
Do it yourself. ես-ի գիտակցության սանդղակը
Կա աներևույթ մի պատ, որի դեմ կանգնելուց առաջ մարդիկ միշտ միզում են. թուլության նշան է: Անխուսափելիորեն ամեն ոք մի պահ նույնիսկ շոշափում է այդ պատը: Երբ սպառվում է հնարավորությունը (իսկ դա մենք զգում ենք ամեն օրգանական շփումից հետո), մարդու շահերն ու բախումները մնում են իր և պատի արանքում: Ու երբ սկսում ենք հանգցնել կրակը, որ կամ մեզ է վերացնելու, կամ պատը, ինքնապաշտպանական քայլի ենք դիմում. ինքնապաշտպանությունն այս դեպքում դիտարկում ենք որպես միակ և անելանելի ճշմարտություն:
Հաճախ մեզ կարող է թվալ, որ արդեն ճանապարհն այդ է, և ազատ անկման զգացողություն ունենանք. յուրաքանչյուր կանգառ, սակայն, ենթադրում է պատի գոյություն և շփում մեզ հետ՝ մեր իսկ ստեղծածի դիմաց:
Մարդը շփումներից խուսափում է. ես-ից դուրս եկած յուրաքանչյուր բառ, ժեստ, արտահայտություն այդ նույն ես-ի հետ կապ չունի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարում ենք մուտքն ու ելքը և ազատ հոսքի հնարավորություն չենք տալիս:
Անընդհատ արագացման ոտնակին սեղմածի համար իրականությունը երբեք չի ավարտվում. իսկ սեղմումն այդ վերածվում է լիցքի, որը անմիջականորեն ազդեցություն է ունենալու արտաքին աշխարհի և ուրեմն մեզ վրա:
Աստիճաններով «վատ ապակեգործին» դուրս շպրտած բոդլերյան հերոսը մի պահ անգամ չկասկածեց իր սխրանքի ճշմարտացիության վրա. նա նկատեց և գործեց:
Հասարակությունն այս, որ առավոտն սկսում է միմիայն լուսաբացից՝ արդեն իսկ գործելու ընդունակ, չի նկատում... Չնկատելը ևս մեկ խափանումն է ինքներս մեզ հետ շփվելու:
Վերապրումն այս պարագայում դառնում է մակերեսային, անասնական: Եվ մարդուն կառավարելը դառնում է հեշտ, անսահմանափակ... Իսկ կառավարողը նույնպես չնկատող և ամեն տեսակի հանդեպ ցինիկության աստիճանի լպրծուն տրամաբանությամբ կիրառում է մեթոդներ, որոնք միանգամից կարելի է վերլուծել:
Սակայն մարդը շարունակում է հավատալ կառավարելիության կատարելիությանը, որովհետև մարդն այլևս իրեն չի հավատում:
Այսօր արդեն պայթուցիկ սարքը, երբ հայտնվում է հասարակության մեջ, նախևառաջ ուսումնասիրվում է ազդեցության, տեսակի, որակի տեսանկյունից՝ հետ մղելով վտանգավոր սարքը դուրս շպրտելու գաղափարը: Ստացվում է՝ զարգացումն այս տեսակի մեզ մի քանի քայլ հետ է մղում ամենակարճ փրկության ճանապարհից:
Յուրաքանչյուր քայլի պատասխանատվություն շրջակա միջավայրի «բարօրության» համար նախևառաջ պատասխանատվություն է սեփական անձի հանդեպ:
Եվ ուրեմն այն, ինչ փորձում ենք անել կամ անում ենք, պահանջում է փորձ և սեփական տան հայելու առաջ մեկ անգամ արդյունավետությունը ստուգելու համար կիրառելու նախապայման: Եթե կատուն շարունակում է հայելու մեջ իրեն առյուծ տեսնել, ուրեմն կամ իրեն այդպիսին դարձրել են, կամ ինքը գերագնահատում է իրեն:
Մտքի ավարտուն տեսքը գործողությունն է, իսկ մեր գործողություններն այսօր պայմանավորված են ոչ միայն մեր մտքերով. արդյոք մենք այդկերպ դուրս չենք մնում սեփական որոշումների և արարքների շրջանակից:
Ազգային գաղափարախոսություն շահարկելը և շատերի կողմից վերջինիս գիտակցության բացակայությունը կարող է հանգեցնել ներքին պայքարի, որն արդյունավետության տեսանկյունից նման է բութ դանակով խնձոր մաքրելուն:
«Կյանքը գեղեցկորեն» տեսնելու բոդլերյան տենդենցը ստիպում է գնալ ծայրահեղ քայլերի, սակայն ծայրահեղությունն, այսօր այլ սահմաններ և սահմանումներ ունենալով, չի կարող սահմանափակվել տկար գիտակցության խղճուկ քայլերով, որոնք առերես հուժկու ազդեցությունից հետո շարունակում են երկար ծխալ և լցվել մարդկանց ուղեղը:
Որևէ մեկի հանրային արարքը չի սահմանափակվում սեռական կողմնորոշումով և անձնական կյանքի մանրամասներով:
Յուրաքանչյուր հարց մանրազնին քննության կարիք ունի, և այս դեպքում թքել-մրելու ստանդարտ գործողությունը մնում է ստորին մակարդակում, քանի դեռ թքողը չի գիտակցում հստակ պատճառն ու հետևանքը, թքելու ցանկության պատճառն ու ազդեցությունը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել