HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանը զորավարժություններ է սկսում Թայվանին հարակից ծովային վեց շրջաններում

Չինաստանը հայտարարել է, որ օգոստոսի 4-7-ը զորավարժություններ կանցկացնի Թայվանին հարակից ծովային վեց շրջաններում։ Այդ մասին հայտնում է Новая газета-ն՝ հղում անելով չինական Սինհուա գործակալությանը։

Չինաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գերատեսչությունը գտնվում է մարտական բարձր պատրաստվածության վիճակում և պատրաստվում է, որպես հակազդիչ միջոց, զորավարժությունների շարք սկսել։

Հիշեցնենք, որ ասիական այս տարածաշրջանում լարվածությունը պայմանավորված է մոտ երեք ժամ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի Թայվան այցելության հետ։ Նրա օդանավը վայրէջք էր կատարել Թայվանի մայրաքաղաք Թայբեյի օդանավակայանում։ 

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ քննադատել էր Փելոսիի այցը Թայվան։ Գերատեսչությունը հայտարարել է, որ դա «սխալ ազդակներ» է փոխանցում անջատողական ուժերին, որոնք ձգտում են «Թայվանի անկախացմանը»։ 

Ինքը՝ Փելոսին պնդում է, որ իր այցը չի հակասում Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը։

Երևանի ժամանակով մոտ 18:00-ին Փելոսիի օդանավը մտել էր Թայվանի ՀՕՊ գործողության գոտի։ Դրանից մոտ կես ժամ անց չինական Су-35 կործանիչները հատել էին Թայվանի նեղուցը և շարժվել Թայբեյի ուղղությամբ, գրում էր CGTN-ը։

Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին հուլիսի 30-ին պաշտոնական այցով մեկնել էր Արևելյան Ասիայի մի շարք երկրներ։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում էին, որ Փելոսիի օրակարգում ներառված է նաև Թայվանը, ինչը չէր հաստատում ամերիկյան վերնախավը։ Այդ լուրերի ֆոնին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր ամերիկացի գործընկերոջը կոչ էր արել հրաժարվել այդ քայլից, որը կարող է սրել Թայվանի շուրջ իրավիճակը։ Ավելի ուշ, Չինաստանը հայտարարեց, որ զորավարժություններ է սկսում Թայվանի ափերի մոտ։

Փաստացի, Նենսի Փելոսին դարձավ վերջին 25 տարիներին ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որն այցելեց խաղաղօվկիանոսյան այդ կղզի։ Վերջին անգամ 1997 թվականին այցով այնտեղ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը։

Թայվանը 1949 թվականից ինքնավար է, սակայն աշխարհի երկրների մեծ մասը նրա անկախությունը չի ճանաչում։ Չինաստանը Թայվանը համարում է իր պրովինցիաներից մեկը։ ԱՄՆ իշխանությունները ճանաչում են «միացյալ Չինաստանի» քաղաքականությունը, սակայն կապեր են պահում Թայբեյի վարչակազմի հետ։

Լուսանկարը՝ Չինաստանի ՊՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter