, բայց տեւական ժամանակ սեփական չվերթեր չէր կատարում, այլ իր օդանավը վարձակալությամբ շահագործում էր մեկ այլ հայկական ավիափոխադրողի՝ «Armenia Airways»-ի համար:

Ընդ որում, ինչպես տեղեկանում ենք ավիաընկերության կայքից, 2021-ի հոկտեմբերին «Շիրակ Ավիան» ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ստացել է թե՛ Երեւանի «Զվարթնոց», թե՛ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններից դեպի ռուսական 6 քաղաք թռչելու հավաստագիր: Այդ քաղաքներն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարը, Դոնի Ռոստովը, Սոչին եւ Սամարան:

Այդուհանդերձ, վերջերս սեփական թռիչքները մեկնարկած ավիաընկերությունը մինչ այս պահը շահագործում է միայն երկու ուղղություն՝ Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան, Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Երեւան (այս պահին Սանկտ Պետերբուրգի չվերթերը, ըստ էության, ոչ կանոնավոր են՝ չարտերային): Նկատենք, որ «Զվարթնոցից» հայկական փոխադրողը ոչ կանոնավոր թռիչքներ է կատարում նաեւ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:

Ավիափոխադրողի կայքում ներկայացված չվացուցակի համաձայն՝ այս տարվա հունիսից մինչեւ հոկտեմբեր «Շիրակ Ավիան» պետք է Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան չվերթ կատարեր շաբաթական 4 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ եւ կիրակի, բայց Երեւանից դեպի «Վնուկովո» կանոնավոր չվերթի մեկնարկը «Շիրակ Ավիան» տվել է հուլիսի 14-ին` այնտեղ մեկնելով հինգշաբթի, շաբաթ եւ կիրակի (մինչ հուլիսի 14-ը իրականացվել են ոչ կանոնավոր թռիչքներ): Այսօրվանից` հուլիսի 26-ից, նախատեսվում են դեպի «Վնուկովո» թռիչքներ նաեւ երեքշաբթի օրերին:

Ընկերության փաստացի չվերթերը ցույց են տալիս, որ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին «Շիրակ Ավիան» Երեւանից մեկնում է Սանկտ Պետերբուրգ: Ընդ որում՝ ավիաընկերությունը համատեղ (codeshare) թռիչք է կատարում հայկական մեկ այլ փոխադրողի՝ «Fly One Armenia»-ի հետ (սա այն դեպքն է, երբ երկու կամ ավելի ընկերություններ պայմանագիր են կնքում, ինչից հետո մեկն իրականացնում է չվերթը եւ իր անունից տոմսեր իրացնում, իսկ մյուս(ներ)ը միայն տոմսեր է վաճառում արդեն իր անունից, եւ ինքնաթիռի նստատեղերը բաշխվում են համագործակցող կողմերի միջեւ): Այս պարագայում օդանավ թռցնողը հենց «Շիրակ Ավիան» է, իսկ «Fly One Armenia»-ն գործընկեր է:

Այս երկու ընկերությունները նույն ձեւով (codeshare) համագործակցում են նաեւ Երեւան-Մոսկվա («Դոմոդեդովո»)-Երեւան ուղղության վրա:

Նկատենք, որ «Շիրակ Ավիան» այս բոլոր չվերթերը կատարում է ընդամենը մեկ օդանավով («Boeing 737-500» տիպի, հայկական գրանցումը՝ EK-SHA): Ինչպես արդեն գրել ենք, ընկերությունը ունի եւս մի ինքնաթիռ («Boeing 737-800» տիպի, հայկական գրանցումը՝ EK-SHB), որն առայժմ չի սկսել կոմերցիոն թռիչքները:

Սպասելի է, որ ավիափոխադրողն իր թռիչքների ցանցը կընդլայնի այն բանից հետո, երբ գործի կանցնի երկրորդ օդանավը: Ըստ «Շիրակ Ավիայի» կայքի՝ եթե ներկայում շահագործվող «Boeing 737-500»-ն ունի էկոնոմ դասի 131 նստատեղ, ապա «Boeing 737-800»-ում առկա է նույն դասի 189 նստատեղ: Ապրիլին «Շիրակ Ավիան» հայտնել է, որ ներկայում բանակցություններ են վարվում եւս 1 հատ «Boeing 737-800» ձեռք բերելու շուրջ:

Բացի Երեւանից ու Գյումրուց ռուսական վերոնշյալ 6 քաղաքներ կանոնավոր չվերթեր կատարելուց` հայկական օպերատորն առաջարկում է նաեւ ոչ կանոնավոր (չարտերային, ըստ պատվերի) թռիչքներ տուրիստական խմբերի, մարզական թիմերի, պաշտոնական պատվիրակությունների եւ այլ ցանկացողների համար դեպի ԱՊՀ երկրներ, Մերձավոր եւ Հեռավոր Արեւելք, Ասիա ու Եվրոպա: 

Այնուամենայնիվ, «Շիրակ Ավիան» նույնիսկ մեծ ցանկության դեպքում առաջիկայում չի կարող մեկնել Դոնի Ռոստով եւ Կրասնոդար, քանի որ այդ քաղաքների օդանավակայանները Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանն անվտանգային նկատառումներով ժամանակավորապես փակել է:

Ճշգրտում (17:57). «Շիրակ Ավիայի» տնօրեն Լեւոն Քարամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ավիաընկերությունը ոչ թե համատեղ (codeshare) չվերթեր է կատարում «Fly One Armenia»-ի հետ դեպի Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվայի «Դոմոդեդովո», այլ պարզապես չարտերային հիմունքներով իրականացնում է թռիչքներ այդ ուղղություններով «Fly One Armenia»-ի կարիքների համար։ Այսինքն՝ չվերթ իրականացնողը «Շիրակ Ավիան» է, բայց դրա պատվիրատուն «Fly One Armenia»-ն է։ 

Լուսանկարը՝ «Շիրակ Ավիայի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter