
11 անձ փոխհատուցում կստանա պատերազմի ժամանակ ոչնչացված կամ վնասված մեքենաների համար
Պաշտպանության նախարարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնց պատկանող տրանսպորտային միջոցները ոչնչացվել կամ վնասվել են 2020թ․ արցախյան պատերազմի ժամանակ։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ վնաս է հասցվել։ Վարչապետի 2021թ․ նոյեմբերի 9-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և ֆիզիկական ու իրավաբանական անձանցից ստացված դիմումների քննարկման և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով՝ դրական եզրակացություն է կայացվել 11 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 53 միլիոն 922 հազար դրամի չափով։
Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, նշված 11 տրանսպորտային միջոցներից 4-ը ոչնչացված են և առկա չեն, 7-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան:
Վերը նշված գումարը Պաշտպանության նախարարությանը կհատկացվի ՀՀ կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից: Նախագծի հավելվածները e-draft.am-ում հրապարակված չեն։
Հավելենք, որ այս որոշման նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Լուսանկարը՝ արխիվային (Արցախ, 13 նոյեմբերի 2020թ․) / © Հետք
Մեկնաբանել