HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Փյունիկը» 0։5 հաշվով պարտվեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 0։5 հաշվով պարտություն կրեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»: Հանդիպումը տեղի ունեցավ Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումն ընթացավ «Ցրվենա Զվեզդայի» խաղային առավելությամբ, թեպետ տարածքային առավելություն թիմերից և ոչ մեկը չուներ։ «Փյունիկը» ամբողջությամբ չէր սեղմվել սեփական դարպասներին, պարբերաբար գրոհներ էր կազմակերպում, սակայն մեր թիմին առաջին կեսում չհաջողվեց լրջորեն սպառնալ սերբական թիմի դարպասին, իսկ «Ցրվենա Զվեզդան» արդյունավետ էր եզրափակում իր գրոհները։ Հանդիպման հաշիվը բացվեց 29-րդ րոպեին։ «Փյունիկի» անկյունայինի խաղարկումից հետո դաշտի տերերը արագ հակագրոհի նետվեցին և Օսման Բուկարին շրջանցելով «Փյունիկի» պաշտպանին և դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին գրավեց անպաշտպան դարպասը։ 35-րդ րոպեին սերբերը երկրորդ գնդակն ուղարկեցին Հայաստանի չեմպիոնի դարպասը, աչքի ընկավ Կինգս Կանգվան։ Շարունակելով հաջողությունը՝ 44-րդ րոպեին «Ցրվենա Զվեզդան» հաշիվը դարձրեց խոշոր, Օսման Բուկարին դուբլ ձևակերպեց։ 

Կարելի է ասել, որ երկրորդ խաղակեսն անցավ առաջինի սցենարով։ «Փյունիկը» մի քանի սուր գրոհներ անցկացրեց, սակայն դրանք արդյունավետ հարվածներով չէին ավարտվում։ Փոխարենը Սերբիայի չեմպիոնը երկրորդ կեսի ընթացքում կարողացավ մեծացնել իր առավելությունը: 70-րդ րոպեին կրկին Օսման Բուկարին գրավեց «Փյունիկի» դարպասը, իսկ 8 րոպե անց Ստեֆան Միտրովիչը խփեց իր թիմի 5-րդ և այս հանդիպման վերջին գնդակը։ 

Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Դիմակայության հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլում կխաղա «Մաքքաբի» Հայֆա - «Ապոլոն» Լիմասոլ զույգի հաղթողի հետ (առաջին խաղում «Մաքքաբին» հաղթել է 4։0 հաշվով

Իհարկե, արդեն հասկանալի է, որ «Փյունիկը» չի կարող հաղթահարել «Ցրվենա Զվեզդայի» արգելքը։ Այդ դեպքում Հայաստանի չեմպիոնը կհայտնվի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլում, որտեղ կդիմակայի «Վիկտորյա» Պլզեն - «Շերիֆ» Տիրասպոլ զույգի պարտվողին (առաջին խաղում հաղթել է «Վիկտորյան» 2։1 հաշվով

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթահարեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը, իսկ երկրորդ փուլում պայքարից դուրս թողեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»՝ դառնալով պատմության առաջին հայկական ակումբը, որը դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter