HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի անցկացման համար

Կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման նպատակով կառավարության որոշմամբ տրամադրվել է շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի կազմակերպման համար:

ԿԳՍՄՆ-ի հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի երկրորդ կեսին անցկացվելիք խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 130 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

«Այս տարի խորհրդաժողովում անդրադարձ կկատարվի վերջին տարիներին Սփյուռքում կրթության գործընթացի կազմակերպման և զարգացման նոր միտումներին, հայապահպանության հիմնախնդիրներին, ինչպես նաև հեռավար կրթության կազմակերպման հարցերին: Խորհրդաժողովին կներկայացվեն հայերենի և հայրենագիտության ուսուցման նոր մեթոդները, ստեղծված ուսումնական ծրագրերը և դասագրքերը: Այս անգամ խորհրդաժողովում կքննարկվեն նաև արտերկրի բուհերում հայերենի դասավանդման խնդիրները:

 

ԿԳՄՍ նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովները կազնակերպում է երկու տարին մեկ: Առաջին խորհրդաժողովը կայացել է 2004 թվականին, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 25 երկրների 125 ներկայացուցիչներ: 

Խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկելու արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: 

Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` տարբեր երկրներից եկած պատվիրակներն աշխատում են միևնույն թեմատիկ աշխատախմբերում` փոխանակելով իրենց համայնքային փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին ու մանկավարժական ձեռքբերումներին: 

Քննարկումների հիման վրա խորհրդաժողովներում ընդունվում է բանաձև, որն ուղղորդիչ է դառնում մոտակա երկու տարիների աշխատանքի ուղղությունները սահմանելու համար: Խորհրդաժողովներում մշակված շատ մոտեցումներ հետագայում դրվել են նոր միջոցառումների հայեցակարգերի մշակման, կազմակերպման և անցկացման հիմքում: Խորհրդաժողովում կարող են ընդունվել նաև հայտարարություններ:

Համատեղ քննարկումները հնարավորություն են ընձեռում նաև գնահատելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրագործվող ծրագրերի արդյունավետությունը՝ աջակցությունն առավել առարկայական և նպատակային դարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter