
Ավետիք Չալաբյանի գործով նիստը հետաձգվեց վերջինիս առողջական խնդիրների պատճառով
Ավետիք Չալաբյանի համար հանրային պաշտպան էր ներկայացել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր նշանակված էր Չալաբյանի գործով հերթական դատալսումը:
Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնել էր, որ դիմելու է «Հանրային պաշտպան»-ի գրասենյակ, որպեսզի Չալաբյանին նաև հանրային պաշտպան տրամադրվի: Դատավորը նման որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ Չալաբյանի պաշտպանները, որպես դատավորի գործողությունների դեմ բողոքի նշան, լքել էին նիստերի դահլիճը:
Այսօր դատարան ներկայացած հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարանին հայտնեց, որ մեկ ժամ առաջ է տեղեկացել, որ Չալաբյանի շահերը պետք է ներկայացնի, վարույթի նյութերին ծանոթ չէ: Պաշտպանը խնդրեց քննարկման առարկա դարձնել իր ներգրավման հարցը, որպեսզի կարողանա ստանալ նյութերը, սակայն Քրեական դատավարության նոր, այսինքն՝ հուլիսի 1-ից գործող օրենսգրքով պաշտպանի ներգրավման հարցին դատարանը պետք է անդրադառնա ավելի ուշ փուլում: Հիշեցնենք, որ Չալաբյանը նախորդ դատական նիստի ընթացքում դիրքորոշում է հայտնել, որ չի ցանկանում հանրային պաշտպան ունենալ:
Այսօրվա նիստին Ավետիք Չալաբյանն արդեն ազատության մեջ գտնվելով էր եկել: Նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին հայտնեց, որ Չալաբյանն ազատ արձակվելուց հետո դիմել է բժշկական կենտրոն, ու բժիշկները նրա մոտ ախտորոշել են հիպերտոնիկ կրիզ, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի: Առավոտյան ստուգման ժամանակ Չալաբյանի արյան ճնշումը եղել է 170/100:
Պաշտպանները, հաշվի առնելով առողջական վիճակը, Չալաբյանին առաջարկել են դիմել դատարանին ու նիստը հետաձգել, սակայն Չալաբյանն արգելել է ու պնդել, որ պետք է մասնակցի դատական նիստին: Նիստի ընթացքում պաշտպան Հարությունյանին դատարան ներկայացվեց «Նաիրի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքը՝ Չալաբյանի առողջական վիճակի վերաբերյալ: Դրանում Չալաբյանին ցուցված էր լինել սրտաբանի հսկողություն տակ:
Հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը, դիմելով մեղադրյալին, ասաց, որ եթե հայտնի, որ ի վիճակի չէ մասնակցել նիստին, այն կհետաձգվի: Չալաբյանը պատախանեց՝ երախտապարտ կլինի, եթե նիստը հետաձգվի, առարկություններ չեղան ու դատավորը որոշեց հետաձգել այսօրվա դատալսումները:
Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 1-ին:
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք է առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին:
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:
2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Մեկնաբանել