
Ավետիք Չալաբյան. «Այս քրեական գործ կոչեցյալն ընդամենը ծխածածկույթ է»
«Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը վաղը՝ հուլիսի 27-ին, լրանում է, դատարանը չի հասցրել քննարկել վերջինիս խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը, ուստի Չալաբյանն ազատ կարձակվի: Վաղը դատարանը կշարունակի այսօր ընդհատված նախնական դատալսումները, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կանդրադառնա նաև Չալաբյանի խափանման միջոցի հարցին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր Չալաբյանի գործով առաջին դատական նիստ էր՝ նոր Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նախնական դատալսումները:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն՝ նախնական դատալսումների ժամանակ դատարանը քննարկման առարկա է դարձնում ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը, վարույթի ընդդատության հարցը, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը, գույքային հայց հարուցված լինելու դեպքում` գույքային պատասխանող ճանաչելու հարցը, միջնորդության դեպքում` համաձայնեցման վարույթ կամ համագործակցության վարույթով դատաքննության հատուկ կարգ կիրառելու հարցը, հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը, ապացույցների թույլատրելիության և այլ վերաբերելի հարցեր:
Նիստի մեկնարկին պարզվեց, որ Չալաբյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը չի ստացել նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագիրը, Չալաբյանն առարկեց, որ առանց պաշտպան Անդրիկյանի գործի քննությունը շարունակվի, դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ համապատասխան փուլում այդ հարցին կանդրադառնա, իսկ համապատասխան փուլն այդպես էլ չեկավ: Դատարանում մեկ ժամից ավելի քննարկվում էր այն հարցը, որ պաշտպանական կողմը պատշաճ կարգով ու ժամանակին չի ստացել վարույթի նյութերը, ուստի նման պայմաններում չի կարող պատշաճ պաշտպանություն իրականացնել:
Երբ դատարանը ճշտում էր ամբաստանյալների ինքնությունը, Ավետիք Չալաբյանն ասաց, որ ամուսնացած է, ունի 4 երեխա, որոնցից երեքն՝ անչափահաս: Չալաբյանն ասաց նաև, որ կալանավորվելուց հետո ստիպված է եղել աշխատանքից ազատվել, քանի որ չի կարողացել կատարել պարտականությունները: Հետո դատավորը հարցրեց՝ ստացե՞լ է Չալաբյանը մեղադրական եզրակացությունը, ինչին վերջինս պատասխանեց, որ ուշ է ստացել, նյութերին էլ ամբողջությամբ ծանոթ չէ:
Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը պարզաբանեց, որ Նոր քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթի նյութերը դատարան հանձնելու մասին հսկող դատախազն անմիջապես գրավոր տեղեկացնում է վարույթի մասնավոր մասնակիցներին` նրանց պատշաճ ձևով ուղարկելով մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները: Օրենքի այս պահանջն, ըստ պաշտպանի, չի կատարվել: Հարությունյանի խոսքով՝ օրենքում ամրագրված վարույթի նյութերն անմիջապես հանձնելու պահանջն ինքնանպատակ չէ:
Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը գործով մեղադրական եզրակացությունը՝ նյութերի հետ միասին, դատարան է ուղարկել հուլիսի 12-ին, իսկ մեղադրյալ Ավետիք Չալաբյանը մեղադրական եզրակացությունը՝ կից հավելավածներով, ստացել է հուլիսի 20-ին, այսինքն՝ ոչ անմիջապես:
Պաշտպանի պնդմամբ ՝ 4 կամ 5 հատորից բաղկացած նյութերին 5 օրում ծանոթանալը կալանավայրում գտնվելու պայմաններում մեղադրյալի հիմնարար իրավունքի խախտումն է, այդ մասին որոշում ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Պաշտպանը դատարանին միջնորդեց գնահատման ենթարկել վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական պահանջի էական խախտման հանգամանքը: Պաշտպանական կողմը վարույթն իրականացնող մարմնի այս խախտումը դիտարկել է որպես հանգամանք, որը պետք է գործը վարույթ ստանձնելու մասին որոշում կայացնելիս գնահատման ենթարկվի, ուստի հուլիսի 14-ին միջնորդություն է ուղարկել դատարան:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, որ ինքը վարույթը ստանձնել է հուլիսի 13-ին, այսինքն՝ միջնորդությունը ստանալուց առաջ, սակայն եթե անգամ միջնորդությունը չստանար, ի թիվս այլ հարցերի, պետք է անդրադառնար պաշտպանի կողմից բարձրացված հարցին, ինքը նախնական դատալսումներ նշանակելիս խնդիր չի տեսել, սակայն պաշտպանի բարձրացրած հարցը կարող է քննարկման առարկա դառնալ նաև դատարանում՝ նախնական դատալսումների համապատասխան փուլում:
Վարազդատ Հարությունյանը նշեց, որ իրենց գործի նյութերը տրամադրվել են դատավարական ժամկետների խախտմամբ, և դրա հետևանքը չի կարող պաշտպանության կողմը կրել, այսինքն՝ այն կողմը, որը բարեխիղճ է գտնվել:
«Ժամկետի խախտմամբ գործողություններ են կատարել, ուստի անբարենպաստ հետևանքները պետք է տարածել ոչ թե մեղադրյալի, այլ ժամկետը խախտող կողմի վրա: Մենք պահանջում ենք, որ դատավարական ժամկետների խախտման անբարենպաստ հետևանքները տարածվի քրեական հետապնդման մարմնի նկատմամբ»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:
Ավետիք Չալաբյանը դատավորին հարցրեց՝ Դուք վարույթ ստանձնելիս հարցրե՞լ եք՝ գործի նյութերն ինձ տրամադրվել են, թե՞ ոչ, հետո նշեց, որ դատավորը սխալ է վարվել ու ճիշտ կանի՝ գործը վերադարձնի դատախազին:
Դատարանը որոշեց նիստը շարունակել ու անդրադառնալ նախնական դատալսումների շրջանակներում քննարկման առարկա հարցերին, ասաց, որ առկա չէ ընթացակարգ, որով դատավորը պետք է գործը վերադարձնի, ապա ճշտեց գործով մյուս մեղադրյալի՝ Էմմա Սարգսյանի ինքնությունը: Վերջինս նշեց, որ խնամքին 14 տարեկան երեխա ունի, Ագրարային համալսարանի դասախոս է, մեղադրական եզրակացությունը ստացել է:
Պաշտպան Վարազդատ Հարությունյանը առարկեց գործողությունների դեմ, վերջինս հիշեցրեց, որ Ավետիք Չալաբյանը հայտնել է, որ գործի նյութերին չի ծանոթացել, սակայն դատավորը նիստը շարունակում է: Նման պայմաններում, ըստ Վարազդատ Հարությունյանի, պաշտպանական կողմը զրկված է պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից:
«Հուլիսի 1-ին նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերն են ուժի մեջ մտել: Դրանք քրեակատարողական հիմնարկներում կա՞ն, Չալաբյանը Քրեական օրենսգիրք ունեցե՞լ է որ բացի, տեսնի իրեն ինչո՞ւմ են մեղադրում»,- հարց բարձրացրեց Վարազդատ Հարությունյանը:
Գործի նյութերին ծանոթ չլինելու հարցի քննարկման ժամանակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դիրքորոշում հայտնեց, որ պաշտպանական կողմը դատարանից էլ կարող էր պահանջել նյութերը, որը չի արել՝ թեև տեղյակ է եղել, որ դրանք հուլիսի 12-ից ուղարկվել են դատարան:
Այս հանգամանքը զայրացրեց պաշտպան Հարությունյանին: Վերջինս դատարանից հետաքրքրվեց, թե քննիչի թույլ տված ուրիշ ի՞նչ խախտում պետք է պաշտպանական կողմը փորձի շտկել: Վարազդատ Հարությունյանը նշեց, որ դատարանի շտապողականության միակ նպատակը դատավարական համապատասխան հարցերի քննարկումն արագ իրականացնելուց հետո Չալաբյանի խափանման միջոցի հարցին հասնելն ու կալանքը հաստատելն է, քանի որ վաղը լրանում է Չալաբյանին կալանքի տակ պահելու ժամկետը, եթե դատավորն այսօր չհասցնի որոշում կայացնել խափանման միջոցի վերաբերյալ, ապա Չալաբյանը պետք է ազատ արձակվի:
Ելույթ ունեցավ նաև Ավետիք Չալաբյանը:
«Ես քաղաքական հետապնդման պատանդ եմ: Այս քրեական գործ կոչեցյալն ընդամենը ծխածածկույթ է: Կա վարչախմբի ղեկավար, անունն է Նիկոլ Փաշինյան, ում դուք ժամանակին դատել եք: Իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրականացնում է հետապնդում։ Այդ ծխածածկույթի տակ մեր իրավապահ համակարգում գործող կազմակերպված խումբն իրականացնում է գործողություններ, ամեն անգամ փորձում է օրենքը կամայական մեկնաբանելով, ինձ պահել կալանքի տակ՝ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի»:
Չալաբյանը նաև նշեց, որ իր մեղադրանքի հիմքում դրված է մի ձայնագրություն, որը մոնտաժված է, որը հրապարակվել է «կառավարական» մի կայքում, որի սեփականատերը վարչապետի օգնականն է:
Ի վերջո տևական ժամանակ հարցի քննարկումից հետո պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը, նիստը մեկ ժամով ընդմիջվեց, ապա վերսկսվեց, Չալաբյանն ասաց, որ առանց պաշտպանների չի ցանկանում նիստին մասնակցել, այն հետաձգվեց ու կշարունակվի վաղը:
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:
Մեկնաբանել