HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գլխացավեր, անքնություն, ինսուլտի նախանշաններ, էպիլեպտիկ ցնցումներ. հարցեր նյարդաբանին

«Բոլոր հիվանդությունները նյարդերից են» արտահայտության մեջ ճշմարտություն կա, քանի որ ամեն հիվանդություն ունի իր նյարդաբանական դրսևորումը։

Ինչպե՞ս հասկանալ, որ գլխացավը բուժման կարիք ունի։ Ինսուլտի նախանշանների դրսևորումից ինչքա՞ն ժամանակ հետո պետք է հասնել հիվանդանոց։ Որո՞նք են էպիլեպսիայի ամենաարդյունավետ դեղերն ու ինչու՞ է պետպատվերով տրվող դեղորայքն անիմաստ։

Ինչու՞ անքնության դեպքում մելատոնին խմելը չի օգնի և ինչպե՞ս պայքարել քնաբերների անկանոն նշանակման դեմ։

Վեգետաանոթային դիստոնիա, օստեխոնդրոզ. ի՞նչ ախտորոշումներ են ու արդյոք ունեն բուժման կարիք։ Ինչու՞ ենք բոլորս վաղ թե ուշ առնչվելու Ալցհեյմեր, Պարկինսոն հիվանդությունների հետ։

Այս և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև՝ ոլորտի միֆերի ու կարծրատիպերի մասին  #Բժշկիմոտ շարքում զրուցել ենք ԵՊԲՀ Նյարդաբանության ամբիոնի վարիչ, Նյարդաբանների ասոցիացիայի փոխնախագահ,«Աստղիկ» ԲԿ-ի և «Սիրմեդ» ԲԿ-ի Նյարդաբանության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանի հետ: 

 

Պարզ հարցեր՝ նյարդաբանության մասին

  • Պետք է դիմել նյարդաբանին, եթե… 
  • Ի՞նչ պրոֆիլակտիկ ստուգումներ ու ի՞նչ հաճախականությամբ պետք է իրականացնել
  • Ի՞նչ տարածված միֆեր ու կարծրատիպեր կան ոլորտում
  • Նյարդաբանական խնդիրներն ավելի շատ բուժվու՞մ են, թե՞ ոչ


Պատասխանները տեսանյութում 

Մենք բոլորս ունե՞նք նևրոտիկ խնդիրներ:

Մենք բոլորս ունենք էմոցիա, լավ է, որ ունես էմոցիա, որը կարող ես զսպել և կարող ես չզպել, բայց էմոցիա ունենալը ճիշտ է։ Մարդը, որը թաքցնում է այդ էմոցիաները, չես տեսնում դրանք, խուսափի իրենից, որովհետև չգիտես՝ վաղն իրեն ինչպես կպահի։

Նաև ասեմ, ցանկացած հիվանդություն ունի իր նյարդաբանական դրսևորումը։ Օրինակ, հիպոթիրեոզը՝ վահանաձև գեղձի թերի աշխատանքը. մենք տեսնում ենք, որ մարդ դանդաղկոտ է, մտածելը՝ դանդաղ է, ցավերը՝ շատ։ Այս նույնը կարող է լինել վիտամին D-ի, B12-ից պակասից կամ այլ հիվանդությունների ժամանակ։

Իսկ երբ էմոցիա ունես, բայց չես կարողանում դրսևորել, կամ զսպում ես, դա կարո՞ղ է նևրոզի պատճառ դառնալ։

Այո՛, կարող է։ Կան հիվանդություններ, որոնց ժամանակ չես կարողանում այդ էմոցիոնալ կապը ստեղծել։ Օրինակ՝ կա աուտիկ երեխաների մի խումբ, որը չի կարողանում մարդկային հարաբերություններ ստեղծել, չի կարողանում ընկերանալ, սիրահարվել, ինքն իր ծնողի նկատմամբ չունի այդ սերը։

Որո՞նք են Ձեր պրակտիկայում առավել հաճախ հանդիպող նյարդաբանական խնդիրները։

Եթե նայենք հիվանդությունների խմբերը՝ նեյրոդեգեներատիվ հիվանդություններն են՝ Պարկինսոն, Ալցհեյմեր, սկլերոզի տեսակներից, այսինքն՝ ուղեղի քայքայումը։

Երկրորդը, բորբոքային հիվանդությունները, այդ թվում նաև՝ ցրված սկլերոզը. սարսափելի մեծ խնդիր ունենք երկրում։ Անոթային խնդիրներ՝ ինսուլտներ, անցողիկ խանգարումներ, շատ կան անոթային խնդիրներով, պերիֆերիկ (նյարդային համակարգի մի մասը ուղեղից և ողնուղեղից դուրս, հեղ.,) նյարդային ախտահարումները, անշուշտ. մեջքի ցավն է, ոտքի ցավն է, և ավտոնոմ դիսֆունկիցիաները, ճնշման տատանումները և այլն, որոնք, ևս քիչ չեն, բայց խանգարում են, կյանքի որակի վրա ազդում են։

Իհարկե, սպառնալիք չկա, բայց կյանքի որակը սարսափելի է։ 

Նյարդաբանական հիվանդությունները երիտասարդացե՞լ են:

Այո’, անշուշտ, երիտասարդացում ամեն տեղ կա, բայց ուրիշ բաներ էլ պետք է հաշվի առնել. մենք երկար ենք ապրում։ Դրա համար էլ Ալցհեյմեր կա, դրա համար էլ այդքան Պարկինսոն կա, առաջ շուտ էին մահանում։

Ամեն տարիքային խումբ ունի իրեն բնորոշ հիվանդությունները։ Օրինակ՝ ցրված սկլերոզը 60 տարեկանում անհնար է, դա նշանակում է, որ 20 տարեկանում չի ախտորոշվել։

Շատերը սիրում են Գուգլով որոնել իրենց սիմպտոմները, չգնալ բժշկի։ Երբ որոնում ենք մարդկանց մոտ հաճախ հանդիպող՝ ճնշում, գլխացավ, գլխապտույտ, տրամադրության կտրուկ փոփոխություն, հայտնվում է «վեգետաանոթային դիստոնիա»-ն։ Նման ախտորոշում գոյություն չունի Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ։ Այդ դեպքում՝ ինչի նշաններ են դրանք։

Կա նման ախտորոշում։ Բայց պետք է պատճառը գտնես ու ճիշտ բուժում վարես։ Երբ սթրեսի հորմոնը (կորտիզոլ, հեղ.) կրակում է, դա կարող է լինել քրոնիկական, կարող է լինել մակերիկամի ուռուցք և այլն, պետք է դու իրեն լուծես։ Վեգետատիվ համակարգը դրա համար է ստեղծված։ Մեկի մոտ սկսում է սիրտն արագ խփել, շնչառության համար օդը չի հերիքում, ճնշումը բարձրանում է. լուծումը՝ պետք է դա ֆիլտրվի, մեզի, կեղտի հետ դուրս գա։ Դրա համար այդ ժամանակ մարդ վազում է զուգարան, կամ փորն է թուլանում։ Դա սիմպաթիկ կրիզն է։

Մյուսի մոտ վեգետաանոթային կրիզն է. ինքը հոգնում է, գլյուկոզան ընկնում է, փորը պնդանում է, վրեն հալ չկա, քրտնած, սփրթնած։ Ճիշտ ախտորոշում է պետք իրականում անել:

Եթե վեգետաանոթային դիստոնիայի նշաններն անտեսենք և չբուժենք, այն կարո՞ղ է ավելի լուրջ հիվանդության վերաճել, թե՞ հիմնականում միայն դիսկոմֆորտ է պատճառելու։

Կարող է բերել նոր խնդիրների, կզարգանան ցավային համախտանիշներ, վեգետատիվ դիսֆունկցիայի պատճառով կյանքի որակը կիջնի, մարդը վստահ կլինի, որ իրեն չեն կարող բուժել, ոչ ոք չի կարող իրեն հասկանալ, դա կտանի արդեն դեպի խորացում։ Այսինքն, եթե առաջ դրանք ընդամենը նշաններ էին, հիմա այն վերածվում է սոմատիկ հիվանդություն։

Իսկ խուճապի գրոհնե՞րը (panic attack):

Դրանք հիվանդության մի մասն են, և դա կառավարելի է։ Այնպես չէ, որ դրա համար պետք է ծանր հակափսիխոտիկ դեղորայք տաս։

Գլխացավերից խոսենք. ո՞նց հասկանանք, որ գլխացավը բուժման կարիք ունի, և խնդիրը նյարդաբանական է։

Մեզ մոտ բժիշկների մեծ մասը կարծում է, եթե գլխացավ է, ուրեմն, միգրեն է։ Միգրենները չեն բուժում։ Դրա համար պետք է դասակարգել՝ առաջնային գլխացավ, այսինքն՝ երբ որ ցավում է հենց գլուխը, երկրորդային՝ երբ որ կա պատճառ` բարձր ճնշում, գլխի մեջ՝ ուռուցք և այլն։

Առաջնային գլխացավն ինքնուրույն ախտորոշվում է, և այդ գլխացավի պատճառը լինում է այն, երբ ցավում է թաղանթը, ցավում է գանգը, ոսկորները, մկանները, նևրոզը, որը տարածվում է գլխով։ Դրա համար առաջնային գլխացավի համարյա թե 70%-ը լարվածության տիպի ցավերն են։ Եթե շաբաթվա մեջ մի քանի օր ցավը կա՝ մի քանի ժամով, և սովորական ցավազրկողներն էլ չեն օգնում, և նշում են կապը՝ ներվայինացա՝ հեսա գլուխս կցավա, հոգնեցի՝ գլուխս կցավա, մրսեցի՝ կցավա, շոգեցի՝ կցավա, այ դա լարվածության տիպի գլխացավերն են։ Ճիշտ զրույցը, բժշկի ստուգումը թույլ են տալիս դա ախտորոշել։ Այստեղ ոչ թե հասարակ ցավազրկողն է աշխատում, այլ մկանային լարվածությունը հանողը. միոռելաքսանտներով ես բուժում, ու իրականում ստանում ես լավ արդյունավետություն։ Առաջնային գլխացավերի մոտ 10%-ը, անշուշտ, միգրենն է։ Այնքան բան կարելի է նմանեցնել միգրենին։

Զրույցի ժամանակ պետք է հիվանդին թույլ տաս՝ պատմի մինչև վերջ գլխացավի մասին, չօգնես իրեն։ Եթե գլուխը ցավում է գանգի կեսով, արդեն մոտենում ենք միգրենին։ Աչքը դուրս է գալիս, դուրս չի գալիս, սրտխառնոց կա, փսխում կա, եթե դրանք չեն լինում, դա արդեն մի քիչ բարդ է, որովհետև կարող է արդեն լիքը այլ պատճառներից լինել, թեկուզ՝ աչքի ճնշման բարձրացումից, գլաուկոմայի ժամանակ։

Կլաստերային (փնջային) գլխացավեր ունենք։ Հայաստանում էլ շատ կան։ Դրանք սուիցիդալ ցավ են համարվում, գլուխն այն աստիճանի է ցավում, որ դրա պատճառով մարդ կարող է ինքնասպան լինել, դեղերն էլ չեն օգնում։

Կլաստերային գլխացավերը սպանիչ են. եթե մարդ գիշերն արթնանում է գլխի ցավից, արդեն կլաստերային գլխացավի նախանշան է։ Այստեղ միգրենի դեղերը չեն օգնում, հասարակ ցավազրկողները չեն օգնում։

Միգրենի մասով, ասում են՝ ցավը միակողմ է, հանկարծակի է առաջանում, կա պուլսացիա. այդ սիպտմոներն իսկապես միգրենի նշա՞ն են։

Կարող է նաև կլաստերային գլխացավ լինել, բայց չի կարող հիվանդն ինքն իր մոտ տարբերակել։ Պետք է թույլ տալ՝ բժիշկը որոշի։

Գլխի ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա), ՄՌՏ-ո՞վ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան) պետք է որոշել:

Անշուշտ, շատ լավ հետազոտման եղանակներ են։ Վիզուալիզացիան պարտադիր պետք է արվի, եթե ունես նյարդաբանական դեֆիցիտ։ Եթե նայում, տեսնում ես՝ կա օջախ։

Ինսուլտի նախանշանները որո՞նք են:

Օրինակ՝ մարդ արթնացավ, տեսավ՝ ձեռքը թույլ է։ Պետք է գնահատել՝ երբ ենք մարդուն տեսել լավ վիճակում, եթե քնից առաջ, ուրեմն քնի մեջ է ինսուլտը զարգացել։ Բայց եթե օրվա մեջ ունենք արագ զարգացող ձեռքի, ոտքի թուլություն, թմրածություն, դիմային նյարդի ասիմետրիա, կամ՝ խոսքի խանգարում, այդ ամենը կարող է լինել սուր ինսուլտի նշան։ Այդ պահին պետք չէ հապաղել, պետք է վազելով գնալ այն բժշկական կենտրոնները, որոնք ունեն ինսուլտի բուժման պետական ծրագիրը (գործում է 2019թ.-ից, «Էրեբունի» ԲԿ, «Աստղիկ» ԲԿ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Գյումրի» ԲԿ, հեղ.). արդեն բժիշկը գնահատում է, ասում է՝ ինսուլտ է, թե ոչ, անում ՄՌՏ։

Նախանշանների դրսևորումից մինչև հիվանդանոց հասնելը հիվանդը ինչքա՞ն ժամանակ ունի։

3 ժամ, այդ ընթացքում պետք է հասնի հիվանդանոց։

Այն, որ ասում են, եթե մարդը չի կարողանում նորմալ ժպտալ, ժպտում է միակողմանի, դա՞ էլ է ինսուլտի նախանշան։

Հա՛, իհարկե, դեմքի ասիմետրիան, ժպիտի բացակայությունը նշանակում է՝ դիմային նյարդի ախտահարվել է։

Հնարավո՞ր է՝ մարդ ոչ մի բան չանի, մնա տանն ու ինքն իրեն անցնեն ինսուլտի նախանշանները։

Երբևիցե չի կարելի ինսուլտը բուժել տանը, և հիվանդը չպետք է համաձայնի շտապօգնության բժշկի այն ասածին, որ մի քանի դեղ կգրի՝ «Ակտովեգին»-ները և մնացած բլեֆները, ու ամեն ինչ կանցնի։

Որքա՞ն է ինսուլտի՝ հետագայում կրկնվելու հավանականությունը։

Պարտադիր պատճառը պետք է իմանալ՝ ինչի եղավ. սի՞րտն էր, թրո՞մբ էր գոյացել, բարձրացել ուղեղ, թե՞ արյան հետ կապված փոփոխություն է՝ արյունը խտացել է, պնդացել և հանգեցրել ինսուլտի։ Կամ, կարող է ա՞յլ հիվանդություններն են պատճառը։

Օրինակ՝ ինսուլտի ռիսկերի ֆակտորը կանանց մոտ կարող է լինել հորմոնալ փոխարինող թերապիան։

Էպիլեպսիա. ասում են՝ տարբեր տեսակի է լինում, և ոչ բոլորի ժամանակ դեղեր խմելու կարիք կա։

Էպիլեպսիան ունի հազար տեսակ. այն կարող է լինել ցնցումներով, և կարող է լինել առանց ցնցումների։ Այն ծանր հիվանդություն է։ Ցնցումները, երբեմն, միայն «ծաղիկներն են»։ Կարող են լինել անձի տիպիկ փոփոխություններ. մարդ դառնում է ծանր, անտանելի։

Կան ժառանգական էպիլեպսիայի ձևեր, որի ժամանակ գեն է խախտված, և դժվար է կառավարել։ Կա ձեռքբերովի, կա, երբ պատճառն այդպես էլ չես իմանում, կամ ավտովթարից հետո գլուխդ խփում ես, էպիլեպսիա է առաջանում։

Կարծրատիպեր կան, որ ցնցումների ժամանակ մարդ լեզուն կուլ է տալիս, գդալով սկսում են լեզուն պահել։

Ցնցումների ժամանակ ոչինչ պետք չէ անել…

Պետք է հանգիստ թողնես, պառկի, շտապօգություն կանչես և ծնոտը պահես, որ այն հետ չգնա։ Բայց ճիշտ ախտորոշում պետք է ունենաս, որովհետև ամեն ձևի էպիլեպսիայի համար մենք ունենք դեղեր, ընդ որում՝ շատ էֆեկտիվ։ Կախված տեսակից՝ կարող ես տալ մեկ դեղ, երկու դեղ, երեք դեղ, կամ դեղերի կոմբինացիա։

Դեղերն ազդում են ուղեղի կեղևի գրգռման օջախի վրա. կեղևը գրգռված է, դրա համար է ցնցվում։

Խոսում են նաև այդ օջախների վիրահատական միջամտության մասին։

Կա նման բան, երբ հստակ օջախ է, դու գիտես, որ սա է։ Կան վիրահատության էֆեկտիվ եղանակներ, բայց դրանք շատ բարդ տեխնիկական վիրահատություններ են։ Եվ պետք է հաշվի առնել, որ ամեն անգամ, երբ ուղեղը կտրեցիր, նորից սպի կառաջանա։

Նոր օջա՞խ կձևավորվի։

Այո’, իհարկե։

Մեզ մոտ եղած և պետպատվերով տրվող էպիլեպսիայի դեղերը մեծ մասամբ հայկական են։ Որքանո՞վ են դրանք արդյունավետ։

«Կարբամազեպին», «Ամիտրիպտին», «Ֆինլեպսին» են նշանակում, դրանք անիմաստ դեղեր են։ Ունենք էֆեկտիվ դեղեր, օրինակ՝ «Գեպրալ»։ Ամեն դեպքում, անկառավարելի էպիլեպսիա շատ քիչ կա։

Հետաքրքիր փաստ նշեմ. հակաէպիլեպտիկ դեղորայքը թույլ չի տալիս, որ վիտամին D-ն յուրացվի, իսկ երբ որ չկա վիտամին D, հակաէպիլեպտիկ դեղորայքի արդյունավետությունն իջնում է. կարևոր է՝ երկուսի ճիշտ դոզավորումն ընտրել։

Բայց պարտադիր պետք է վերահսկվել նյարդաբանի մոտ

Այո’։ Միշտ հիմնվում ես մի քանի բանի վրա՝ նախնական պատմության. ունեցել է, չի ունեցել, դիմել է, չի դիմել։

Մեջքի ցավեր և օստեոխոնդրոզ. նման դիագնոզ կա՞, թե՞ հնացած է:

Օստեխոնդրոզ բոլորն էլ ունեն. ողնաշարի փոփոխություններն են։ Ողնաշարը մեր մարմնի ամենամեծ հոդային մակերես ունեցող մասն է։ 

Բուժու՞մ ենք:

Իհարկե, եթե կա ճիշտ ախտորոշում։ Բայց այնտեղ շատ ռևմատիկ բնույթի հիվանդություններ էլ են լինում՝ հոդային, մկանային, բոլորը պետք է ստուգել։  Գրագետ բժիշկ պետք է լինի։

Հարթաթությունը կարո՞ղ է մեծացնել օստեխոնդրոզի առաջացման հավանականությունը։ Որքանո՞վ է ճիշտ այդ կապը։

Հարթաթությունը շատ տարածված է եղել ժամանակին, մինչև որ սկսեցին կոշիկները սուպինատորով սարքել։ Հիմա նման խնդիր չկա։

Ալցհեյմեր, Պարկինսոն. խոսենք այս հիվանդություններից։ Որքա՞ն հաճախ են մեզ մոտ հանդիպում։

Շատ-շատ։ Եթե մենք մեզ համարում ենք երկարակյաց հասարակություն, նշանակում է, անխուսափելիորեն ինչ-որ տարիքից այս հիվանդությունների տոկոսն ավելանում է. 85 տարեկանում առնվազն ¼-ը պարտադիր ունենում է այդ խմբի հիվանդություններից։

Այսինքն՝ անխուսափելի՞ է:

Այո’, այսպես, թե այնպես՝ գործ ենք ունենալու այդ հիվանդությունների հետ՝ կա’մ որպես հիվանդ, կա’մ որպես բժիշկ, կա’մ որպես խնամող։

Որո՞նք են պատճառները։

Անշուշտ, երկար ապրելը, քանի որ այդ հիվանդություններն ի հայտ են գալիս մեծ տարիքում։ Շատ աշխատանք ենք անում Պարկինսոնի, Ալցհեյմերի մասով, բայց, անշուշտ, դա բավարար չէ, որովհետև այս հիվանդությունները նաև սոցիալական խնդիրներ են առաջացնում. հիվանդները պահանջում են հասարակության օգնությունը, միայնակ երբեմն դժվար է լինում։ Այս հիվանդությունները դեղով, թե առանց դեղ, շատ ծախսատար են։

Մեզ մոտ ցանկանում են ներդնել պալիատիվ բժշկությունը։ Այս դեպքում դա արդյունավետ կլինի՞։

Միանշանակ, բայց դրան զուգահեռ, մենք ունենք պալիատիվ բժշկության ընդամենը մի քանի մասնագետ, որոնք փորձառություն ունեն, վերապատրաստվել են, խորացել են, տեսել են տարբեր բաներ. սկսած՝ ցավազրկելու դոզայից, վերջացրած մոտեցումներով՝ ոնց կարելի է վատ լուր ասել, օրինակ, օնկոլոգիայում, վերջացրած՝ հիվանդների, նրանց հարազատների հետ շփումից։

Օրինակ՝ երբ երիտասարդ տարիքում նկատվում է ցրվածություն, հիշողության վատացում, երբ ասում են, օրինակ, եթե ես մոռացա արդուկն անջատել, ուրեմն ինձ մոտ Ալցհեյմեր է լինելու, դրանք իսկապե՞ս հիվանդության նախանշաններ են։

Ո’չ, ո’չ։ Մենք անկարելի շատ օգտագործում ենք բառեր, որոնց իմաստը չգիտենք։ Օրինակ՝ այսօր տրամադրություն չունենք՝ դեպրեսիա է, չկա նման բան։ Կամ, օրինակ, արդուկը միացրած թողեցինք, մոռացանք անջատել։ Մոռանալը նորմալ բան է։ Պետք է դու մոռանաս, որ քեզ բաց թողի։ Շատ բան պետք է մոռանալ, նորմալ է դա։ Կարևոր ինֆորմացիան պետք է պահել։

Մենք ունենք մտապահության երկու տարբերակ՝ կարճատև և երկարատև հիշողություն։ Երկարատևն այն է, որ ամբողջ կյանք հետդ է մնալու։ Կարճատևն օրվա իրադարձություններն էին, անցան, գնացին, չֆիքսեցիր։

Իսկ երբ երկարատև հիշողություններից ենք դրվագներ մոռանում, դա արդեն խնդի՞ր է։

Դա արդեն հիվանդություն է։ Ցանկացած տարեցին հարցրեք, ասեք՝ առաջին դասարանիդ դասատուի անունն ինչ է, կասի՝ հա՜, ընկեր Լուսինեն, կհիշի։ Ասում ես՝ թոռանդ անունն ինչ է, ու սկսում է շփոթել. դա նոր ինֆորմացիա է։

Կամ, ուսանողը, ո՞նց է, պարապում է, գնում, քննությունը հանձնում, հետո հիշողությունը «մաքրեց», որովհետև հիմա էլ ֆիզիկայի քննության է, հետո էլ՝ քիմիան։

Գիտական հետազոտություն կա, որ եթե Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հակում կա, նոր շարժումներ սովորելն ուղեղին շատ է օգնում, քանի որ ձևավորվում են նոր նեյրոնային կապեր։

Դրա համար էլ խորհուրդ ենք տալիս լող, պար, ֆիզիկական ակտիվություն։ Ցանկացած նոր բանն ուղեղում նոր սինապսներ է ստեղծում։ Սա հաստատված է, այսինքն, նեյրոնային նոր կապեր են ստեղծում։ Գիտենք, օրինակ, որ նեյրոնների մի մասը մեռած է, գոնե մնացածի կապը փորձում ենք պնդացնել։ Դրա համար էլ նյարդաբանական հիվանդներին միշտ խորհուրդ ենք տալիս իրենց մասնակցությունը, ֆիզիկական ակտիվությունը՝ պարտադիր, որովհետև առանց դրա չի լինի, բայց այդ ֆիզիկական ակտիվությունն էլ պետք է լինի դոզավորված, պետք է ճիշտ նշանակվի։

Անքնություն. որքա՞ն հաճախ է դա նյարդաբանական խնդիր:

Անքնությունը մեծ խնդիր է ամբողջ աշխարհում։ Քնի հորմոնը՝ մելատոնինն է, վիտամին D-ն է վերջում դառնում մելատոնին, այսինքն, եթե վիտամին D-ն քիչ է, արդեն քունդ էլ չի կարող լավը լինել։

Քունը շատ բաներով է պայմանավորված, անշուշտ, մենք ունենք կենսաբանական կարգավորման մեխանիզմներ, մեր ուղեղը պարտադրում է 6-8 ժամ քուն, և ինչքան ծերանում ենք՝ այդքան ավելի քիչ։ Քունն ունի պաշտպանողական մեխանիզմ, քնի ժամանակ ուղեղը շարունակում է մտածել, ֆունկցիաները կատարել, վերլուծել, վերականգնվում է։ Եվ, գուցե, քնի ժամանակ ենք մենք այդ հիշողությունը տարբեր տեղերով դասավորում, կարողանում ենք կարգավորել մեր ուղեղի աշխատանքը. քունը պարտադիր է։

Կա քնի խանգարման մի քանի ձև։ Մեկը, եթե դժվարացած է հենց քնելը, այսինքն, պառկում ես, չես քնում։ Կա մյուս խանգարումը, երբ որ անընդհատ արթնանում ես, և քնի որակն է իջնում։ Կան քնի տարբեր ֆազաներ, որոնց համակցումը պետք է լինի ճիշտ, իրար հետևող, որպեսզի կարողանանք ստանալ քնի առողջացնող, հանգստացնող էֆեկտը։

Կան հիվանդություններ, որոնց ժամանակ քնի խանգարումը լինում է առաջին նշանը։ Օրինակ՝ Պարկինսոն պլուս համախտանիշները, երբ որ հիվանդները ժամը 03:00-ից արթուն են, սկսում են տնով մեկ քայլել, քստքստացնում են։

Սա ծերերի՞ն չէ բնորոշ:

60 տարեկանը ծեր չէ։ Նոր սկսվում է հիվանդությունը, երբ իր մոտ միայն քունն է խանգարված, հոտառությունն է բացակայում, աղիներն են խնդիր ունենում։ Ամբողջ գիշեր քայլում են, ցերեկն էլ քնում են՝ նստած տեղը։

Իսկ անքնությունը երիտասարդների դեպքու՞մ:

Էմոցիաները կարող են լինել։ Էմոցիաներից կախված՝ մեր քունը շատ հեշտ է խանգարվում։ Իսկ եթե շարունակ չես քնում, չես քնում, չես քնում, պետք է գնալ բժշկի, հասկանալ պատճառը։

Խոսենք քնաբերների մասին:

Անկանոն նշանակվում են տարբեր ձևի քնաբերներ։ Կան Z-drug-երը (բենզոդիազեպինի՝ հոգեակտիվ դեղամիջոցների ածանցյալ դեղեր, հեղ.)՝ «Զոպիկլոն», «Զոլպիդեմ», որոնք իրականում չակերտավոր՝ «անվտանգ» խմբի քնաբեր են, որովհետև ցանկացած բան, եթե դեղ է, մի բանի վրա ազդում է, մյուս բանի վրա վատ է ազդելու։

Եթե դեղը նշանակվում է ու ցուցում չունի, միայն տեսնելու ենք իր կողմնակի ազդեցությունները։ Միշտ պետք է հաշվի առնել դեղի դոզավորումը, ժամանակը, տեղը։ Բժիշկը նշանակելիս պետք է հասկանա այն քիմիական ռեակցիաները, որոնց այս դեղը պետք է մասնակցի օրգանիզմի մեջ։

Նյարդաբանը պարտավոր է հասկանալ՝ ոնց է համակցելու, ոնց է թափանցելու ուղեղ, քանի՞ տոկոսն է թափանցելու, որքա՞ն է իր կենսաքայքայման ժամը, որ որոշի՝ կես հաբից տասն անգամ խմացնի, թե՞ մեկ հաբից մի անգամ։

Իսկ երբ անքնության ժամանակ մելատոնին են նշանակում, դա արդյունավե՞տ է։

Մելատոնինն ուղեղի հորմոն է, այն ուղեղի մեջ է, դրսից տված մելատոնինը պրակտիկորեն չի անցնում հեմոէնցեֆոլիտ բարիերը (արյունաուղեղային պատնեշ, հեղ.

Այսինքն, որ դեղատներում վաճառում են, դա…

Դա լավ կոռուպցիոն սխեմա է։

Ծննդաբերության ընթացքը կամ եղանակը կարո՞ղ են ազդել հետագայում երեխայի մոտ նյարդային խնդիրների ի հայտ գալու վրա։

Ծննդաբերելուց շատ տարբեր խնդիրներ կարող են լինել։ Ասֆիքսիա կարող է լինել (շնչահեղձություն, հեղ.) կամ այլ խնդիրներ։ Ինչի՞ ենք մենք դրա վրա ուշադրություն դարձնում, որովհետև մենք ծնվում ենք թերի, տհաս նյարդային համակարգով, հասունությունն ավարտվում է 6-8 տարեկանում։ Բոլոր նյարդերը պետք է միելինով պատված լինեն։ Միելիզացիան ավարտվում է այդ տարիքում, դա այն տարիքն է, երբ գնում ես դպրոց։ Թերի, տհաս նյարդային համակարգի վնասումը ցմահ բարդություն է թողնում։ Օրինակ՝ իշեմիան այդ տարիքում զարգացավ՝ մնաց ամբողջ կյանք։ Կամ, տրավմա եղավ, կդառնա հետտրավմատիկ օջախ։ Այդ հարցերը պետք է լուծել շուտ, որ հետո չմնան։

Օրինակ, որ՞ տարիքից ենք մենք մեզ հիշում՝ դպրոցական տարիքից։ Դա այն տարիքն է, երբ միելիզացիան ավարտվել է, կարողանում ես հիշողությունդ ֆիքսել, որովհետև կարող է քեզ բաներ պատմեն՝ 2-3 տարեկանից, դու հիշես, ու քեզ թվա, որ դա հիշում ես, բայց դու դա չես հիշում, դա քեզ պատմել են։ Երբ որ հասունանում է նյարդային համակարգը, դու ունես կայուն հիշողություն։

Այդ դեպքում նոր ծնված երեխաներին ի՞նչ հաճախականությամբ պետք է տանել նյարդաբանի մոտ։

Եթե խնդիր չի ունենում, պետք չի տանել երեխային։ Կա մանկաբույժ, որը գրագետ մարդ պետք է լինի։ Եթե ինքը նայի ոտիկների, թաթիկների շարժումները, ռեակցիաները, գլխի չափը, ու ասի՝ շատ հաջող, լավ երեխա է, ուրեմն նյարդաբանի կարիք չկա։

Բայց եթե խնդիր տեսավ՝ ցնցում, կամ այլ, միանգամից պետք է ասի՝ տարեք մանկական նյարդաբանի մոտ։ Եթե չկա խնդիր, ինչի՞ պետք է տանել։

Կան բժիշկներ, ում մոտ գնալն ամոթ է՝ սեռավարակաբան, պրոկտոլոգ, ուռուցքաբանն էր ասում այդ մասին, նույնը՝ նաև նյարդաբանի դեպքում. մարդիկ ասում են՝ ես հո գի՞ժ չեմ։ Այդ կոմպլեքսն ինչպե՞ս պետք է հաղթահարել։

Պետք է ընդհանուր կրթության մակարդակը բարձրացնել։ Ցածր կուլտուրան բերում է լեգենդների, ստիգմաների և մեծախոսությունների։ Մարդիկ ամաչում են իրենք իրենց հետ ազնիվ լինել։ 

Նաև ասեմ՝ նյարդաբանը «գժի հետ» գործ չունի։ Եթե հիվանդը գալիս է, ասում է՝ ես վախենում եմ գժվել, դա կարող է լինել նյարդաբանական պաթոլոգիաների մի մասը։ Բայց երբ հիվանդը գալիս, ասում է՝ ինձ ինչի՞ են բերել, այստեղ արդեն նյարդաբանական չի, արդեն՝ հոգեբուժական խնդիր է։

Եվ վերջում.

Ցանկացած հիվանդի պետք է ասել, որ դու պետք է մասնակիցը լինես քո լավացման պրոցեսի, առանց քեզ չի լինելու, միայն դեղ խմելով չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter