HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ. «Ժամանակավոր տատանումները չպետք է անհանգստացնեն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին»

Ժամանակավոր տատանումները չպետք է անհանգստացնեն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ անկմանը հաջորդում են ավելի երկար վերականգնման ժամանակահատվածներ։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշել են Կենտրոնական բանկից: 

Գլխավոր դրամատանը նախ խնդրել էինք մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված 2022 թվականի երկրորդ եռամսյակում կենսաթոշակային ֆոնդերի գրանցած բացասական եկամտաբերությունը։ Ինչպես նաև՝ եթե առաջիկայում ևս կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները շարունակեն տուժել, ԿԲ-ն, լինելով այդ համակարգը վերահսկող մարմինը, ունի՞ որեւէ ծրագիր մասնակիցների կուտակած գումարների կորուստը մեղմելու համար։

Որպես երկրորդ հարցի պատասխան՝ ԿԲ-ից պարզապես հորդորում են քաղաքացիներին չանհանգստանալ։

«Օրինակ՝ 2014 թվականիի արժութային շուկաների ցնցման, 2020 թվականի կորոնավիրուսի ընթացքում դարձյալ գրանցվել է բացասական եկամտաբերություն, սակայն կարճ ժամանակ հետո ֆոնդերի փայերի արժեքը վերականգնվել է»,- նշում են ԿԲ-ից։

Շեշտվում է, որ կուտակային համակարգի մասնակիցների կենսաթոշակային հաշիվներում հաշվառվում են կենսաթոշակային ֆոնդերի փայեր, որոնց քանակը ոչ միայն չի նվազել, այլև անընդհատ աճում է, քանի որ յուրաքանչյուր ամիս ստացված կուտակային հատկացումների հաշվին ձեռք են բերվում նոր փայեր։

Սակայն, փաստ է, որ այդ փայերի ընդհանուր արժեքը դրամական արտահայտությամբ նվազել է, ինչն էլ և կարևոր է մասնակիցների համար։ Քաղաքացիներն ու փորձագետներն անհանգստացած են՝ ի՞նչ կլինի, եթե իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվները շարունակեն բացասական արդյունքներ գրանցել։ Փորձագետների մի մասն էլ համարում է, որ ֆոնդերում կուտակված գումարները կարելի է ավելի արդյունավետ կառավարել։

 2022 թվականի առաջին երկու եռամսյակներում մասնակիցների մեծ մասի մոտ կենսաթոշակային հաշվի մնացորդը դրամական արտահայտությամբ նվազել է, քանի որ նվազել է կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների արժեքը (դրամական արտահայտությամբ): ԿԲ-ից սա պայմանավորվում են արտասահմանյան բաժնետոմսերի գների, արտասահմանյան և ՀՀ պարտատոմսերի գների նվազմամբ և արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի արժևորմամբ։ 

«Ֆոնդերի կառավարիչները ֆոնդերը կառավարում են երկարաժամկետ ռազմավարությամբ։ Ուստի ֆոնդերի եկամտաբերությունը պետք է դիտարկել ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով։ Ըստ այդմ, ՀՀ կենսաթոշակային ֆոնդերը ստեղծման պահից (2014թ.) մինչ օրս ապահովել են միջինում 76% կուտակային եկամտաբերություն (տարեկան շուրջ 7%)»,- նշված է պատասխանում։

Ներկա պահին կուտակային համակարգի մասնակիցները գտնվում են կուտակման փուլում, ուստի ստիպված չեն մարել իրենց փայերը կենսաթոշակ ստանալու նպատակով (դա կսկսի մեկուկես տասնամյակ հետո)։ 

Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական բանկի հրապարակած վերջին հաշվետվության՝ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի ընդհանուր ակտիվները 2022 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել են 503 մլրդ դրամ։ 

Կուտակված գումարների առնվազն 60%-ը կառավարիչները ներդնում են Հայաստանում, մնացածը՝ արտասահմանում։ 

Մայիսի վերջի դրությամբ՝ կուտակված գումարների մոտ 35%-ը ՀՀ պետական պարտատոմսերում են կուտակված, 32%-ը՝ ավանդներում։ 26%-ը՝ կոլեկտիվ ներդրումային գործիքներում են. սրանք հիմնականում արտասահմանում ներդրված գումարներն են: Մնացածը այլ ակտիվներն ու պարտատոմսերն են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter