HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ոստիկանությունը, ԱԻՆ-ն ու Միգրացիոն ծառայությունը կմիաձուլվեն ներքին գործերի նախարարությունում

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Միգրացիոն ծառայության միաձուլման արդյունքում ստեղծել ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ)։ Համապատասխան օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ ստեղծվելիք ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններ են լինելու ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը։

Գործող գերատեսչությունների գործառույթներում ևս տեղի են ունենալու մի շարք փոփոխություններ։ Օրինակ՝ անձնագրերի և վիզաների հարցերով զբաղվելու է ոչ թե ոստիկանության համապատասխան վարչությունը, ինչպես ներկայում է, այլ Միգրացիոն և քաղաքացիության ծառայության անձնագրային բաժինը, վիզաների և կացության բաժինը։

Ներկայում գործող Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդառնա Փրկարար ծառայություն։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ԱԻՆ-ի գործառույթները ՆԳՆ-ին վերապահելը պայմանավորված է աղետների ու այլ ճգնաժամային իրավիճակներում մեկ կետից կառավարվող և միմյանց փոխլրացնող արձագանքի ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև նյութատեխնիկական, կարողությունների փոխլրացման ու կառավարման, ռեսուրսների համատեղ օգտագործման նպատակահարմարությամբ:

Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ են լինելու նաև Ոստիկանության կրթահամալիրն ու ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։

Ենթակա մարմինների ղեկավարներին նշանակելու է ՀՀ վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։

Հավելենք, որ այս օրենքների նախագծերի փաթեթը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ Սահմանված կարգով ընդունվելու դեպքում այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարկմանը հաջորդող տասներորդ օրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter