
Արայիկ Հարությունյան․ «Որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում»
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը: Այս մասին Արցախի նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` նշել եմ, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն:
Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Պաշտպանության բանակի դիրքերի ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրի ուղղությամբ նռնականետեր, ականանետեր և հարվածային ԱԹՍ-ներ են կիրառել, ինչի հետևանքով զոհվել է 2 զինծառայող, 14-ը տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։
Մեկնաբանել