HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շիրակ Ավիան» ու «Ֆլայ Արնան» սկսել են սեփական թռիչքները

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունն սկսել է իր սեփական թռիչքների իրականացումը։ Մինչ այս ավիափոխադրողը թռիչքներ է կատարել գերազանցապես այլ օպերատորի համար։ 

2019-ի հոկտեմբերին Գյումրիում հիմնադրված «Շիրակ Ավիան», որի սեփականատերը ավիատոր, 2019-ի աշնանը հայկական շուկայից դուրս եկած «Տարոն-Ավիայի» հիմնադիր Գառնիկ Պապիկյանն է, կոմերցիոն թռիչքների իրավունք տվող օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացել է 2021-ի հունվարին։

Այդուհանդերձ, մինչ այս «Շիրակ Ավիայի» ինքնաթիռը («Boeing 737-500», հայկական գրանցումը՝ EK-SHA) վարձակալական հիմունքներով թռիչքներ է կատարել գերազանցապես մեկ այլ հայկական ավիաընկերության՝ «Armenia Airways»-ի համար՝ թռչելով հիմնականում Երեւան-Թեհրան-Երեւան ուղղությամբ։ Այդ ընթացքում՝ այս տարվա մարտի 10-11-ին, «Շիրակ Ավիան» սեփական թռիչքը կատարեց Երեւան-Մոսկվա («Դոմոդեդովո»)-Երեւան ուղղությամբ։ 

Ոչ կանոնավոր չվերթերի համար բավարար է ունենալ ICAO-ի եռանիշ կոդ, որն ավիաընկերությունն ուներ՝ SHS։ Իսկ կանոնավոր թռիչքների համար անհրաժեշտ է ունենալ IATA-ի երկնիշ կոդ, որը «Շիրակ Ավիան» ստացել է վերջերս՝ 5G։

Հունիսի 20-ից «Շիրակ Ավիան» թռչում է ոչ միայն «Armenia Airways»-ի կարիքների համար (դեպի Իրան ու Վրաստան), այլեւ իր սեփական չվերթերն է կատարում դեպի Ռուսաստան։ 

Հունիսի 20-ին, 24-ին եւ 27-ին «Շիրակ Ավիան» չվերթեր է կատարել Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան ուղեգծով։ Հուլիսի 2-ին էլ ավիաընկերությունն իրականացրել է Երեւան-Մոսկվա («Դոմոդեդովո»)-Երեւան չվերթը (տես լուսանկարում)։ Նույն օրն ավելի ուշ «Շիրակ Ավիան» Երեւանից թռել է Սանկտ Պետերբուրգ, որտեղից վերադարձել է այսօր՝ լույս գիշերը։ Այսօր էլ EK-SHA գրանցումով ինքնաթիռը Երեւանից մեկնել է «Դոմոդեդովո», որտեղից կվերադառնա քիչ ուշ։ Հուլիսի 5-ին եւս նախատեսվում է Երեւան-Մոսկվա («Դոմոդեդովո»)-Երեւան չվերթ։

Հայտնի է դարձել, որ հուլիսի 14-ից «Շիրակ Ավիան» շաբաթական երկու անգամ (հինգշաբթի եւ կիրակի) իրականացնելու է Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան կանոնավոր չվերթը։ Նախատեսվում է թռիչքների քանակը հետագայում դարձնել ամենօրյա։

Հիշեցնենք, որ դեռ մարտի 30-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է «Շիրակ Ավիայի» երկրորդ՝ «Boeing 737-800» ինքնաթիռը (EK-SHB), որը, սակայն, դեռ Հայաստան չի բերվել։ Ըստ հայկական ռեգիստրի տվյալների՝ «Շիրակ Ավիայի» երկու բորտերի սեփականատերը Գառնիկ Պապիկյանի արաբական «Meridien (FZE)» ընկերությունն է։ Ի տարբերություն 1994-ի արտադրության EK-SHA-ի՝ EK-SHB-ն թողարկվել է 2004-ին, նախկինում էլ շահագործվել է Չեխիայում, Հունգարիայում, Կանադայում եւ Եգիպտոսում։ Մինչեւ ՀՀ գրանցում ստանալը վերջին շահագործողը եղել է եգիպտական «AMC Airlines»-ը։ Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ օդանավը 2020-ի մարտից չի շահագործվել եւ կանգնած է Կահիրեի օդանավակայանում, որտեղից ենթադրվում է դրա ժամանումը Հայաստան։

«Շիրակ Ավիան», սակայն, միակը չէ, որ սկսել է իր սեփական թռիչքների կատարումը։ Այսօր կայացել է «Ֆլայ Արնա» ընկերության առաջին թռիչքը Երեւան-Հուրգադա-Երեւան ուղղությամբ (տես լուսանկարում)։ Հայկական օպերատորը Հուրգադա կմեկնի շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի։

Հուլիսի 4-ից էլ կմեկնարկեն «Ֆլայ Արնայի» Երեւան-Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթերը (յուրաքանչյուր երկուշաբթի եւ շաբաթ օրերին, հետագայում՝ նաեւ չորեքշաբթի)։ Ապագայում նախատեսվում է նաեւ Երեւան-Բեյրութ-Երեւան թռիչքների կատարում յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ։ 

Այսպիսով՝ ներկա պահին ՕՇՎ ունեցող հայկական 8 ավիաընկերություններից 5-ը («Ավիակոմպանիա Արմենիա», «Արմենիա Էյրվեյզ», «Ֆլայուան Արմենիա», «Շիրակ Ավիա», «Ֆլայ Արնա») կատարում են միջազգային չվերթեր։ Մնացած 3-ից «Արմենիան Հելիքոփթերսը» ուղղաթիռային օպերատոր է, իսկ «Սքայբոլը» շահագործում է օդապարիկներ, նրանք թռիչքներ են կատարում Հայաստանում։ «ՆովԷյրը» թռիչքներ չի իրականացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter