
Դատավորների միության փոխնախագահին հայտնի չէ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի միությունից դուրս գալու պատճառը
Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանը հետևել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հրապարակային հայտարարություններին, ինչպես նաև որպես Դատավորների միության փոխնախագահ ծանոթ է միությունից դուրս գալու վերաբերյալ նրա դիմումին: Ալեքսանյանի հրապարակային հայտարարություններում, ինչպես նաև դիմումում որևէ նշում չկա այն մասին, թե ինչո՞ւ է վերջինս դուրս եկել Միությունից: Դատավորների ընդհանուր ժողովին եկած Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման պայմաններում չի կարող ասել Ալեքսանյանի՝ միությունից դուրս գալու պատճառը:
Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն է բավարարել վերջերս դատարանում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման միջնորդությունը: Գրիգորյանի մահվանից հետո Ալեքսանյանին իրավական հանրության մի հատվածը խիստ քննադատության ենթարկեց՝ նշելով, որ Գրիգորյանն ապօրինի էր կալանավորվել, և նրա մահվան մեղքը ուղղակիորեն կամ ուղղակիորեն դրվեց Արուսյակ Ալեքսանյանի վրա:
Այս քննդատություններից հետո Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում գրեց: Մամուլում առկա հրապարակումների համաձայն՝ դիմումի պատճառը եղել է այն, որ Դատավորների միությունը որևէ կերպ չի աջակցել Ալեքսանյանին: Երբ լրագրողներն այս հարցի մասին խոսեցին, Ստեփանյանն ասաց, որ ինքը ճիշտ հակառակի մասին է լսել. Ալեքսանյանն ասել է, որ որևէ աջակցության կարիք չունի:
Լրագրողները Ստեփանյանից հետաքրքրվեցին՝ երբ դատավորն իր կայացրած որևէ ակտի համար թիրախավորվում է, այստեղ Դատավորների միությունն առհասարակ անելիք ունի՞, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Ստեփանյանը նշեց, որ այն դեպքերում, երբ Դատավորների միությունը նպատակահարմար է գտնում, հայտարարություններ տարածում է:
«Եղել են նաև բազմաթիվ դեպքեր, երբ դատավորների վերաբերյալ իրենց կայարցած ակտերի համար հնչել են քննադատություններ, ու Դատավորների միությունը դրանց չի արձագանքել»,- ասաց Արթուր Ստեփանյանը:
Հարցին՝ դատարանները ե՞րբ են բարեփոխվելու, Միության փոխնախագահը պատասխանեց, որ ինքը դատական համակարգում է 2008 թվականից, և այս տարիների ընթացքում դատական համակարգում միշտ էլ բարեփոխումներ են եղել, ու դրանք պետք է շարունակական լինեն, որպեսզի դատական համակարգը կարողանա հասարակական զարգացող հարաբերությունների պայմաններում զսպել արատավոր երևույթները:
Դատավորների ընդհանուր ժողովին այսօր ներկա չէին այն դատավորների մի մասը, որոնք պարբերաբար դատավորների իրավունքների, նրանց անկախությանը միջամտության վերաբերյալ հայտարարություներ են տարածում: Խոսքը, մասնավորապես, դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Վազգեն Ռշտունու, Մխիթար Պապոյանի, Դավիթ Հարությունյանի, Արման Հովհաննիսյանի, Զարուհի Դանիելյանի մասին է: Հարցին՝ Ստեփանյանը տեղյա՞կ է նրանց բացակայության պատճառների մասին, միության փոխնախագահը պատասխանեց, որ տեղյակ է նրանց մի մասի՝ արձակուրդում գտնվելու մասին:
Մեկնաբանել