HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կենդանաբանական այգին սարքել ենք Սինգապուր»,- վստահեցնում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

«Հետք»-ի հարցերին պատասխանում է Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը

Պրն Ղազարյան, Ձեր պաշտոնավարումից հետո ի՞նչ բարեփոխումներ են եղել այգում։

Ես մարտի 28-ին նշանակվել եմ։ Այդ ժամանակից ի վեր կատարվել են շատ լուրջ և ահռելի շինարարական աշխատանքներ, ազատավանդակների վերանորոգում, ներկման աշխատանքներ։ Այգու 85 տոկոսն արդեն ներկված է։ Կոյուղիներ կան, որոնք հիմնանորոգվել են, քանի որ տարիների ընթացքում դրանք բոլորը խցանվել էին։ Տեսանելի ապագայում տանիքներն ամբողջությամբ փոխվելու են՝ վերևի շերտը, թիթեղները։ Շատ գեղեցիկ ազատավանդակներ ենք ունենալու։

Հուսով եմ, որ տեսանելի ապագայում բարերարների օգնությամբ կունենանք ազատավանդակների հիմնանորոգում։ Այսինքն՝ հնարավոր է կապիկների վանդակները նորոգվեն, ստեղծվի ընձուղտի սիրուն վանդակ, և այգուն ընձուղտ նվիրաբերեն։ Երկրի այցեքարտը կենդանաբանական այգին է, և բոլորս էլ որ երկիր գնում ենք, այդ երկրում ուզում ենք կենդանաբանական այգի այցելել։ Իսկ ես ասել եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք եվրոպական ստանդարտներին համապատասխան այգի։ Կարծում եմ, եթե ամեն ինչ լավ ստացվի, կունենանք։

Կանաչապատման լուրջ աշխատանքներ են տարվում, գրեթե 2000 հատ ծառատեսակ, թփեր, ծաղիկներ, թույաներ պետք է այգում կանաչապատենք։ Նեղ մասնագետի ենք հրավիրել, եկել է, նայել է, ասել է՝ որտեղ պետք է տնկվի, և մասնագետների օգնությամբ կունենանք շատ գեղեցիկ այգի։ Կենդանիների տակի ավազն ամբողջությամբ փոխվել է, տիղմերը մաքրվել են, լուսավորությունը վերանորոգվել է ամբողջությամբ։ Սարքել ենք Սինգապուր։

Վերևի հատվածը կգործի որպես կենդանաբանական այգի, իսկ ներքևի հատվածում կունենանք զբոսայգի, որպեսզի ցանկացած քաղաքացի՝ լինի ՀՀ քաղաքացի, տուրիստ կամ արտերկրից եկած, մինչև երեկոյան 24։00-ն զբոսնի, մարդիկ վայելեն իրենց հանգիստը, ազատ WiFi-ով և ամեն ինչով։ Մի խոսքով, անում ենք ամեն ինչ, որպեսզի այցելուների համար ստեղծենք հետաքրքիր պայմաններ։

Փորձում ենք բարերարների գտնել, որոնք մեզ կկարողանան օգնել։ Օրինակ՝ մենք երբևիցե չենք ունեցել կենդանուն քնեցնող զենք։ Ամերիկահայ բարերար Արամ Առաքելյանն իր բարի կամքն է դրսևորել և բժշկական կլինիկայի համար մի քանի հազար դոլարի նվիրատվություն է արել, որ պետք է կլինիկայում առաջին անհրաժեշտության պարագաներն ու սարքավորումները ձեռք բերենք։ Օրինակ՝ նաև սոնոգրաֆիայի սարք ենք գնելու։

Այգում այդպիսի սարքավորումներ չկա՞ն,  անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս եք կենդանիներին հետազոտում կամ բուժօգնություն ցուցաբերում։

Ոչ մի սարքավորում չունենք։ Երբ կարիք է լինում կան ընկերություններ, որոնց հետ համագործակցում ենք պայմանագրի շրջանակներում, հրավիրում ենք, գալիս են, տանում են, քնեցնում են կամ ինչ-որ վիրահատություն են անում։ Բայց շուտով կունենանք մեր սեփականը։ Զենքն արդեն մաքսակետում է գտնվում, և շուտով կհայտնվի մեզ մոտ։

Եթե մեծ կենդանիներից որևէ մեկի, ասենք՝ փղի ոտքն է վնասվում, ինչպե՞ս եք տեղափոխում նրան։

Չենք տեղափոխում, սարքով հրավիրում ենք այդ ընկերություններին, գալիս են, տեղում ռենտգեն են անում, տեղում թուլացնում են, համապատասխան միջամտությունն անում են։

Մի քանի անգամ շեշտեցիք բարերարներին, իսկ քաղաքապետարանի՝ պետական բյուջեի հատկացումներով այդ ամենն անել հնարավոր չէ՞։

Մեր բյուջեն ավելացվել է, այս տարվա բյուջեն կազմում է 679 մլն 165 հազար դրամ, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետին, առանց որևէ ենթատեքստի, քանի որ քաղաքապետին դիմել ենք աշխատակազմի աշխատավարձը բարձրացնելու համար, և նա ընդառաջել է։ Իմ նշանակումից մեկ ամիս անց բոլորի աշխատավարձերը բարձրացրել ենք։ Գրեթե բոլոր աշխատակիցներինը միջինում 100 տոկոս բարձրացվել է։ Որևիցե խնդիր չկա։

Կարգավորվե՞լ են մատակարարման հարցերը։

Այո, իհարկե։ Նախկինում մի քանի ընկերություններ եկել են, ուզեցել են ինչ-որ ձևով գին գցել, որ շահեն մրցույթը, բայց բոլորս էլ տեղյակ ենք, որ մեր մոտ տավարի մսի շուկայական արժեք 2000 դրամից բարձր է։ Իմ նշանակված օրվանից մեր կենդանիները սնվել են բացառապես իդեալական մսով, և այսօր մենք կատարում ենք ուղիղ գնում, կա քաղաքապետի հանձնարարականը և Կառավարության որոշումը, որով առաջնորդվում ենք, և այս պահին գնում ենք անում մեկ անձից։ Ովքեր հաղթել են և չեն մատակարարել, բոլորը գնում են սև ցուցակ։ Դրանից հետո նորից հայտարարվում է մրցույթ, բայց մենք չենք կարող կենդանուն ասել՝ դու 15-20 օր սոված սպասի, մինչև գնումները տեսնենք ինչ կլինեն, բոլորը օրենքով նախատեսված ընթացակարգեր են։ Հուսով եմ, որ մոտ օրերս կհայտարարենք մրցույթ, և պետք է մարդիկ գիտակցեն, որ չի կարելի գալ մրցույթի, գին գցել, դարձնել 840 դրամ և վերջում հրաժարվել, այգուն կանգնեցնել ֆորսմաժորային իրավիճակի առաջ։

Իմ համար առաջնայինը կենդանու առողջ սնունդն է, ստանում ենք համակցված կերեր, ձկնեղեն, մսեղեն։ Ովքեր բերում են, նորմալ բերում են, ովքեր չեն բերել, սև ցուցակ են ընկնում։

Բոլորս էլ գիտակցում ենք, որ գյուղացին, որ իր անասունը մորթում է, 2000-ից պակաս չի ծախում, ուր մնաց, որ այդ անասունը գնում է սպանդանոց, այնտեղ մորթվի, անցնի սանիտարահիգիենիկ փաստաթղթավորումը, և մենք մսի հետ ամեն օր ստանում ենք այդ փաստաթղթերը, որ մենք գիտենք, որ այդ միսը կարող է նաև մարդն ուտի։

Պրն Ղազարյան, Երևանի կենդանաբանական այգում մեծ թվով անկումներ են գրանցվել վերջին տարիներին։ Օրինակ՝ վերջին 5 տարիներին միջինում 100 անկում է գրանցվում, իսկ տոկոսային առումով կարելի է ասել՝ մեծ թվեր են կազմում՝ 9-18%: Որպես նոր տնօրեն՝ պարզե՞լ եք՝ ինչի հետևանքով են այս անկումները եղել, և ինչ միջոցներ եք ձեռնարկել այդ թվերը նվազեցնելու համար։

Անկեղծ ասած՝ որքանով ես տեղեկացվել եմ, դրանք բոլորը կերերի, ուտելիքի, ինչ-որ թունավորման դեպքերից են տեղի ունեցել։ Դրա մասով գնում է հետաքննություն, քննությունը կպարզի, մեղավորները կպատժվեն։ Այս պահի դրությամբ այգում չունենք հիվանդ կենդանի, չունենք սոված կենդանի, չունենք որևիցե խնդիր այգում։

Այդպես լինո՞ւմ է, որ այգում գոնե մեկ հիվանդ կենդանի չլինի։

Դե տարիքային հիվանդությունը դա նորմալ է, որ լինի, բայց այլ․․․․։ Այս պահին մենք ունենք պիթոն, որը ձվադրել է, նշանակումից հետո ծին ունենք։ Առյուծ է ծնվել, եղնիկներ են ծնվել։

Ի դեպ, առյուծի ձագի հետ քաղաքապետի և փոխքաղաքապետի նկարները լայն քննադատության արժանացան, ո՞վ էր թույլատրել կենդանուն կարանտինի ընթացքում նկարվել տարբեր մարդկանց հետ:

Սեփական փորձից ասեմ՝ եղել եմ ՀԱՀ-ում, այնտեղ կենդանաբանական այգում մարդը վճարում է, որ առյուծի փոքր ձագին գրկի, նկարվի։ Մեր առյուծը կարանտինային բաժնում չի գտնվել, կարանտինային ռեժիմում է եղել։ Եթե կարանտինային բաժնում չի գտնվում, ուրեմն կարելի է ձեռք տալ և սիրել։ Փոխտնօրենը մասնագիտորեն ձեզ կբացատրի։ Ես դրանում վատ բան չեմ տեսնում։ Փառք Աստծու, ինքը շատ առողջ է։

Մե՞կ ձագուկ էր ունեցել առյուծը։

Երկուսն էր ունեցել, մեկին չէր պահել, էդ մեկին էլ մենք հասցրինք հանեցինք։ Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, մեկին սատկացրել էր, մյուսին հասցրինք հանել:

Քա՞նի անգամ են պատվաստվում կաթնասունները։

Կենդանաբանական այգում պատվաստումներն արվում են։ Դա խնդրեմ՝ նեղ մասնագիտական գծով տեղակալի հետ զրուցեք, որովհետև ինքն ավելի լավ գիտի՝ ինչ նյութերով են պատվաստում։ Տարեկան պատվաստումները կան, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ արվում է` ըստ ժամանակի։

Դուք հետևո՞ւմ եք այդ ամենին։

Ես վստահում եմ բոլորին, բայց ստուգում եմ ինքս։

Այգու ախտահանում արվո՞ւմ է։ Ովքե՞ր են ախտահանումն իրականացնում։

Այգում շաբաթական երկու անգամ ախտահանիչ հատուկ նյութերով ազատավանդակները մաքրվում են, իդեալական վիճակում են։ Կխնդրեմ շրջեք այգում, ազատավանդակի դեմը կանգնեք և հոտը կզգաք, որ չկա, եթե նախկինում եղել եք և զգացել եք հոտը։ Ես օրական մի քանի անգամ շրջում եմ այգում։ Իմ անմիջական հսկողության ներքո է ախտահանումը։

Ախտանումը մեր աշխատակիցներն են անում, ովքեր որ խնամում են կենդանիներին, մտցնում են կենդանիներին ներս, ազատավանդակները լիովին ախտահանվում են, մի քանի ժամ պահում են ներսում, նոր թողնում են դուրս։

Ճիճվաթափում արվո՞ւմ է, ի՞նչ հաճախականությամբ։ Մեր տեղեկություններով, այգում առկա է ճիճվակրության բարձր ֆոն։

Ճիշտն ասած՝ ես դրա մասին տեղյակ չեմ։ Ինձանից հետո, որ անասնաբույժի հետ խոսում եմ, ասում է՝ ամեն ինչ արվում է, դեղորայքը տրվում է։ Բնական է, կեղտոտ ազատավանդակից է էդ ճիճուն առաջանում, կերերից, հիմա կերերն իդեալական են։ Բանան, կիվի, բանջարեղեն, կաղամբ։ Ճիճվաթափություն, իհարկե, արվում է։ Ես իմ դեմ խնդիր եմ դրել, որ մեր կենդանիները պետք է լինեն բացառապես առողջ, որովհետև այցելուներ են գալիս, և հաճելի չէ հիվանդ կամ նիհարած կենդանիներ ցուցադրել։

Մարդկանց ինչ-որ մի զանգված կար, որ ուզում էր այգու վրա ցեխ շպրտեր, բայց ես ասում եմ, որ փառք Աստծո և շնորհակալություն իմ կոլեկտիվին և ողջ անձնակազմին, որ մի ընտանիքի պես, սիրալիր են, որևիցե խժդժություն չկա, բոլորի հետ շփվում եմ մարդկային, ընկերական, հարազատական, ջերմ, որևիցե խնդիր չկա։

Բողոքի ակցիա անողները նախկին աշխատողներ էին, որոնց Դուք մեծ մասին կրկին աշխատանքի եք ընդունել։

Նույն աշխատողները հիմա էլ, չէ՞, պիտի բունտ անեին։

Հիմա ինչո՞ւ պիտի բունտ անեն, արդեն վերականգնվել են։

Հեռացնելու որոշումը նախկին տնօրենինն է եղել, ինչքանով է իրավաչափ, ինչքանով՝ ոչ, դա ես չեմ որոշում, այլ որոշել է նախկին տնօրենը, բայց ես կանչել եմ, զրուցել եմ, հասկացել եմ, իմ ներքին համոզմունքով հասկացել եմ, որ այս մարդն իրականում զրպարտության զոհ է դարձել, չգիտեմ, և վերցրել եմ աշխատանքի։ Կոնկրետ անասնաբույժի հետ է եղել, շատ նորմալ, շատ ակուռատնի, բանիմաց աշխատում է, մի քանիսն էլ, կոնկրետ անուններ չտամ, բայց բոլորն էլ իրենց աշխատանքը լավ գիտեն։

Պրն Մանվելյանը մեզ հետ զրույցում ասաց, կենդանիների կերաբաժինը ճիշտ կազմված չի եղել։ Այդ աշխատակիցները չե՞ն եղել կազմողները, հիմա ինչպե՞ս է կազմվում կերաբաժինը, ո՞վ է կազմում։

Էս պահին ռացիոնի խնդիր չունենք։ Ուտում են ռացիոնով, սնվում են ժամանակին։ Ռացիոնը կազմում է անասնաբույծը։

Բայց դա նույն անասնաբույծն է փաստորեն, որին աշխատանքի եք ընդունել, և որը նախկինում էլ է կազմել, որը, ըստ պրն Մանվելյանի, սխալ է եղել կազմված։

Ես չգիտեմ նախկինում ով է կազմել կամ որոշել, հիմա ամեն մարդ անում է իր աշխատանքը։ Անասնաբույծը ռացիոնը գրում է, գիտական գծով տեղակալի հետ, որը նախկինում չի եղել, քննարկում են, շրջում են, ռացիոնն ավելացնելու, պակասեցնելու, վիտամիններով հարուստ կերակրատեսակ տալու հարցերը քննարկում են, որոշում են։

Իսկ ո՞վ է վերահսկում, օրինակ՝ խորհուրդը վերահսկում է։

Բա իհարկե, ամեն օր մասնագիտական գծով տեղակալը և անասնաբույծը սննդի ժամին շրջում են, և բոլոր ավագ խնամողներն ապրանքը ստանալուց նայում են՝ ինչ ապրանք է գալիս, ինչ կերակուր է գալիս, ու տալիս են իրենց հասանելիք կերակուրը։ Որևիցե դժգոհություն չկա, որևէ խնդիր էս պահին չկա։

Այլևս կիսաքաղց չե՞ն մնում կենդանիները։

Ես կիսաքաղց կմնամ, կենդանին չի մնա։ Նախկինում ինչ է եղել, որևիցե պատասխան չեմ կարող տալ, մարտի 28-ից հետո ամեն ինչի համար ես պատասխանատու եմ։

Ձեր տնօրինության օրոք որևէ սնունդ փորձաքննության ենթարկվե՞լ է։

Քանի որ կասկածելի սնունդ չեմ ստացել, փորձաքննության չեմ ուղարկել։ Սնունդը որ գալիս է, սերտիֆիկատով է գալիս։ Եթե որևէ բան կասկածի տեղիք տա, մենք անմիջապես կդիմենք համապատասխան մարմիններին, կուղարկենք անալիզի և կստանանք դրա պատասխանը ու կհասկանանք՝ վնասակար էր, թե ոչ։

Այգում ի պահ են տրված թռչուններ, որոնք, մեր տեղեկություններով, աշխատողներից մեկին են պատկանում։  Հիմա էլ կա՞ն այդ թռչունները։

Ես այդպիսի տեղեկություններ չունեմ։

Գույքագրում արե՞լ եք։

Այս պահին գույքագրումը դեռ չի ավարտվել։ Եթե գույքագրումն ավարտվի, ես կփոխանցեմ տվյալները։ Ես նման խոսակցություններին տեղիք չեմ տալիս, որովհետև էս պահի դրությամբ ինչ կա այգում, բոլորը այգու սեփականությունն է։ Գույքագրելուց հետո, ֆիքսեցինք, ով է բերել, ինչի է բերել, կենդանին առողջ է, կենդանին լավ է, վարակ չունի, բոլորն այգու սեփականությունն է։

Հուսով եմ, այս շաբաթ կավարտենք գույքագրումը։ Չափագրման հետ խնդիր կար, դրանք էլ ենք գույքագրվում, դրա համար մի փոքր ձգձգվեց։

Ինչ-որ մարդկանց կամ կազմակերպությունների հետ պայմանագրեր չունե՞ք այգում ի պահ տրվող կենդանիների կամ թռչունների համար։

Ի պահ տալու պայմանագիր ունեինք կարապի համար։ Երկու կարապ կար, որը մի կազմակերպություն էր ի պահ տվել, դրանք վերցրել են։ Պայմանագրով մնացած ի պահ տրվածների մասին տեղեկություն չունեմ։

660 գլուխը որ նշեցիք սկզբում, դա գույքագրման արդյունք չէ՞ր։

Դա ապրիլի 4-ի տվյալ եմ ասել, բայց քանի որ չենք ավարտել, որովհետև արանքում եղել է անկում, եղել է ծին, մենք ավելի հստակ կտեղեկացնենք ձեզ։

Պրն Ղազարյան, մասնագետներից ոմանք ասում են, որ փիղը և գետաձին հոգեբանական խնդիր ունեն, որովհետև փոքր տարածքում են ապրում։

Իսկ ով է որոշել, որ նրանք հոգեբանական խնդիրներ ունեն, որևիցե խնդիր չկա։ Գերմանիայից վերջերս մասնագետ էր եկել, տեսավ, արյուն վերցրեց, շատ առույգ, երիտասարդ նորմալ փիղ է։ Տեսանելի ապագայում ունենալու ենք իդեալական տեսակներ, ազատավանդակներ։ Հենց դառնանք ԵԱԶԱ-ի (Եվրոպական Կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի) լիիրավ անդամ, իրենք մեզ կնվիրեն։

Կենդանիների առևտրի մասին ի՞նչ կարծիք ունեք։

Անկեղծ ասած՝ եթե մարդ իրա բուծարանում աճեցնում է ու վաճառում, ես դրան նորմալ եմ վերաբերում, դա մարդու բիզնեսն է։ Դա իմ սեփական կարծիքն է։ Բայց ինչ վերաբերում է սենց պարագաներին, բնականաբար, պետք է ․․․հիմա ինչ վատ կլիներ, եթե Դուք հնարավորություն ունենայիք ընձուղտ առնել և նվեր տայիք Կենդանաբանական այգուն։

Կարո՞ղ եք պահել ընձուղտ։

Իհարկե կարող ենք և կստեղծենք էդ ամեն ինչը։ Եթե պրն Ծառուկյանը նվիրել էր, շատ սխալ են արել, որ չեն ընդունել։ Ես ողջունում եմ և շնորհակալություն կհայտնեմ, եթե նվիրեր մեզ։

Պրն Մանվելյանն ասաց, որ այգում նեղ մասնագետների կարիք կա։ Այս պահին լուծե՞լ եք այդ հարցը, թե դեռ մասնագետների կարիք, այնուամենայնիվ, կա։

Այդ խնդիրը միշտ էլ կա, և պետք է վերապատրաստենք։ Ամենակարևորը, անասնաբույժին ենք ուզում ուղարկել Գերմանիա, որ գնա, փորձի փոխանակում, նեղ մասնագիտական գիտելիքները ձեռք բերի, որովհետև բոլորս էլ գիտենք, որ օր օրի, ժամ ժամի դեղորայք է փոխվում, ինչ-որ բան կատարելագործվում է։ Մենք էլ ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետ։

Այս պահին այգու հրատապ ի՞նչ խնդիրներ կան, որ պետք է լուծեք։

Ամեն օր կա խնդիր։ Հիմա կլինիկայի սարքավորումներին ենք սպասում, բացի դրանից, պիտի այնպես լինի, որ նաև այլ տեղի կենդանիներին սպասարկել կարողանանք։ Օրինակ՝ եթե դուք ունեք շուն կամ սողուն, որը հիվանդ է, բերեք այգի, վճարում կատարեք օրենքով նախատեսված կարգով, և գումարը գնա այգուն, այգին էլ այդ ծառայությունը մատուցի։

Զարգացման ինչպիսի տեսլական ունեք այգու համար՝ հատկապես, որ առաջատար այգիները վերապրոֆիլավորվում են, դառնում են գիտական կենտրոններ: Օրինակ՝ 5 տարի հետո այգին ինչպիսի՞ն պիտի լինի Ձեր պատկերացմամբ։

Արդեն այգուն կից ունենք կառավարման խորհուրդ, և այդ հարցը նույնպես քննարկվել է անցած նիստում։ Սկսած նեղ մասնագետներից, ասենք՝ անասնաբույժներին պետք է ուղարկենք Գերմանիա վերապատրաստման, խնամողների համար էլ պիտի սեմինարներ կազմակերպենք, արտերկրից հրավիրենք մասնագետների, որպեսզի գան և ավելի մասնագիտորեն սովորացնեն՝ ինչպես խնամել կենդանիներին, ինչպես շփվել գիշատիչների, սողունների հետ։

Մարդիկ՝ ծնող, երեխա, երիտասարդ, ահել, թե ջահել կլինի, որ գալիս են այգի, պետք է ոչ թե կենդանի տեսնելու գան, այն էլ՝ սակավաթիվ կենդանիներ, այլ իմ պատկերացմամբ, պետք է ունենանք լավ կենդանիներ, բազմացնենք, ԵԱԶԱ-ի շրջանակներում փոխանակումներ և նվիրատվություններ անենք։ Հիմա ունենք փիղ, գետաձի, իրենք մենակ են, ուզում ենք ավելացնել, ազատավանդակները մեծացնենք, ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան տարածք, որպեսզի կարողանան մեզ նվիրատվություն անել։ Ունենք, օրինակ, ամուրյան վագր, որին քնեցրինք, պետք է ունենանք լավ ազատավանդակ, որպեսզի կենդանին իրեն ավելի ազատ զգա։ Ինքս եղել եմ սաֆարիում՝ ՀԱՀ-ում, մենք էինք վանդակի մեջ, ոչ թե կենդանիները, որովհետև վանդակով մեքենաներով շրջում էինք, իսկ իրենք ազատության մեջ էին։ Բնականաբար, մեր տարածքը 35 հա-ից մի փոքր ավելին է, էդքանի մեջ չենք կարողանա մեքենայի մեջ շրջել, ավելի շատ էստեղ պիտի զբոսնելով տեսնենք, վայելենք, նստենք, հանգստանանք, օտվենք WiFi-ից։ Մի խոսքով, ես ուզում եմ, որ Կենդանաբանական այգին լինի հանգստի վայր, ոչ թե միայն կենդանաբանական այգի։

ՊՈԱԿ -ների մասին օրենքով ՊՈԱԿ/ՀՈԱԿ ղեկավարելու համար պիտի ունենաս նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում։ Ձեր կենսագրությունում այսպիսի աշխատանքային փորձ չկա, վերջին աշխատանքը թաղապետն է, դրանից առաջ՝ թաղապետի տեղակալ։ Այս պարագայում օրինակա՞ն է Ձեր այստեղ աշխատելը։

Ես խնդրում եմ այդ հարցով դիմեք Երևանի քաղաքապետարան։ Չեմ կարծում, որ քաղաքապետարանը 1 մմ շեղումով ինձ նշանակեր այս պաշտոնին։ Առաջարկություն եղել է, ես չեմ հրաժարվել, և ասեմ Ձեզ՝ շատ դժվար, ծանր աշխատանք է, բայց ես դժվարությունից չեմ վախենում։ Մեկը պիտի լիներ, որ մտներ այս ամենի տակ և իդեալական, փայլուն կատարեր այդ աշխատանքը։ Չեմ ասում, որ խնդիրներ չկան, խնդիրներ շատ կան, բայց օր օրի, ժամ ժամի դրանք լուծելով գնում ենք առաջ։ Ինչ վերաբերում է նշանակմանը, դիմեք քաղաքապետարան, իրենք Ձեզ հստակ կտան դրա պատասխանը։ Ես մոտ 3 տարվա վարչական շրջանի ղեկավարի փորձ ունեմ։

Մեկնաբանություններ (3)

Վարդան
Մարդ կա քաղաքապետարանի հիմնարկի ղեկավար ա բայց տոտո-գեիմինգի ստաժ ունի 🤣🤣🤣
Սադոյան Կարեն
Նույն վիճակում էլ կանաչապատումն է։ Քաղաքապետը իրա ծանոթներին բերում ու ասում ա թե բա Ավինյանն ա ասել.... Կարծես հատուկ հակաՊՌ է անում
Տիգրանո Իսպանյոլլա
Ինչի մնացած հիմնարկների նշանակումները ճի՞շտ է արված։ Քաղաքապետարանը սարքել են Հրաչի ընկերների լռվցնելու տեղ, իսկ մասնագիտությունը հեչ, սենյակները փակում ու ԲԼՈՏ են խաղում... ու մենք դեռ հարկեր ենք մուծում։ Նաև ում որտեղ չեն կարում տեղավորել ի վերջո բերում են Հրաչի մոտ ու մի լավ պաշտոն տալիս։ Քաղաքը ավերված վիճակում է բոլոր ոլորտների առումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter