HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հադրութի Տող գյուղում մնացած մեքենայի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար քաղաքացին տուգանվել է

55-ամյա Վահրամ Լազգիյանը կամավոր մասնակցել է 2020 թվականի արցախյան պատերազմին։ Պատերազմի երկրորդ օրը Վահրամն իր մեքենայով ուղևորվել է Հադրութ, մինչև 2020 թվականի հոկտեմբերի 21-ը եղել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տող գյուղերում, որտեղ մասնակցել է գյուղերի պաշտպանությանը։

Հոկտեմբերի 21-ին Տողում 3 տեղից վիրավորվել է՝ ստանալով որովայնի, կոնքի, ձախ ազդրի հրազենային վնասվածքներ, աջ ազդոսկրի կոտրվածք։ Վահրամի մեքենան մնացել է Տողում, չի կարողացել դուրս հանել։

Իր հետ Տողում եղած տղամարդիկ նրան տեղափոխել են Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղ, որտեղ կատարել են Վահրամի առաջին վիրահատությունը, որից հետո տեղափոխել են Երևան, այնտեղ ևս երկու վիրահատություն է արվել։

Հայաստան վերադառնալուց ամիսներ անց Վահրամը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ դստեր մոտ։

2022 թվականի հունիսի 24-ին Վահրամը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից գրություն է ստացել, որ ոստիկանության մարտի 22-ի որոշման հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ և Վահրամից պետք է բռնագանձվի ընդհանուր հաշվով 7500 դրամ։

2021 թվականի հունվարի 14-ին Վահրամ Լազգիյանը Արարատի մարզային ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ներկայացրել, որ կորցրել է «Մերսեդես-Բենս» մակնիշի մեքենան, բայց Վահրամի խոսքով՝ անփութության հետևանքով ոստիկանության տեղեկանքում նշել են, թե կորցրել է ոչ թե մեքենան, այլ՝ համարանիշերը։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Ճանապարհային ոստիկանություն և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։

Ճանապարհային ոստիկանությունից «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել են, թե տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է տրանսպորտային միջոցի խոտանման դեպքում։ Դրա համար Վահրամ Լազգիյանը ոստիկանություն պետք է ներկայացներ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը, տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը:

Վահրամ Լազգիյանը ավտոմեքենայի պետհամարանիշերը ոստիկանություն ներկայացնել չէր կարող, քանի որ դրանք եղել են մեքենայի վրա, որը մնացել է Տողում։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից «Հետքին» հայտնել են, թե 2022թ․ մարտի 22-ին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում, համաձայն որի՝ Վահրամ Լազգիյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 5000 դրամի չափով (ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, խմբ․): Հաշվի առնելով, որ նշված վարչական ակտը Վահրամ Լազգիյանի կողմից սահմանված ժամկետում չի բողոքարկվել, այն 2022 հուլիսի 5-ին դարձել է անբողոքարկելի:

Վահրամ Լազգիյանն այդ ընթացքում գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում և տեղյակ չի եղել ստացված ծանուցման մասին, բացի այդ, 2021 թվականին դիմում է ներկայացրել ոստիկանություն, որ կորցրել է մեքենան։

Վահրամ Լազգիյանը 1995-2018 թվականներին ապրել է Հունաստանի Աթենք քաղաքում։ 2018-ին վերադարձել է Հայաստան և այժմ ապրում է Արարատի մարզի Սիս գյուղում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter